ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պահանջում ենք, որ Բրիտանիայի դեսպանը Հայաստանը շուտափույթ լքի»

19.05.2017 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Պահանջում ենք, որ  Բրիտանիայի դեսպանը  Հայաստանը շուտափույթ լքի»

Այս օրերին ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածքում ողջ օրը Մեծ Բրիտանիայի պետական դրոշի փոխարեն, առաջին հերթին ծածանվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս ԼԳԲՏ համայնքի դրոշը: Սա դժգոհության լայն ալիք բարձրացրեց հանրության շրջանում եւ անգամ «Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն անձամբ գնացին դեսպանատուն եւ պահանջեցին, որպեսզի ծիածանագույն դրոշը իջեցնեն, սակայն ապարդյուն: Մեծ Բրիտանիայի դեսպանատունը շարունակեց համառորեն գերադասել լեսբիների, գեյերի, բիսեքսուալների դրոշն իր երկրի պետական դրոշից: Թե ինչ քայլեր է պատրաստվում այս ուղղությամբ անել «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, «Իրավունքը» հետաքրքրվեց շարժման ղեկավար ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:

–Մայիսի 19-ին, ժամը` 12:00-ին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: Առաջին հերթին պահանջելու ենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպանը հրապարակային ներողությամբ հանդես գա, եւ երկրորդ`  պահանջելու ենք իր հրաժարականը: Մենք կարծում ենք, որ այդպիսի դիվանագետի գլխավորությամբ` չպետք է գործի Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, որը չի հարգում մեր երկրի արժեքները, որոնք մեր հասարակության մեծամասնությունը կիսում է, ինչն իրենք շատ լավ գիտեն: Այդպիսի վրիպումներ դեսպանների կողմից չեն լինում, սա հատուկ քարոզչություն էր եւ անհարգալից վերաբերմունք մեր հասարակության նկատմամբ: Մենք բոլորս գիտենք, որ, այսպես կոչված, ԼԳԲՏ համայնքի ոչ ֆորմալ դրոշն է ծածանվում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջեւ, եւ այդ դրոշը, բնականաբար, արտացոլում է ԼԳԲՏ համայնքի շահերը: Իսկ դա համարվում է քարոզչություն: Մինչդեռ 1961 թվականին ընդունված Վիեննայի կոնվենցիայում կոնկրետ նշված է, թե ինչով պետք է զբաղվեն միջազգային, դիվանագիտական ներկայացուցչություններն այն երկրներում, որտեղ իրենք գտնվում են: Առաջին հերթին` նրանք պետք է զբաղվեն երկրների միջեւ բարեկամական եւ դիվանագիտական հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ, բայց ոչ մի տեղ չկա գրված, թե դեսպանատունը պետք է զբաղվի պրոպագանդայով, այն էլ այսպիսի: Ավելին` վերջերս եղավ զեկույց նույն Եվրամիության կողմից, որտեղ ասված էր, որ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում այն երկրների շարքում, որոնք չեն ընդունում, այսպես կոչված, «արժեքները», ինչը խորհրդանշում է վերոնշյալ դրոշը (նույնիսկ չեմ էլ ուզում օգտագործել այն բառերը, որոնք այսօր շատ նորմալ են դարձել մեր խոսքի մեջ): Եվ մեր պահանջն ինչքան ուղղված է Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, այդքան էլ ուղղված է մեր ԱԳՆ-ին: Մենք պահանջելու ենք, որ ԱԳՆ-ն սթափ գնահատական տա այս ամենին եւ բողոքի նոտա ուղարկի Բրիտանիայի դեսպանատուն: Թող կանչեն դեսպանին եւ հասկացնեն, որ այս երկիրը այն երկիրը չէ, որտեղ պետք է նման քարոզչությամբ զբաղվել: Այլապես ստացվում է, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատան համար դիվանագիտությունը դարձել է քաղաքական եւ այլ շահերի դրսեւորման միջոց, ինչը ամբողջությամբ դեմ է դիվանագիտական էթիկային:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА