ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ  ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ  ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ

12.05.2017 22:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՕՆԼԱՅՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ  ՊԱՏՈՒՀԱՍ ԵՆ ԴԱՐՁԵԼ  ՀԱՅ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԳԼԽԻՆ


Գնալով ավելի մեծ տարածում գտնող օնլայն բազմազան եւ բազմապիսի խանութները հիմնականում սպառողին հրապուրում են իրենց համեմատաբար ցածր գներով: Չնայած` այդպես էլ պետք է լիներ, հաշվի առնելով, որ օնլայն հարթակը մի շարք հարկատեսակներից եւ ապրանքի վերջնական արժեքի վրա ազդող այլ ծախսերից զուրկ է:
Բայց ահա, չնայած այդ առավելություններին, օնլայն հարթակը լի է բազում կեղծիքներով: Ամենակարեւորը՝ գնորդը մինչեւ ապրանքի ստանալը պատկերացում անգամ չունի, թե իրականում ինչ է ստանալու: Վերջերս մեզ դիմած ուսանողուհ Մանեն օնլայն խանութներից իր դժգոհությունը մեկնաբանեց նրանով, որ՝ նախ պատվիրված ապրանքը 2-3 շաբաթ ուշացնում են: Եվ հաճախ էլ ստացած ապրանքը կա՛մ պատվիրածը չի լինում, կա՛մ էլ ամբողջությամբ վնասված է լինում: Որպես օրինակ Մանեն մատնանշեց իր պատվիրած վերնաշապիկը, որը վնասված է եղել եւ պիտանի չի եղել հագնելու համար: Մանեն փորձել է խնդիրը լուծել օնլայն խանութի ներկայացուցիչների հետ, սակայն նրանք հրաժարվել են նորն ուղարկել կամ վճարված գումարը վերադարձնել՝ պատճառաբանելով, որ վերնաշապիկը, հնարավոր է, վնասվել է փոխադրման ճանապարհին կամ գնորդի կողմից  ստանալուց հետո: Սա էլ այն դեպքում, երբ այն Հայաստան է բերվել ամբողջությամբ փաթեթավորված վիճակով: 
Մանեի հետ կատարվածը, միանշանակ, բազում օրինակներից մեկն է: Ավելին, թե օնլայն խանութների քանի գնորդ է նույն վիճակում հայտնվել, որքան էլ փնտրեցինք, նույնիսկ համապատասխան վիճակագրություն չգտանք: Իսկ դա նշանակում է, որ պետությունը գործնականում ձեռք է քաշել այդ ուղղությունից, թեեւ հատկապես դրսի հետ օնլայն առեւտուրը նաեւ պետությանն է զգալի վնասներ հասցնում:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանի խոսքով` արտերկրի օնլայն խանութներից գնումներ կատարելուց առաջ հայ սպառողը նախ եւ առաջ պետք է մանրամասն ուսումնասիրի գնումների պայմանագիրը, տեղեկանա իր ամբողջական իրավունքներին եւ գիտակցի մեկ բան, որ խնդիրների ծագման դեպքում իր երկրում որեւէ մեկն իրավասու չէ պաշտպանել իր իրավունքները. «Եթե գնված ապրանքը վնասված է եւ տնտեսվարողը հրաժարվում է այն ընդունել, ապա տվյալ պարագայում հայ սպառողը ինքնուրույն պետք է պաշտպանի իր իրավունքները: Այսինքն` արտասահմանում գործող տնտեսվարողի նկատմամբ մեր երկիրը չունի ազդեցություն եւ որեւէ ռեսուրս, որը կկարողանա կիրառել: Արտասահմանյան օնլայն խանութներից օգտվող սպառողը պետք է գիտակցի, որ այդ դեպքում ինքը գործ ունի երկու տնտեսվարող սուբյեկտների հետ միաժամանակ: Առաջինն այն է, որից կատարում է գնումներ, իսկ երկրորդը` պատվիրված ապրանք փոխադրողը: Եթե խնդիրներ են առաջանում, սպառողը հստակ պետք է տարանջատի` ո՞վ է մեղավորը»,- մեզ հետ զրույցում նշեց Բ. Պիպոյանը եւ հավելեց, որ ապրանքի  գնման պահին ռիսկերն ավելի մեծ են, քան փոխադրման, քանի որ տեղափոխվող ապրանքները նախ` մեծ մասամբ փաթեթավորված են լինում, բացի այդ, փոխադրողը գործունեություն է ծավալում գնողի երկրում եւ այս դեպքում որոշ չափով հնարավոր է իրավունքները պաշտպանել, եթե, իհարկե, պարզվի, որ ապրանքը վնասվել է փոխադրման ընթացքում: 
Ըստ մեր զրուցակցի, այս դեպքում նույնիսկ որեւէ գործողություն չի կարող իրականացնել ՀՀ Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը. «Արտերկրում,  հատկապես ԱՄՆ-ում, սպառողների իրավունքների պաշտպանվածությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, եթե այդ երկրներից են պատվիրում եւ կանգնում փաստի առաջ, ուրեմն մեղքը պատվիրատուինն է, ով լավ չի ուսումնասիրել գնման պայմանները»: 
Բայց փաստն այն է, որ արդյունքում տուժում են ՀՀ քաղաքացիները, որոնց շահերը պաշտպանելու պարտավորություն ունի մեր պետությունը: Մի խոսքով, դեռ կփորձենք պատկան կառույցներից պարզել, թե ի՞նչ ելք են տեսնում այս իրավիճակից:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА