ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

28.04.2017 20:15 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի լուրեր են գալիս Նոր Նորքից: Պարզվում է, որ Ծառուկյան դաշինքով այդտեղի ընտրատարածքում առավելագույն քվեներ հավաքած «Տորք Անգեղ» սպորտդպրոցի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԱՄՈՅԱՆԸ խորհրդարան չի գալու, իսկ նրա փոխարեն գալու է զգալիորեն ավելի քիչ քվե ստացած Արտյոմ Ծառուկյանը: Մեկնաբանելով այդ զարմանալի պատմությունը` պարոն Մամոյանն ասաց. «Իմ վրա հույս չդնեք, ես աշխատող մարդ եմ, գործադիրի մարդ եմ, ես ինձ երբեւիցե չեմ պատկերացնում մի տեղ երկար նստած... Հետո կուսակցության ղեկավարի որոշումը, կուսակցության քաղխորհրդի որոշումը... Ես աշխույժ մարդ եմ, չեմ կարա էթամ Ազգային ժողով, նենց տեղ, որտեղ ես ինձ իմ ափսեում չզգամ»: Այ քեզ բան, ինչպես կարող է աշխուժությունը խանգարել պատգամավորական գործունեությանը... Բայց այստեղ ամենազարմանալին այն է, որ, ըստ էության, ԲՀԿ-ում արհամարհում են ժողովրդի քվեի գործոնը, եւ ունենք նախադեպ, որ ժողովրդի փոխարեն են որոշում, թե ով գա խորհրդարան: Այսքանից հետո ինչքանով կարելի է արժանահավատ համարել, թե իբր այդ քաղաքական ուժը հոգատար է ժողովրդի նկատմամբ:
Իսկ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ քիչ է, որ Սահմանադրական դատարանում իրեն պահում է ծաղրածուի պես, ԿԸՀ նախագահի վրա մատ է թափ տալիս եւ «դու»-ով դիմում, մի բան էլ` զարմանալիորեն որոշել է անցնել սուտ խոսելուն: Նա հայտարարել է, որ ՀԱԿ-ը համաձայն էր ոչ թե Ընտրական օրենսգրքին, այլ ընդամենը առանձին դրույթներին, իսկ ընդհանուր առմամբ դեմ էր: Ուստի ավելորդ չէր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի կողմից նրա հիշողության թարմացումը. «Ես այստեղ կարող եմ տալ քաղաքական գնահատական: Եթե իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, իսկ իմ հիշողությունն ինձ հաստատ չի դավաճանում, պարոն Զուրաբյանն այն գործիչներից էր, որը պատմական էր համարում Ընտրական օրենսգրքի ընդունումը, որը առավոտից երեկո` օրը մի քանի անգամ, պառլամենտում, քարոզարշավի ժամանակ, նույնիսկ ընտրության օրը, համոզում էր հանրությանը, թե ունենք այնպիսի Ընտրական օրենսգիրք, որ իշխանությունը, եթե ցանկանա էլ, հնարավորություն չունի այս ընտրությունները կեղծելու»: 
Վերջապես, այսպես կոչված, միջազգային կառույցները կարծիք են հայտնել, թե Հայաստանում ու աշխարհում ինչպես է մամուլի ազատության վիճակը: «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» կազմակերպությունը հրապարակել է 2017 թվականի Աշխարհի մամուլի ազատության ինդեքսը: Ինդեքսում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը: Հայաստանի հարեւաններից Թուրքիան` 155-րդ (-4) տեղում է, Ադրբեջանը` 162-րդ (+1), Վրաստանը` 64-րդ (0), Իրանը` 165-րդ (+4): Ռուսաստանը 148-րդն է (0), իսկ Միացյալ Նահանգները` 43-րդը (-2): Զարմանալի է, այդ ինչպես եղավ, որ Վրաստանը մամուլի առումով համարվեց ավելի ազատ երկիր, իսկ էլ ավելի զարմանալի է, որ ԱՄՆ-ն մեզանից իբր այդքան առաջ է: Դուք երբեւէ ԱՄՆ-ում տեսե՞լ եք չվերահսկվող մամուլ: Բայց, անշուշտ, այդ զարմանալի գնահատականներում մեղք ունեն մեր հարազատ ՀԿ-ները, որ ամեն մի հիմարություն ներկայացնում են որպես մամուլի ազատության խախտում: Զորօրինակ, որպես լրջագույն խախտում, ներկայացվում է այն, որ որոշ գործիչներ իգական սեռի լրագրողներին դիմում են «աղջիկ ջան»-ով: 
Լավ լուր եկավ նաեւ ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻՑ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը: Թագավորը ԵԽԽՎ-ում ելույթ էր ունենում ԵԽԽՎ նախագահ, իսպանացի Պեդրո Ագրամունտի հրավերով: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին թույլ չտրվեց վերադառնալ դահլիճ, որից նրան հեռացրել էին ապրիլի 24-ին: Դե ինչ, թեեւ զարմանալի է, բայց հաճելի, որ Ագրամունտը հայտնվել է խորհրդային հայտնի հումորային երգի թմրամոլ Պեդրոյի վիճակում:
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА