ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓՆ ԷԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՉՍԻՐԵՑ

19.05.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓՆ ԷԼ ԷՐԴՈՂԱՆԻՆ ՉՍԻՐԵՑ

Էրդողանի վաշինգտոնյան այցի ու Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նկատմամբ Թուրքիայում ուշադրությունը առավել քան մեծ էր: Եվ դա հասկանալի է նաեւ, հաշվի առնելով, թե, մասնավորապես՝ թուրքական լրատվամիջոցները այցի հետ կապված ինչ խնդիրներ էին տեսնում: Ամենագլխավորը. հենց Թրամփ-Էրդողան հանդիպման հետ էին կապում, որ միայն այն, թե հետայսու ինչ ուղղությամբ կզարգանան Ամերիկա-թուրքական հարաբերությունները, այլ մինչեւ իսկ բուն Թուրքիայի ապագայի հարցը:
ՇԵՖԻ ՀԻՍԹԵՐԻԱՆ ՀԱՍԱՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ 
Էրդողանը եւս անորոշության մեջ էր, ինչը, կարծես թե նրան նյարդայնանալու աստիճանի անհանգստացնում էր: Համենայնդեպս` փաստը, որ Էրդողանի թիկնապահների միջոցով մինչեւ իսկ հարձակում իրականացվեց այցի դեմ ակցիա կազմակերպած հայերի, քրդերի ու այլոց նկատմամբ, այդ նյարդայնացումից բխող հետեւանքի տպավորություն է թողնում: Ու նկատենք, որ այդ կերպ «ունքը շտկելու փոխարեն՝ աչքն էլ հանեցին». Էրդողանի թիկնապահների այս խայտառակ արարքը այնպիսի աղմուկ բարձրացրեց ամերիկյան լրատվական դաշտում ու հանրության մեջ, որ դրանից հետո նույնիսկ Թուրքիայի նախագահին սովորականից ջերմ ընդունելու դեպքում՝ Թրամփն ինքն իր գլխին հերթական մեծ աղմուկը կսարքեր: Երբ առանց այդ էլ Կոնգրեսում սկսել են խոսել իմպիչմենտի մասին:
Բացի այդ, այցի նախօրեին էլ Անկարան արգելեց գերմանական Բունդեսթագի պատգամավորական խմբի մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա ¥որտեղ նաեւ գերմանական ուժեր են տեղակայված¤, որն էլ իր հերթին հսկայական աղմուկ առաջացրեց: Կատաղության աստիճանի հասած կանցլեր Մերկելը մինչեւ իսկ հայտարարեց, որ Ինջիրլիքի փոխարեն Գերմանիան պատրաստվում է տեղակայվել մեկ այլ ռազմաբազայում՝ Հորդանանում: Կվարվի՞ այդպես, կտեսնենք: Բայց կոնկրետ դեպքում Էրդողանը նաեւ ՆԱՏՕ-ի ներսում նման ծանր բախում, այսինքն՝ Թրամփի համար նոր գլխացավանք առաջացրեց: Իսկ դա եւս պետք է, որ իր էֆեկտն ունենար նաեւ վաշինգտոնյան բանակցությունների վրա: Չնայած, Մերկելի հայտարարությունը, թերեւս, Էրդողանի համար նաեւ ակնարկ էր, որ ԱՄՆ-ի համար եւս Ինջիրլիքն ինչ-որ անփոխարինելի հասկացություն չէ, եւ պետք եղավ, Վաշինգտոնը ռազմաբազայի այլ վայրեր եւս կգտնի՝ Թուրքիայի համար դրանից սպասվող անցանկալի հետեւանքներով հանդերձ: 
Եվ եթե այս ամենին ավելացնում ենք նաեւ այն փաստը, որ թուրք-ամերիկյան հարաբերություններն այն ոչ հեռանկարային փուլում են, որ վաշինգտոնյան այցից ինչ-որ էական սպասումների կանխատեսումներ առանց այդ էլ չկային, ապա Թրամփ-Էրդողան փաստացի հանդիպման արդյունքները, ինչ խոսք, սպասելի էին: 

ԶՐՈՅԱԿԱՆԻՆ ՄՈՏ 
ԱՐԴՅՈՒՆՔ 
Նկատի ունենք, որ հանդիպումից հետո տեսանելի չդարձավ որեւէ  հանգամանք, որը կակնարկեր, թե գոնե որոշ հարցերում Թրամփն ու Էրդողանը լեզու են գտել: Ավելին, միայն այն, որ նախագահների սպասվող առանձնազրույցը հագեցված եւ ծանր օրակարգի պարագայում անգամ կես ժամից էլ պակաս տեւեց, արդեն իսկ ակնարկում է զրոյականին մոտ արդյունավետության մասին: Ճիշտ է, փոխադարձ սիրալիրություններ հնչեցին, Էրդողանը նույնիսկ Թրամփին ընտանյոք հանդերձ Թուրքիա հրավիրեց: Բայց մեկ բան միանշանակ է. գլխավոր հարցի շուրջ լուծում չի ուրվագծվել: Խոսքը՝ քրդերի մասին է...
Էրդողանի հիմնական նպատակը, ինչ խոսք, Թրամփին սիրիական քրդերին օգնելուց ետ պահելն էր: Բայց ինչքան էլ նաեւ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ասուլիսում Էրդողանը խոսում էր սիրիական քրդերի մասին, ակնհայտ էր, որ Թրամփը նույնիսկ չէր ցանկանում այդ թեմային անդրադառնալ: Ավելին, նույնիսկ Էրդողանի այցի ընթացքում ամերիկյան տարբեր աղբյուրներ առանց խոսքը կտուրը գցելու էին արտահայտվում, թե քրդերը Սիրիայում ԱՄՆ հիմնական դաշնակիցն են եւ ուր որ է կգրավեն Իսլամական պետության մայրաքաղաք համարվող Ռաքքան, եւ ԱՄՆ-ն պետք է համակողմանիորեն օգնի նրանց: Էրդողանը փորձում էր այլ կերպ արձագանքել. «Մենբիջից ¥Թուրքիային սահմանակից սիրիական տարածաշրջան՝ Եփրատ գետից արեւմուտք, որը ԻՊ-ից ազատագրելուց հետո զբաղեցնում են քրդերը- Հեղ.¤ դուրս գալու մասին էին խոսում, բայց դա էլ չեղավ, մինչեւ հիմա տեղում են: Մենբիջը եւ Ռաքքան ԻՊ-ի ոչնչացումից հետո ո՞ւմ կողմից է հսկվելու: Տեղի բնիկները ովքե՞ր են, իհարկե՝ արաբները: Արդյոք դուք տեղափոխելո՞ւ եք քրդերին: Ուրեմն դա նշանակում է արաբ-քրդական նոր պատերազմ...»: 
Էրդողանի առաջարկ-սպառնալիքը հասկանալի է: Եթե պատերազմից հետո էլ քրդերը մնան Սիրիայի այն բոլոր տարածքներում, որոնք այս պահին զբաղեցնում են, ապա դա բավարար տարածաշրջան է նույնիսկ անկախ պետություն հռչակելու համար: Այսինքն՝ ըստ Էրդողանի, քրդերը պետք է ԻՊ-ին հաղթեն ու հետո իրենց բոլոր ձեռքբերումները ետ տան: Հակառակ դեպքում, Էրդողանը խոստանում է Սիրիայում նոր պատերազմ սարքել: Բայց խնդիրը նաեւ այս երեսն ունի. նույնիսկ ցանկանալու դեպքում Վաշինգտոնը կարո՞ղ է քրդերին պարտադրել՝ այդ բոլոր տարածքներից դուրս գալ: Ներկայումս  քրդերը Սիրիայում միանգամայն մարտունակ ուժ են, հրաշալի զինված: Նաեւ տեսնում են, որ իրենց տասնամյակների երազանքը մոտ է իրականանալուն, եւ ավելին՝ որ եթե այս անգամ էլ չիրականացնեն, ապա նման պատմական հնարավորություն մեկ էլ ե՞րբ կունենան: Այսինքն՝ եթե անգամ ԱՄՆ-ն պահանջի այդ տարածքները լքել, քրդերը հազիվ թե համաձայնվեն: Իսկ ուժային ճնշման լծակներ Վաշինգտոնն այդ հատվածում չունի:
Փոխարենը զուգահեռաբար հնչեց Մոսկվայի այն հիշատակումը, որ ռուսները սերտ կապեր ունենալով քրդերի հետ, այնուամենայնիվ, դեռ զերծ են մնում նրանց զենք մատակարարելուց: Ու նաեւ դա էր Թրամփ-Էրդողան բանակցությունները տանում փակուղի: Այսինքն, եթե Վաշինգտոնը համաձայնվեր քրդերին օգտագործելու եւ հետո՝ դեն շպրտելու Էրդողանի շանտաժ-առաջարկի հետ, ապա Մոսկվան այդ դեպքում կարող է արդեն զերծ չմնալ քրդերին սպառազինելուց: Էրդողանի համար դա միգուցե ավելի վատ տարբերակ լինի, քան ամերիկացիների կողմից քրդերին օգնելը, հաշվի առնելով, որ ի տարբերություն ՌԴ-ի, ԱՄՆ-ը Սիրիայում ունի սահմանափակ ռազմաքաղաքական հնարավորություններ: Իսկ Թրամփի համար Մոսկվայի նման հայտարարությունը հիշեցում էր, որ Էրդողանի շանտաժին ընդառաջ գնալը Վաշինգտոնին միայն խոստանում է ոչինչ չստանալով, մի բան էլ կորցնել քրդերի հետ դաշինքը: Վերջապես՝ այցից անմիջապես հետո ԱՄՆ-ում արդեն սենատորների եւ այլ պաշտոնյաների մակարդակով սկսեցին խոսել Էրդողանի թիկնապահների ջարդարարությունը դատապարտելու մասին: Էրդողանն էլ Վաշինգտոնից վերադառնալիս հայտարարեց՝ «Ռաքքայում մենք նրանց կողքին անելիք չունենք»: Այս փաստերն արդեն վերջնականապես է ցույց տալիս, որ այցը, ինչպես եւ սպասվում էր, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում գործնական տեղաշարժերի չի բերելու:

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԲԱՔՎԻՑ
Այսպիսով, կարելի է կռահել, որ Թուրքիան դեռ կպահպանի ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ այս ու այն կողմ նետվողի իր ներկայիս վիճակը: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ տարածաշրջանային հարցերում Անկարան դեռ մնում է թույլ, իրադարձությունների ետեւից շարժվողի վիճակում: Իսկ Հայաստանի համար դա կարեւոր է նաեւ նրանով, որ նման իրավիճակում նվազագույն մակարդակի վրա են մնում «փոքր եղբորը»՝ Ադրբեջանին օգնելու Թուրքիայի հնարավորությունները:
Բայց գանք Ադրբեջանին, ով երկու-երեք օր առաջ ԱԳ նախարար Մամեդյարովի շուրթերով առաջ էր քաշում «Հող՝ խաղաղության դիմաց» ծրագիր, այսինքն՝ Հայաստանից պահանջում էր միակողմանի զիջումներ, սպառնալով, թե կհարձակվի՝ այն համեմելով հայաստանյան զինտեխնիկայի վրա հրթիռային հարձակմամբ: Պատասխանը, որը ստացավ Բաքուն, այնքան ծանր էր, որ չնայած հայկական կողմի ներկայացրած տեսագրությանը, գերադասեցին իրենց հայտնի կենդանու տեղ դրած՝ հայտարարել, թե որեւէ կորուստ չեն ունեցել: Լավ, իրենց գործն է, թե ինչ կհայտարարեն: Բայց, փոխարենը, նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արդեն քաղաքական տեսանկյունից ֆիքսեց, որ «Հող՝ խաղաղության դիմաց» կամ նման այլ սխեմաներ Բաքուն լավ կանի, որ բացառի: Այսինքն` հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես «փոխզիջման հիման վրա, այլ ոչ թե միակողմանի զիջումների` տեղի տալով ադրբեջանական սպառնալիքներին, թե հակառակ դեպքում պատերազմն անխուսափելի է...»: Ընդ որում, ՀՀ նախագահը նաեւ բանակցային մեկ այլ փակագիծ մի փոքր բացեց. «Հստակ ու ակնառու ուրվագծվում է, թե ինչպիսի տեսք է ունենալու արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորումը, ինչի վերաբերյալ անկեղծության պոռթկման պահին Ադրբեջանի նախագահը հրապարակավ խոստովանել էր, որ միջնորդներն իրեն պարտադրում են ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
Այն, որ այդ պարտադրանքից խուսափելու համար է հատկապես վերջին ժամանակներս Ալիեւը գնում տարբեր քաղաքական եւ ռազմական ավանտյուրաների, հայտնի բան է: Հայտնի է նաեւ, որ Ալիեւի խոստովանած այդ «միջնորդների պարտադրանքը» գնալով միայն սրվում է՝ մոտեցնելով վերջնական պատասխանի պահը... Հայկական այս վերջին պատժիչ հարվածին Բաքուն կփորձի՞ պատասխանել՝ շարունակելով առաջ տանել «Հող՝ խաղաղության դիմաց» իր շանտաժը, դեռ կտեսնենք: Սակայն այս պահին էլ տեսանելի չեն այն նախանշանները, որոնք կհուշեն, որ իր սպառնալիքը գործադրելու՝ պատերազմի գնալու դեպքում Բաքուն կհասնի իր համար դրական իրավիճակային փոփոխության: Առավել եւս այն բանից հետո, երբ «մեծ եղբայր» Էրդողանը վաշինգտոնյան այցից հետո Ալիեւին օգնության հասնելու հարցում նման լուրջ խնդիրներ ունի: Իսկ Ադրբեջանն էլ մի այնպիսի ծանր ֆինանսա-տնտեսական փուլ է մտել, երբ անգամ Ղազախստանն է սկսել ԱԳ նախարարի մակարդակով անհանգստություն հայտնել ղազախական կենսաթոշակային կուտակային համակարգի կողմից ադրբեջանական բանկերում ներդրված 220 միլիոն դոլարի ճակատագրի հարցով՝ վախենալով այդ փողերի կորստից: Չմոռանանք՝ կենսաթոշակային միջոցները հիմնականում ներդրվում են ամենակայուն ընկերություններում, եւ հիմա ստացվում է, որ ադրբեջանական ժամանակին կայուն բանկերը նման ռիսկային գոտում են: Այս իրավիճակում Ալիեւն ի՞նչ քայլերի կգնա... Չնայած՝ գուշակություններ չանենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА