ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

17.05.2017 21:30 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց, կանանց եւ երիտասարդական հավաքականներն այս օրերին Ուկրաինայում ուսումնամարզական հավաք են անցկացնում: Մեր թիմերը պատրաստվում են մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի առաջնություններին: Հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանը եւ Արտաշես Ներսիսյանը թիմերի կազմերում ընդգրկել են Սիմոն Մարտիրոսյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին, Ռուբեն Ալեքսանյանին, Սամվել Գասպարյանին, Արմեն Գրիգորյանին, Կարեն Մարգարյանին, Կարեն Ավագյանին, Հրայր Հովհաննիսյանին, Հակոբ Մկրտչյանին, Ժորժ Եղիկյանին, Դավիթ Հովհաննիսյանին, Սոնա Պողոսյանին, Արփինե Դալալյանին, Տաթեւ Հակոբյանին եւ Աննա Գովելյանին: 
Մինչ ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությունը, ծանրորդները մի քանի ուսումնամարզական հավաքներ եւս կանցկացնեն. 2-3 հավաք Հայաստանում, դրանից հետո՝ Կազանի մարզաբազայում: Վերջին հավաքը նախատեսվում է անցկացնել հենց ԱՄՆ-ում: 
Իսկ աշխարհի առաջնությունից առաջ տեղի կունենան Համաշխարհային ուսանողական խաղերը, որին Հայաստանը անպայման ներկայացուցիչներ կունենա: Այս մրցաշարը եւս մեկ ստուգատես կարող է լինել աշխարհի առաջնությունից առաջ: 
Եվրոպայի առաջնության արդյունքներով (1 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ), ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը փորձում է լավագույն մարզավիճակին հասցնել մարզիկներին` առաջիկա կարեւոր ստուգատեսին ընդառաջ: Սիմոն Մարտիրոսյանը, Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով, ապացուցեց, որ անգամ իր միջին մարզավիճակով իր քաշային կարգում միշտ լուրջ ասելիք ունի աշխարհի առաջնությունում. Մարտիրոսյանից սպասելիքները դարձյալ ոսկե կլինեն: Անշուշտ, հայ ծանրորդն իր կամային ու ֆիզիկական որակներով մշտապես ֆավորիտ է մրցաշարերում, անկախ երիտասարդ տարիքից, որը նաեւ փորձի պակաս կարող է ենթադրել: 
Գոռ Մինասյանի ու Ռուբեն Ալեքսանյանի արծաթե եւ բրոնզե մեդալները նույնպես խոսում են այն մասին, որ մեր օլիմպիական ծանրորդները թիմի այն կորիզն են, որոնց վրա դրված է մեդալներ նվաճելու պարտականությունը ցանկացած մրցաշարում: 
Կանանց հավաքականում իրավիճակը փոքր-ինչ բարդ է: 75 կգ քաշային Սոնա Պողոսյանն ու 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել էին բրոնզե մեդալներ, ինչն իհարկե հաճելի անակնալ էր: Սակայն թիմում հիմնականում երիտասարդ կադրեր են, որոնք փորձառության խնդիր ունեն: Այսինքն՝ լուրջ սպասելիքներ ունենալու, աշխարհի ուժեղագույն մարզուհիների հետ ոտք մեկնելու համար պետք է ժամանակ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА