ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անդրեասյանը դեռ չի վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

16.05.2017 12:28 ՍՊՈՐՏ
Անդրեասյանը դեռ չի վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը

«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ակումբի դեմ, քանի որ իր աշխատավարձն ամբողջությամբ չեն վճարել: Մայիսի 15-ին, կայացել է 1-ին նիստը, սակայն այն հետաձգվել է մինչեւ հուլիս, քանի որ «Արարատի» իրավաբանը չի ներկայացել, եւ բացի այդ՝ ակումբը հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Ակումբի իրավաբանը ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց, բոլոր խաղացողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձերը: Բացի Նորայր Գրիգորյանից՝ աշխատավարձի հետ կապված խնդիրները չլուծած ակումբից հեռացել են նաեւ Գեւորգ Նռանյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահեն Մարտիրոսյանը, Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան:

«4 ամսվա աշխատավարձերի կեսերը եւ հոկտեմբերի աշխատավարձն ամբողջությամբ չէին վճարել: 2016 թ. հոկտեմբերի վերջում գնացինք՝ ստանալու օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներինը: Ասացին, որ սեփականատերն ասել է՝ մաքսիմում աշխատավարձը ակումբում դառնալու է 600 դոլար: Ես 1200 դոլար եմ ստանում, Անդրեասյանի հետ եմ պայմանավորվել աշխատավարձիս հարցում: Օգոստոս-սեպտեմբերինը վերցրինք: Մայիս, հունիս ամիսների համար ասացին՝ չգիտեն կտան, թե՝ ոչ, եթե անգամ տան, ապա 50%-ով կրճատված: Հետո Գեւորգ Նռանյանին, ինձ, Գորիկ Խաչատրյանին, Վահե Մարտիրոսյանին, Կիրիան Նվաբուեզեին, Ումարու Կաինային կանչեցին, ասացին՝ որոշել են տալ, էլի կեսը, բայց եթե ստորագրեք, որ իրենցից պարտք ու պահանջ չունենք: Շանտաժի դիմեցին, որ, եթե չստորագրենք, ընդհանրապես չեն տա: Մենք էլ մոտ 6 ամիս աշխատավարձ չէինք ստացել (մայիսից հետո միայն հուլիսն էինք ստացել ամբողջությամբ), մենք էլ բնականաբար ընտանիք ենք պահում, չկարողացանք ասել՝ ո՛չ»,- պատմեց Նորայր Գրիգորյանը:

Ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելիս ղեկավարները պայմանագրում քիչ գումար են գրում, իսկ բանավոր խաղացողներին խոստանում են վճարել ավելի շատ. Գրիգորյանի դեպքում՝ ամսական 1200 դոլար: Գրիգորյանին «Արարատ» ակումբը պարտք է ընդհանուր առմամբ 3600 դոլար՝ մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների աշխատավարձերի 50%-ը եւ հոկտեմբեր ամսվա աշխատավարձն ամբողջությամբ:

Գրիգորյանը նշում է, որ իր եւ մյուս ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու որոշումը պատկանում է թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս մեղքը բարդում է ակումբի սեփականատերեր Վարդան Սրմաքեշի եւ Հրաչ Կապրիլյանի վրա: Գրիգորյանն ընդգծում է, որ անգամ ակումբի տնօրեն Արթուր Մինասյանը ոչինչ չի կարող անել Անդրեասյանի որոշումների դեմ, պարզապես ենթարկվում է դրանց, քանի որ սեփականատերերը նրան վստահում են եւ արտոնություններ են տվել:

«Այս ամենի կազմակերպիչն Անդրեասյանն է, նրա որոշումներն են: Նա մեզ ասել է՝ ճիշտ է՝ ակումբի տնօրենն Արթուր Մինասյանն է, բայց որոշումներ կայացնողը ես եմ: Մինասյանի հետ կապված մենք խնդիր չունենք, նրանից ոչինչ կախված չէ, այս որոշումներն Արկադի Անդրեասյանինն են: Բոլոր որոշումներն ինքն է կայացնում, բայց փաստաթղթերով՝ ընդամենը մարզիչ է, որպեսզի իր վրա ոչ մի պատասխանատվություն չլինի. հիմա դիմել եմ դատարան, եթե դատարանը տնօրենին կանչի, նա տնօրենը չէ, հնարավոր է՝ դատարանը պաշտոնական, իրավաբանական անձի կանչի, բայց Անդրեասյանը կապ չունի»,- ասաց նա:

Այս դեպքի հետ կապված իրենց խնդիրները մասամբ լուծել էին «Արարատի» արտասահմանցի խաղացողները՝ կամերունցի Ումարու Կաինան եւ ամերիկացի Կիրիան Նվաբուեզեն: 2 ֆուտբոլիստները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ պատրաստ էին նույնիսկ ՖԻՖԱ դիմել: Նրանք ստացել են իրենց աշխատավարձի կեսը եւ հիմա խաղում են «Շիրակում»: Գեւորգ Նռանյանն «Ալաշկերտում» է, Գորիկ Խաչատրյանը եւ Վահե Մարտիրոսյանն այլեւս ֆուտբոլ չեն խաղում: Վերջին 3 ֆուտբոլիստները գործին ընթացք չեն տվել:

Նյութի աղբյուրը` Armtimes.com-ի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА