ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

28.04.2017 21:15 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ

Այսօր Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում երեք երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Արցախի հիմնախնդրի հետ կապված հարցեր: Ինչ ակնկալիքներ կան հանդիպումից, արդյո՞ք սրանով բանակցային գործընթացը կխորանա: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան փորձագետների հետ:
Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ.
- Արցախի բանակցային գործընթացքում Ադրբեջանը մշտապես ցուցաբերել է ապակառուցողական քաղաքականություն եւ երբեք չի թաքցրել իր ագրեսիվ նկրտումները Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների նկատմամբ: Միաժամանակ՝ այս հանգամանքը սկսել է անհանգստացնել ոչ միայն Հայաստանին, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացքում ընդգրկված միջնորդ երկրներին, մասնավորապես` համանախագահող երկրների դիվանագետներին: Նախորդ 2-3 տարիների ընթացքում մշտապես բարձրաձանվել է, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացը, կարգավորել  եւ շփումների նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների արտգործնախարարաների միջեւ, նախապատրաստել հանդիպումներ նախագահների մակարդակով, եւ միայն այս ճանապարհներն են տանելու բանակցությունների վերկանգնման կառուցողական քաղաքականությանը: Այս խոսակցությունների ամբողջ պատկերին, որի վկան եղել ենք մենք, այս հանդիպումների փորձերը նշանակալից են: Խորհրդանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում: Ենթադրում եմ, որ ՌԴ արգործնախարարը ջանք կգործադրի, որպեսզի կարողանա նույն սեղանի շուրջ նստեցնել եւ ընդհանուր հայտարարի բերել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: Սա իհարկե դժվար գործընթաց է լինելու, եւ պետք չէ մեծ հույսեր կապել: Բայց, ամեն դեպքում, եթե Ադրբեջանը որոշի վերադառնալ բանակցությոնների սեղանի շուրջ, եւ շարունակվի Մինսկի խմբի խաղաղ գործընթացը, ապա սա արդեն կլինի որոշակի նվաճում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի անցած տարիների վարած քաղաքականությունը, որն ուղղված է եղել ստանալ առավելություն ռազմաճակատի գծում եւ փորձել այդ առավելության միջոցով ծնկի բերել հայկական կողմին եւ ստիպել զիջումների գնալ, չի ունեցել բացարձակ հաջողություններ:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
- Այս կամ այն չափով բանակցային գործընթացը վերահսկելի դարձնելու Ռուսաստանի Դաշնության ջանքերը, թերեւս, ամենարդյունավետն են` համեմատությամբ այլ երկրների ջանքերի: Այնպես որ, այստեղ որոշակի հնարավորություններ եւ առաջընթաց տեսնում եմ, որոնք այդքան էլ մեծ չեն:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.
- Արցախի բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է. նրանց տանք իրենց, այսպես ասած, տարածքները, որից հետո միայն պատրաստ կլինեն նստել բանակցային սեղանի շուրջ: Այս մարդկանց իսկապես չեմ հասկանում, եւ այսքանից հետո ինչպե՞ս ակնկալիքներ ունենաս: Նման տեսակետ ունեցող երկրի ղեկավարությունից լուրջ ակնկալիքներ չպետք է սպասել: Ադրբեջանը ցանկանում է ոչ թե Արցախի, այլ Հայաստանի հարցը լուծել: Նրանք իրենց ամպագոռգոռ հայտարարույթուններում ասում են, որ Երեւանը նույնպես ցանկանում են գրավել: Այդ ամենը լսելուց հետո մտածում ես՝ ինչպե՞ս նրանց հետ նստես բանակցային սեղանի շուրջ: Ես իմ ցավակցություններն եմ հայտնում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, որ բանակցություններ պետք է վարի Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА