ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հովսեփ Նալբանդյան. «Մեզ վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներում»

18.05.2017 16:30 ՄՇԱԿՈՒՅԹ ԱՐՑԱԽ
Հովսեփ Նալբանդյան. «Մեզ վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներում»

Օրերս Արցախի հանրապետության պետական համալսարանում հյուրընկալվել եւ դասախոսությամբ հանդես է եկել լոսանջելեսաբնակ հայ գրականագետ, մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ ՀՈՎՍԵՓ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ:

Հանդիպմանը ներկա էին գրականագետներ, հայոց լեզվի եւ գրականության մասնագետներ, ուսանողներ,: Բացման խոսքում համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ներկայացնելով հասարակական գործչի հետաքրքրության եւ գործունեության ոլորտները, բարձր է գնահատել ԱՄՆ-ում հայոց լեզվի եւ հայ գրականության պահպանման եւ տարածման գործում ունեցած նրա դերակատարությունը. «Հ. Նալբանդյանն առանձնանում է նաեւ բարեգործական գործունեությամբ: Նրա հովանավորությամբ հրատարակվել է  «101 աղոթք հիշատակի» վերտառությամբ աշխատությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին եւ արցախյան պատերազմի նահատակներին: Նախորդ տարի՝ նաեւ «Բառը սահմանի վրա» գիրքը, որտեղ տեղ են գտել Արցախի գրական ընտանիքի տարբեր սերունդների ներկայացուցիչների գեղարվեստական գործեր` արձակ եւ չափածո, ինչպես նաեւ արցախյան բանահյուսության նմուշներ»,- ասել է Վ. Յարամիշյանը:

Հովսեփ Նալբանդյանը խոստովանել է, որ գիրքը տարածելը, արժեւորելը համարում է իր հիմնական աշխատանքը:

Սփյուռքում ապրող եւ ստեղծագործող մտավորականն իր դասախոսությունը նվիրել էր առավելապես սփյուռքահայության ներկայիս վիճակին, հայապահպանության խնդիրներին` կարեւորելով ազգային մշակույթի եւ հայ գրքի ու գրականության  դերն առհասարակ այդ գործում:

 «Մեզ վերածնունդ է հարկավոր բոլոր բնագավառներում». այսպիսին է Հ. Նալբանդյանի մոտեցումը Արցախում, Հայստանում եւ Սփյուռքում տիրող ներկայիս վիճակի բերալավման վերաբերյալ:

 «Բոլորս մեր անձնական շահերը պաշտպանելուց զատ, պիտի ձգտենք զարգացնել եւ ամրապնդել  մեր ազգային հավաքական գիտակցությունը,-համոզված է նա: Այսօր Սփյուռքում ապրող 8 միլիոն հայության մեկ երրորդը հայ չէ, քանի որ նրանք կապ չունեն հայկականության եւ հայի արմատների հետ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք ունենք անելու, ուրեմն՝ միասին կերտենք մեր ապագան, որպեսզի սերունդները ոչ միայն հպարտանան, այլեւ հզորանան»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА