ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐԻ ՍԿԱՆԴԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

05.05.2017 21:45 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐԻ ՍԿԱՆԴԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Արդեն երկու շաբաթ է, որ շարունակվում է Հայաստան ադրբեջանական խնձորի ներկրման տգեղ պատմությունը: Բայց այդպես էլ դեռ պատկան մարմինները չեն ներկայացրել, թե կոնկրետ ով է ներկրողը: Հայտնի չէ նաեւ, թե ադրբեջանական խնձորը կոնկրետ որ երրորդ երկրից է հասել Հայաստան: Ավելին, պատկան մարմիններն այդ խնձորները չէին նկատել նաեւ այն ժամանակ, երբ դրանք տեւական ժամանակ վաճառվում էին ոչ միայն Երեւանում, այլեւ մի շարք մարզերում` Շիրակում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, ինչպես նաեւ Կոտայքում:  
Մինչ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) շուկայում շրջայցեր էր անցկացնում, թեեւ շատ ուշացած, բայց դրանց վաճառքը` կասեցնում, էլի հանրային քննարկումների օրակարգում նույն հարցն էր՝ ի՞նչ ճանապարհով են խնձորները հասել Հայաստան: Առավել եւս, որ Մաքսային ծառայությունը հայտարարեց, որ մաքսային անցակետով ադրբեջանական խնձոր Հայաստան չի մտել: Իսկ դա նշանակում է, որ դեպի Հայաստան կան նաեւ «մութ եւ անհայտ» ճանապարհներ, որոնցով կարող են նաեւ թշնամի երկրից  Հայաստանի տարածք հասցնել տարբեր ապրանքներ, որոնց անվտանգությունը որեւէ մեկը չի երաշխավորում: Բայց ինչո՞ւ միայն ապրանք. այդ ճանապարհներով Հայաստան  կարող են ներթափանցել ադրբեջանցի լրտեսներ ու մարդասպաներ, չէ՞ որ նման բան էլ է եղել: Այսինքն, սա ոչ միայն Մաքսային ծառայության եւ ՍԱՊԾ-ի, այլեւ՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության համար է մեծագույն խնդիր:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ 
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆ ԱՐԳԵԼՈՂ ՕՐԵՆՔ ՉՈՒՆԵՆՔ
Բայց այս հարցն ունի նաեւ երկրորդ կողմը. իսկ ի՞նչն է արգելում Հայաստան երրորդ երկրից օրինական ճանապարհով նույն խնձորը ներկրելուն: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեցինք հետաքրքրվել՝ արդյոք ադրբեջանական եւ թուրքական գյուղմթերքների ներկրման օրենքով սահմանված արգելք գոյություն ունի՞: Պատասխանը մտահոգիչ էր.
- Ո՛չ, այս պահին այնպիսի օրենք չի գործում, որը կարող էր արգելել ադրբեջանական գյուղմթերքի ներկրումը:
- Իսկ դրա անհրաժեշտությունը չե՞ք տեսնում:
- Եթե հավելյալ ասելու բան ունենանք` կտեղեկացնենք: Մնացած հարցերի հետ կապված կարող եք դիմել ՍԱՊԾ:
Կարճ ասած, եթե մեկի մտքով անցներ մեր թշնամի պետության խնձորն օրինական ճանապարհով ներկրել, պարզվում է, որ որեւէ խոչընդոտ չէր կարող լինել: Բավական էր միայն, որ այն որակական խնդիրներ չունենար, եւ վերջ:
Բայց այս դեպքում, հետաքրքիր է, խնձորն ի՞նչ հիմքով է վաճառքից հանվում: ՍԱՊԾ-ի մալո խոսնակ Նվարդ Առաքելյանը «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց, որ ծառայության կողմից շուկայում անցկացրած շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է 500 կգ ադրբեջանական խնձոր, եւ հանձնարարվել է խոտանել այդ խմբաքանակը, քանի որ այն չի ունեցել խնձորների անվտանգությունը հավաստող փաստաթուղթ:  Բայց նաեւ`  որ այդ ապրանքը որակական խնդիրներ չի ունեցել. ծառայությունն ադրբեջանական խնձորներից նմուշառում է կատարել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության, որի ադյունքում խնձորների մեջ վտանգավոր նյութեր չեն հայտնաբերվել:
Այսինքն, միայն անվտանգությունը հավաստող փաստաթղթի բացակայությունն է, որ ադրբեջանական խնձորն արգելելու հնարավորություն է տալիս: Այն դեպքում, երբ հատկապես վերջին տարիներին շատ երկրներ պարզապես պատժամիջոցի տեսքով արգելում են  ոչ ցանկալի պետությունների ապրանքների մուտքն իրենց տարածք: Բայց եթե Հայաստանը միայն ինչ-որ փաստաթղթերի պակասն է պատճառաբանում, դա նշանակում է, որ ադրբեջանական ապրանքների համար նման արգելանքներ  չի սահմանել: Իսկ դա առնվազն տխուր փաստ է:

«ՍՊԱՅԿԱՆ» ՀԵՐՔՈՒՄ Է
Ինչ վերաբերում է ներկրողին, ապա առաջինը, ում անունը վերջին շրջանում սկսեցին կապել ադրբեջանական խնձորների հետ, «Սպայկա» ընկերությունն էր. լուրեր շրջանառվեցին, թե  խնձորները ներկրել են ընկերության բեռնատարներով: Մեկնաբանության համար դիմեցինք ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանին: Սակայն նա մեր հարցը լսելուց հետո հավաստիացրեց, որ նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը. «Չի կարող նման բան լինել, բացառվում է, որ մեր ընկերությունն ադրբեջանական խնձոր բերի Հայաստան»:
Եվ վերջապես ՊԵԿ-ը դեպքի առնչությամբ հայտարարություն տարածեց, որ  ադրբեջանական խնձորները Հայաստան են ներկրել ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք, ովքեր պարբերաբար հատել են սահմանը եւ մաքսային ձեւակերպումներից խուսափելու նպատակով Բագրատաշենի մաքսակետում ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության որոշ աշխատակիցների կաշառք տալով` գյուղմթերք են  ներկրել հանրապետություն: Դեպքի առիթով արդեն հարուցվել է քր.գործ, Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի` կաշառք ստանալու հատկանիշներով: Նշենք նաեւ, որ ձեռք են բերվել տվյալներ` մի շարք քաղաքացիների կողմից ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստերի վերաբերյալ, որոնց հիման վրա եւս հարուցվել է քր.գործ, որն ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն: 
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА