ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.05.2017 20:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Գամառջոբա: Ի՞նչ եք կարծում, ինչն է ահավոր սպառնալիք մեր հարեւան եւ բարեկամ Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Չկռահեցիք, դա հին, բարի «ՄԱՇԱՆ ԵՎ ԱՐՋԸ» մուլտֆիլմն է, որը վրացի երեխաները սիրում են նույնքան, որքան էլ այլ ազգերի երեխաները: Եվ ահա Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավան հանդես է գալիս զարմանալի հայտարարություններով, թե այդ մուլտֆիլմը ռուսական «փափուկ ուժի» դրսեւորում է, որի օգնությամբ ռուսները կգրավեն իրենց: Բայց ամենազարմանալին այն է, որ նախարարը հայտարարեց` ռուսական այդ մուլտֆիլմը խոչընդոտում է նաեւ Վրաստանում անգլերենի տարածմանը: Այդ միտքը նախարարին «կաթացրել» է մասնավորապես American Councils միջազգային կազմակերպությունը, որը ձգտում է աշխարհում տարածել անգլերենը: Զարմանալի է, թե ինչու հանկարծ նախարարը մտահոգվեց ոչ թե վրացերենի, այլ` անգլերենի դիրքերով: Ախր, գրողը տանի, մենք միշտ հայրենի օտարամոլների աչքը կոխում ենք վրացիների օրինակը, որ իրենց երկրում ու, մասնավորապես, Թբիլիսիում բոլոր ցուցանակները բացառապես վրացերեն են, եւ վրացիները թքած ունեն` արդյո՞ք օտարերկրացին կկարողանա դա կարդալ: Դե ինչ, իհարկե, վրաց նախարարի վարքագիծը բացի զարմանքից, նաեւ տարակուսանք է առաջացնում:
Երբ ԱԺ ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանը հստակորեն արտաբերեց ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԻ տերմինը, ճիշտն ասած, ուրախացանք, որ իրերն իրենց անունով են կոչվում: Մանավանդ, որ դրանից մեկ օր առաջ հայատառ թերթում տեսանք թշնամական զզվելի խզբզանք` ընդդեմ մեր բանակի եւ Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումներին: Թերթը կոչվում է «Հրապարակ», եւ այդտեղ ոմն Սյուզան Սիմոնյան կեսէջանոց հարցազրույց է վերցնում «ավագ լեյտենանտ Ն.-Ն.»-ից, որը չգիտես իրականում գոյություն ունի, թե` ոչ, եւ նյութը կոչվում է «Իրենց սահմանը պահող չէ պետք, այլ օլիգարխների ունեցվածքի պահակ», ու այդ խորհրդավոր «ավագ լեյտենանտը» պնդում է, թե երկու տարի ժամկետային ծառայության փոխարեն երեք տարի պայմանագրային առաջարկելը դավադրություն է. «Հավատացեք, ես 100 տոկոսով համոզված եմ ու վստահ` կեսից շատերի գլուխները վերջում կուտեն: Դա իրենց ձեռագիրն է, վերջում կսարքեն, թե իբրեւ զոհվել են, ու փողերը չեն տա, վերջում էլ, թե ինչ դուրս կգա, բոլորս էլ շատ լավ գիտենք: Դրանք շատ վտանգավոր խաղեր են, վայն եկավ դրանց մեջ ընկնողին»: Ինչ է սա, եթե ոչ մաքուր թուրքաադրբեջանական քարոզչություն, եւ վերջապես երբ է պետությունը զբաղվելու այդպիսի բաներ տարածողներով: Ու նաեւ հռետորական հարց` այդ կես էջի համար ադրբեջանական մանաթո՞վ է վճարվել, թե` թուրքական լիրայով:
Մայիսի 26-ին լինելու է ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ գործով առաջին դատական նիստը, եւ պարոն Սէֆիլյանը քրեակատարողական հիմնարկից որոշել է զորակցել Զարուհի Փոստանջյանին. «Մեր զորակցությունը հայտնելով Զարուհի Փոստանջյանին եւ նրա դստերը` իրենց ազգային-քաղաքացիական խիզախության ու սկզբունքայնության համար եւ շուտափույթ ապաքինում ցանկանալով նրանց, այսուհետեւ գործող համակարգի ներսում եւ նրա կանոններով քաղաքական գործունեություն իրականացնող ուժերին ու անհատներին, հայտարարում ենք ցեղասպան գաղութային վարչակազմի գործակալներ, իսկ մյուսներին կոչ ենք անում համախմբվել ազգային-ազատագրական պայքարի դրոշի ներքո եւ ժողովրդին ոտքի հանել ու պատրաստվել ընդվզման»: Այն, որ ընդդիմադիրը ընդդիմադիրին կզորակցի, դա նորմալ է, բայց ապշելու չափ զարմանալի է պարոն Սէֆիլյանի կիրառած բառապաշարը: Այդ մարդն ինչքան է քաղաքական իրական կյանքից հետ ընկել, որ դեռ օգտագործում է այդպիսի նաֆթալինոտ բառապաշար: Գոնե թերթ տրամադրեք, որ տեղյակ լինի, թե ինչ է կատարվում, ու այդպիսի հայտարարություններ չանի:
Ինչպես հայտնի է, նախորդ գումարմանը ԱԺ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ եկել էր ՀԱԿ խմբակցության կազմում, սակայն հետո Լեւոն Ակոպիչի հետ դարձել են «շուն ու կատու»: Դե, հիմա խորհրդարանում ՀԱԿ-ի փոխարեն «Ելքն» է, ու օրինաչափ հարց է, ինչով են իրարից տարբերվում: Այդ հարցադրմանը զարմանալի դիպուկությամբ պատասխանում է քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը. «Ինչո՞վ են իրարից տարբերվում ԵԼՔ-ն ու ՀԱԿ-ը. կարծում եմ` ոչնչով: Բացատրեմ. երկուսն էլ հերթական գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը սկսեցին բոյկոտով, ինչը ոչ այլ ինչ է, քան պոպուլիզմի ակնհայտ դրսեւորում: Ո՞րն է, օրինակ, բոյկոտելու իմաստը, Նիկոլ Փաշինյանը չէ՞ր ուզում լսել նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը: Իսկ միգուցե, Նիկոլ Փաշինյանին հիշեցնե՞մ, որ ժամանակին հենց Սերժ Սարգսյանի հայտարարած համաներմամբ ինքը դուրս եկավ բանտից: Եվ եթե նա այդքան սկզբունքային էր, ինչո՞ւ ընդունեց նախագահ Սարգսյանի հայտարարած համաներումը, թող մերժեր ու սկզբունքորեն շարունակեր մնալ կալանավայրում` իր կատարած հանցանքի համար»:   
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА