ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԴՐԲԵՋԱՆԻ  ԹԻՐԱԽԸ ՀԱՅՆ Է»

12.05.2017 22:15 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԱԴՐԲԵՋԱՆԻ  ԹԻՐԱԽԸ ՀԱՅՆ Է»


Վերջին 2-3 օրերի ընթացքում ադրբեջանական հիսթերիան հասել է իր գագաթնակետին: Այդ թվում՝ մայիսի 9-ին Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիները փորձել են հայերից խլել Արցախի դրոշը եւ խոչընդոտել տոնական երթը, ինչը, բնականաբար, անպատասխան չի մնացել:  Եվ այդ պատմությանն էլ հետեւեց  Արցախի Թալիշի ուղղությամբ ադրբեջանական որոշակի ակտիվացումը, այդ թվում՝ լրագրողական մեքենայի գնդակոծումը: 
Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական հիսթերիան: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ.
- Պետք է նկատել, որ այդ բախումներն ու բռնությունները, որպես կանոն, տեղի են ունենում ազգային ու պետական նշանակության տարբեր միջոցառումների ժամանակաշրջանում: Ի տարբերություն ադրբեջանցիների, որոնք, որպես կանոն, բավական ագրեսիվ կեցվածք ունեն եւ հիմնականում հանդիսանում են բախումների հրահրող կողմը, հայկական կողմը խուսափում է նման առճակատումներից: Սակայն միեւնույն ժամանակ նշենք, որ հայերը, դժբախտաբար, շատ հաճախ են տեղի տալիս ադրբեջանցիների կողմից իրականացվող սադրանքներին ու ադրբեջանցիների հետ հայտնվում, այսպես կոչված, «միջազգային արդարադատության» միեւնույն հարթության վրա` որպես բախման կողմ, ինչը ճիշտ մոտեցում չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է մոտենալ նաեւ մայիսի 10-ին արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում տեղի ունեցած միջադեպին, երբ հակառակորդի կողմից գնդակոծության ենթարկվեց հայ լրագրողական խումբը փոխադրող մեքենան: Պետք է արձանագրել, որ Ադրբեջանի հասարակությունում ալիեւյան կլանի որդեգրած հայատյացության սերմանման անհեռանկար քաղաքականությունը տալիս է իր բացասական հետեւանքները: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ ադրբեջանական հասարակությունում, այնուհանդերձ, կան հատվածներ, որոնք հստակ գիտակցում են ալիեւյան վերնախավի անհեռատես ու փակուղային քաղաքականության բացասական հետեւանքները եւ օբյեկտիվորեն կողմ են ժողովուրդների միջեւ երկխոսության հաստատմանը: 
Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ նկատեց.
- Ադրբեջանի վարած այս քաղաքականությունը մեզ համար նորություն չէ, օգտագործում են յուրաքանչյուր առիթ` վնասելու հայ մարդուն. նրանց թիրախը հայն է: Թշնամանքը արմատավորված է ոչ միայն իշխանական, այլեւ՝ ժողովրդի  շրջանում, որովհետեւ 25 տարուց ավելի է, ինչ հակահայկական հիսթերիան Ադրբեջանում իրականացվում է ամենաբարձր մակարդակներում: Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում տեղի ունեցած բախումները նույնպես պատահականություն չեն, որովհետեւ վերջին շրջանում թե՛ միջազգային կառույցների առանձին գործիչների, թե՛ առանձին սենատների կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը Ադրբեջանին ավելի է կատաղեցնում: Ադրբեջանը հաշվի չի առնում` ԶԼՄ է, թե սովորական քաղաքացի, նրանց համար միեւնույնն է` թիրախը հայն է: 
Ադրբեջանագետ ԱՇՈՏ ՄՈՎՍԻՍԻՅԱՆ.
- Ադրբեջանում շատ զգայուն են ընդունում մայիսը 8-ը եւ 9-ը, քանի որ Բաքուն դեռ շատ ծանր է տանում Շուշիի կորուստը: Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում նրանք այդ կերպ միայն փորձել են խոչընդոտել խաղաղ երթին: Լրագրողական մեքենայի վրա կրակ է բացել մի երկիր, որն ամեն առավոտ հայտարարում է, որ հայերն իրենց թշնամին են: Պատկերացրեք, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ խոսում է նաեւ, որ իբր այդ մեքենայից կրակ է արձակվել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, ինչը կարծում եմ` զառանցանք է: Ամեն դեպքում, տրամաբանությունից դուրս է նրանց որդեգրած քաղաքականությունը, որովհետեւ դրանից տուժում է միայն Ադրբեջանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА