КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 24. 04. 2018 : :
Կառավարությունը վերջերս որոշում է ընդունել, ըստ որի մինչեւ տարեվերջ Լեզվի պետական տեսչությունը պետք է լուծարվի, որը մինչեւ այժմ համարվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը: Այս մասին «Իրավունքը» պարզեց լեզվաբան, մանկավարժ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ տեսակետը: Մեր զրուցակիցը նախեւառաջ նշեց, որ Լեզվի պետական տեսչությունը կարեւոր գործառույթ ունի:
- Օրինակ՝ ՀՀ պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկում եւ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովում, ՀՀ ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովում եւ այլն: Այլ հարց է, որ այն մինչեւ այժմ եղել է գրեթե չգործող, իր գործառույթները ոչ պատշաճ կատարող կառույց: Բայց եթե մի բան լավ չէ, ոչ թե պետք է այն վերացնել միանգամից, այլ փորձել բուժել, փոփոխել: Մեր պետական լեզուն վտանգված է մեր երկրում: Ու եթե չլինի պետական հոգածություն, հետեւանքները շատ վատ կլինեն: Իմ կարծիքով՝ լեզվի տեսչությունը եւ Հայերենի բարձրագույն խորհուրդը պետք է գործեն միասին՝ մեկ կառույցի մեջ: Վերջինիս հիմնական գործառույթը լեզվական օրինաչափությունների մշակումն ու հղկումն է գիտական մակարդակով, իսկ լեզվի տեսչությունը պարտականություն ունի այդ ամենը կիրառելի դարձնել:
Ըստ իս, Հայաստանում կան մի շարք բարձրակարգ մասնագետներ, որոնց միասնական ջանքերով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի: Պարզապես, մեր երկրում խնդիրն այն է, որ որոշ ոլորտներում աշխատում են մարդիկ, որոնք, մեղմ, ասած, հեռու են իրենց աշխատանքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ