ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐԻՆ  ԳՈՒՄԱՐՎՈՒՄ Է ԴԵՌ ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ԵԼԱԿԸ

28.04.2017 21:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՆՁՈՐԻՆ  ԳՈՒՄԱՐՎՈՒՄ Է ԴԵՌ ԱՆՀԱՅՏ ԾԱԳՄԱՄԲ ԵԼԱԿԸ


Դեռ չի դադարել թուրքական լոլիկի հին պատմությունը, գագաթնակետին է ադրբեջանական խնձորի վերաբերյալ սկանդալը, երբ հերթական պատմությունն է սկսել ուրվագծվել: Այս անգամ խոսքը ելակի մասին է: Արդեն որերորդ դժգոհությունն ենք ստանում` ելակի հետ կապված: Խոսքը հատեւյալի մասին է. մեզ դիմած մի շարք սպառողներ, ընդգծելով, որ արդեն բավականին ժամանակ է, որ հայաստանյան վաճառակետերում ելակ է հայտնվել, ընդգծում են. «Դրանք, իհարկե, միանգամայն պատկառելի չափեր եւ տեսք ունեն: Հայաստանում, այն էլ՝ ամենատաք գոտիներում եւ ջերմոցային պայմաններում դեռ նոր-նոր է ելակը հասունանում: Բայց երբ մի քանի վաճառակետերում հարցրինք, թե այդ դեպքում՝ ի՞նչ ելակ են վաճառում, վաճառողները հիմնականում խուսափեցին խոսել դրանց ծագման մասին, ինչը լուրջ կասկածների տեղիք է տալիս»:
Կարճ ասած, հարցերը, թե ներկրվա՞ծ են ելակները եւ որտեղի՞ց, մնում են անպատասխան: Սա այն դեպքում, երբ «Սպառողների իրավունքների պաշտպանության» մասին ՀՀ օրենքը հստակ նշում է, որ վաճառողը պարտավոր է սպառողներին տրամադրել վաճառվող ապրանքի մասին հստակ տեղեկատվություն: Մինչդեռ պտուղ-բանջարեղենի հետ կապված թվարկված պատմությունների շուրջ առաջացած աղմուկը սպառողներին զգուշավոր է դարձրել, քանի որ ադրբեջանական խնձորի եւ թուրքական լոլիկի հետ կապված կան նաեւ հրապարակային խոսակցություններ, որ որեէ մեկը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ Հայաստանն իբրեւ թե ունի կառույց, որը կոչված է ապահովել սննդամթերքի անվտանգությունը, սակայն այն ոչ թե զբաղվում է իր գործառույթներն ու պարտականությունները կատարելով, այլ թոզ է փչում հայ հասարակության աչքերին: Նրա բնորոշմամբ` ելակի, թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորներից զատ, սպառողական շուկայում նույնչափ մեծ խնդիրներ կան. «Ինձ համար վաճառվող ելակը, խնձորը, լոլիկը ստուգված չեն: Իսկ ո՞վ է ասում, որ Հունաստանից կամ մեկ այլ երկրից չեն կարող վատ ապրանք ներմուծել Հայաստան: Ինձ համար խնդիրը հետեւյալն է` ՀՀ սպառողը օգտագործում է սննդամթերք, որի անվտանգությունը պետությունը չի երաշխավորում: Ավելին` դրա մասին չի էլ խոսում: Իրականությունը հետեւյալն է. սպառողները բարձրաձայնեցին սպառողական շուկայում վաճառվող թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի մասին, եւ լիազոր մարմինը միայն դրանից հետո սկսեց խոսել այդ թեմայով: Լիազոր մարմինը բացառապես խոսում է այն խնդիրներից, որոնց մասին խոսում ենք մենք: Երբ Սննդի անվտանգության պետական ծառայությունը շուկայում թուրքական լոլիկի վերաբերյալ ուսումնասիրություններ էր կատարել, դրա կողքին դրված էր ադբեջանական խնձորը. այն պետք է նկատեին: Այս ամենից հետեւություն, որ այդ կառույցը ոչինչ չի անում»: 
Ըստ մեր զրուցակցի` վաճառվող ելակը հավանաբար ներկրված է. «Չեմ սիրում խոսել ենթադրություններով, բայց փաստ է, որ հայ գյուղացուն ելակով չեմ տեսել: Սկսած արկղերի դասավորությունից, վերջացրած միրգ-բանջարեղենի արտաքին տեսքով, ներկրվածն ու տեղական մրգերը էականորեն տարբերվում են»,- ընդգծեց Բաբկեն Պիպոյանը եւ նկատեց, որ պետք չէ կենտրոնանալ հատկապես ելակի վրա, քանի որ շուկայում վաճառվում է թուրքական ցոգոլ, պղպեղ, նուռ. «Չգիտեմ էլ, որ մեկը թվարկեմ»:
Խնդրի վերաբերյալ Սննդամթրքի անվտանգության պետական ծառայության տեսակետը, ինչպես նաեւ տեղեկատվությունը, թե այս տարի Հայաստան, որ երկրներից է ելակ ներկրվել, կներկայացնենք առաջիկայում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА