ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

19.05.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է  ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի նախօրեին հանգուցալուծվեց ինտրիգը, թե ովքեր են ԱԺ նախագահը, փոխնախագահները, խմբակցությունների ղեկավարներն ու քարտուղարները: Բոլորի համար անսպասելի էր, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրվեց Արա Բաբլոյանը: Սակայն դա ունի իր տրամաբանությունը, եւ կարելի է ասել` շախմատային ճշգրիտ հաշվարկը: Եվ, ի դեպ, իշխող կուսակցության առաջնորդի օրինակին` լուծումը ներկայացնել վերջին պահին, կամա թե ակամա հետեւեցին նաեւ ընդդիմադիր խմբակցությունները: 
ԻՆՉ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ
Արա Բաբլոյանը երբեւէ չի եղել ՀՀԿ գործադիր մարմնի եւ ընդհանրապես վերնախավի ներկայացուցիչ, չի զբաղեցրել մեծ լծակներ ապահովող պաշտոններ: Այսինքն` նա այդ առումով, որպես պաշտոնյա, նոր դեմք է: Ըստ ամենայնի, կադրային այդ լուծումը Սերժ Սարգսյանի հերթական քայլն է` ՀՀԿ ներքին բարեփոխումը շարունակելու եւ կադրային թարմացումներ կատարելու: 
Ինչ խնդիրներ է լուծում հենց այսպիսի կադրային նշանակումը, որն առանցքային է խորհրդարանական կառավարման պայմաններում: Նախ` Արա Բաբլոյանը տարիներով ձեւավորված կապեր` ՀՀԿ վերնախավի այլ ներկայացուցիչների հետ չունի, եւ խոսքը նաեւ խնամիական եւ այլ կապերի մասին է: Նա գործնականում այդ վերնախավի ներկայացուցիչների հետ փոխադարձ պարտավորություններ էլ չունի, այսինքն` այդ տեսանկյունից կաշկանդված չէ իր քայլերում: Միաժամանակ նա չի պատկանում ՀՀԿ-ի ներսում առկա ենթաթիմերից եւ ոչ մեկին, եւ նրա պաշտոնավարումը նշանակում է նաեւ ներկուսակցական կայունացում: Մինչդեռ եթե ԱԺ նախագահ ընտրվեր ենթաթիմերից որեւէ մեկի ներկայացուցիչը, դա կհանգեցներ մյուս ենթաթիմերի խանդին, կստեղծեր որոշակի լարվածություն եւ մրցակցության ոչ կառուցողական, ինտրիգային դրսեւորումների կհանգեցներ: Իսկ այսպես Արա Բաբլոյանը հավասարապես «հեռու» է այդ բոլոր ենթաթիմերից: 
Այդ տեսանկյունից նաեւ կարեւոր է, որ նորընտիր ԱԺ նախագահը եւ վարչապետ Կարեն Կարապետյանի ենթաթիմի ներկայացուցիչ չէ, ինչը թույլ կտա խորհրդարանին առավել անկաշկանդ հարաբերվել կառավարության հետ, առավել արդյունավետ վերահսկել նույն կառավարության գործունեությունը եւ նվազագույնի հասցնել լճացման եւ կառավարության նախապատրաստած փաստաթղթերի «դակելու» ռիսկերը: 
Իսկ դա շատ կարեւոր է այն հանգամանքում, երբ ԱԺ ընդդիմադիր ուժերին դեռեւս դժվար է համարել լիովին կայացած ընդդիմություն: Ծառուկյան դաշինքը, որպես խորհրդարանական երկրորդ ուժ, շատ ու շատ չափանիշներով հեռու է ընդդիմությանը ներկայացվող պահանջներից, իսկ «Ելք» դաշինքին դեռեւս բնորոշ է նախորդ շրջանից մնացած այնպիսի «ձախական» հիվանդությունը, ինչպիսին է պոպուլիզմին չափազանց շատ տուրք տալը: Եվ օրենսդիր ու գործադիր իշխանության միջեւ հավասարակշռություն ապահովելը, ըստ էության, ընկնում է ՀՀԿ-ի ուսերին: 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱԳԻԾԸ
Խորհրդարանական իր մեկնարկը բավականին արտասովոր ձեւով սկսեց «Ելքը»` բոյկոտելով նիստի այն մասը, որի ընթացքում խորհրդարանին ողջույնի ուղերձով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանը, եւ որի ընթացքում տեղի է ունեցել պատգամավորների երդման արարողությունը: Այսինքն` «Ելքը» այդպես էլ մնաց երդում չտված ու ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալուց հետո էլ չդիմեց նախագահողին` կազմակերպելու իրենց երդումը: Դա փոքր-ինչ տարօրինակ է, քանզի երդումը պարտավորեցնում է ծառայել ոչ թե իշխանությանը, այլ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերին, ու դրանից խուսափելը մի տեսակ այդքան էլ հաճելի չի նայվում:
Որոշակի ցուցադրականության տարրեր կան եւ Ծառուկյան դաշինքի վարքագծում: Այսպես, դաշինքի առաջնորդը բավականին անփույթ եւ իմիջիայլոց ոտքի կանգնեց այն պահին, երբ պատգամավորները ճանապարհում էին դահլիճից դուրս եկող ՀՀ նախագահին: Իսկ երբ նախագահողը ընթերցում էր պատգամավորների անուն-ազգանունները, Գագիկ Ծառուկյանը եղավ միակը, ով ոտքի չկանգնեց: Նաեւ ինչ-ինչ ենթատեքստեր կարող է ունենալ եւ այդ խմբակցության ներկայացուցիչներ Իշխան Զաքարյանի եւ  Խաչիկ Մանուկյանի բացակայությունը առաջին իսկ նիստին... 
Իսկ ինչ վերաբերում է անդրանիկ քվեարկությանը ԱԺ նախագահի ընտրության ժամանակ, ապա Ծառուկյան դաշինքն ընտրեց «ոչ մերոնց, ոչ ձերոնց» տարբերակը, որոշակի քանակով ձայներ տալով Արա Բաբլոյանին  եւ շատ քիչ ձայներ տալով Էդմոն Մարուքյանին, ինչի առնչությամբ արժանացավ «Ելք» դաշինքի կշտամբանքին: Պարզ է, որ վճռական պահերին հենց Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները կապահովեն այն լրացուցիչ քվեները, որոնք պետք կգան ՀՀԿ-ին` որակյալ մեծամասնությամբ որոշ քվեարկություններն անցկացնելու համար: Խոշոր հաշվով, այդ խմբակցությունում քիչ չեն նաեւ բացարձակապես ապաքաղաքական տարրերը, ում ավելի շուտ հետաքրքրում է սեփական բիզնես-շահը, քան ընդդիմադիր գործունեության տրամաբանությունը: Եվ երեւի թե նաեւ պատահական չէր, որ ԱԺ անդրանիկ նիստի նախօրեին լրատվական դաշտում հանկարծ վերաթարմացվեց ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնը ստանձնող Միքայել Մելքումյանի` 2012-ի նմուշի կոռուպցիոն սկանդալը: 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 
ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
Ուշագրավ էր Սերժ Սարգսյանի ուղերձի հենց սկզբնամասը, որով, ըստ էության, փոխվեց բաժանարար գծերի տեղաբաշխումը, եւ այն չի համընկնում իշխանություն-ընդդիմություն գծին. «Մենք այսօր պայքարի երկու ճակատ ունենք` մեկն արտաքին թշնամին է, մյուսը` ներքին: Արտաքին թշնամուն լավ ենք ճանաչում, գիտենք նաեւ նրա դեմ արդյունավետ պայքարելու ձեւերն ու եղանակները: Փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու սպաներին, փառք ու պատիվ այսօր սահմանին կանգնած մեր զինվորին ու սպային: Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին: Ներքին թշնամին, որոշակի մտածողությունն ու որոշակի երեւույթներ են: Այդ երեւույթներից ամենավտանգավորը, թերեւս, անարդարությունն է: Անարդարությունը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որը հյուծում ու թուլացնում է պետությունը, որը վերացնում է ապագայի նկատմամբ հավատը, թուլացնում է պետության նկատմամբ սերը, պետությունից վանում է իր հազարավոր զավակներին: Ուստի մենք այսօր, առավել քան երբեւէ, պայքարի մեկ այլ ճակատ ունենք, որտեղ հաղթանակը ոչ պակաս կարեւոր է: Մենք այսօր պատերազմի նոր փուլ ենք հայտարարում անարդարությանը»:  
Բայց շարունակությունը էլ ավելի հետաքրքիր էր: Երկրի նախագահը խոսեց 50 տարվա հեռանկարային ծրագրեր կազմելու անհրաժեշտության մասին ու նաեւ ներկայացրեց այն ցուցանիշները, որոնց հարկ է հասնել մինչեւ 2040 թվականը: Այսպես. «1990-2015 թվականների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն 2 միլիարդ 257 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 10 միլիարդ 529 միլիոն ԱՄՆ դոլարի` աճելով մոտ 4.7 անգամ: 2016-2040 թվականների ընթացքում եւս մենք պետք է ապահովենք միջինը տարեկան մոտ 5 տոկոս ՀՆԱ աճ եւ հասնենք ավելի քան 57-60 միլիարդ դոլար ՀՆԱ ցուցանիշի` ապահովելով մոտ հինգ եւ կես անգամ աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2015 թվականի մոտ 3500 ԱՄՆ դոլարից նախատեսվում է 2040 թվականին հասցնել մոտ 15000 ԱՄՆ դոլարի` հաշվի առնելով ինչպես ՀՆԱ աճի տեմպերը, այնպես էլ ժողովրդագրական իրավիճակի ծրագրավորված բարելավումները»: 
Եվ այդպես, նա անդրադարձել է գործնականում բոլոր ոլորտներին, ու Սերժ Սարգսյանի խոսքը էապես ավելին էր, քան ԱԺ-ին ուղղված ուղերձ: Կարելի է ասել, որ այդ ուղերձը նաեւ գրեթե պատրաստի կառավարության ծրագիր էր, իսկ ժամանակաշրջանի տեսակետից այդքան ընդգրկուն լինելը տրամաբանական է դարձնում ենթադրությունը, որ Սերժ Սարգսյանը պետության ղեկին է մնալու նաեւ 2018-ի ապրիլից հետո, երբ սպառվում են նրա նախագահական լիազորությունները եւ ամբողջական անցում է կատարվում մաքուր խորհրդարանական կառավարմանը: 
Ի դեպ, պատահական չպետք է համարել նաեւ այն, որ հենց խորհրդարանի աշխատանքի մեկնարկին պաշտոնապես տեղի ունեցավ պաշտպանության երկու փոխնախարարների` Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի նշանակումը: Ըստ էության, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ստանում է ՊՆ-ում երկու հուսալի հենարան` փոխնախարարներ, ովքեր տարիների ընթացքում ԱԺ-ում ապացուցել են ՀՀԿ գաղափարախոսությանը նվիրված լինելու հանգամանքը: 
Իսկ բաժանարար գծերի տեղափոխումը եւ առաջին անգամ շրջանառության մեջ «ներքին թշնամի» կատեգորիան մտցնելը նշանակում է նաեւ, որ զուտ հատվածական-կլանային շահերով առաջնորդվողներին սպասվում են ոչ այնքան քաղցր ժամանակներ: Թերեւս, ոչ այնքան քաղցր ժամանակներ են սպասվում եւ այլեւայլ 5-րդ շարասյուներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА