ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառողներին կոչ են անում զգույշ լինել, իսկ մաքսայինին` զգոն

26.04.2017 19:02 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Սպառողներին կոչ են անում զգույշ լինել, իսկ մաքսայինին` զգոն

Վերջին մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ սպառողներ արձանագրել են, որ հայ սպառողական շուկայում` մասնավորապես պտուղ-բանջարեղենի իրացման կետերում վաճառվում է ադրբեջանական ծագման խնձորներ:

Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ հայ բնակչությանը հորդորում է զգույշ լինել, իսկ մաքսային ծառայությանը` ցուցաբերել զգոնություն, որպեսզի անորակ եւ հայ ազգաբնակչության առողջությանը վնաս հասցնող մթերք չմտնի Հայաստան. «Մենք շրջանպատված ենք անբարյացակամ հարեւաններով եւ Հայաստանը շատ խիստ պետք է վերաբերի ներկրվող բոլոր ապրանքատեսակներին: Շատ դեպքերում մենք ունեցել ենք արբեջանական նռան ներկրում, որի ծաղկային մասը ինչ-որ թունանյութով, իբրեւ կյանքը երկարացնելու համար փակել էին: Մենք այն ուղարկեցինք լաբորատոր ստուգման եւ տեսանք, որ նռան մեջ կար մեծ քանակի թունավոր նյութեր, որոնք այսօր գործածությունից դուրս են, իսկ նախկինում օգտագործում էին տարբեր տզերի եւ այլ միջատների ոչնչացնելու համա»,-փաստեց Մ. Հակոբյանը: Ըստ Մելիտա Հակոբյանի, արտերկրից Հայաստան է ներկրվում նաեւ մեծ քանակությամբ գենոմոդիֆիկացված միրգ-բանջարեղեն, այս դեպքում էլ պետք է զգույշ լինել.«Թուրքական լոլիկները կարմիր են, իսկ հայկականը` վարդագույն: Այսինքն` թուրքականին ներկանյութ են տալիս, մինչեւ այժմ պարզ չէ, թե այդ նյութերը թունավոր են, թե`ոչ»,-ընդգծեց Մ. Հակոբյանը:
«Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» գյուղդեպարտամենտի ղեկավար ԼԵՎՈՆ ԱՃԵՄՅԱՆԻ խոսքով` ադրբեջանական խնձորները Հայաստան են հայտնվել անօրինական ճանապարհով. «Մենք պետք է խթանենք հայրենական արտադրությանը, ինչո՞ւ է Թուրքիայից ներկրվում լոլիկ»,-ընգծեց Լ. Աճեմյանը:
Անդրադառանոլվ «Իրավունքի» այն հարցին, թե շուկայում հայտնված ադրբեջանական խնձորների քանի՞տոկոսն է վաճառվել, Լ. Աճեմյանը փաստեց. «Խնձորի մեծ քանակ չի եղել, որոշ քանակությամբ խնձոր հայտնվել է Արարատի մարզի Հովտամեջ գյուղում, ինչը եւս մեկ անգամ փաստում է, որ այն շուկա է հասել ապօրինի ճանապարհով: Ինչ վերաբերում է վաճառքին, ապա ռեալ թվեր չեմ կարող ասել, սակայն փաստը մնում է փաստ, որ որոշ քանակությամբ վաճառվել է»:

Նշենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շուկայում կատարվել է ուսումնասիրություն, որի արդյունքում`Երեւան քաղաքի եւ մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում (մասնավորապես՝ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Լենինգրադյան եւ Հասրաթյան փողոցների խաչմերուկին հարող տարածքի պտուղ բանջարեղենի իրացման կետերում, Խորենացի փողոցի  «Հայկական շուկա N1» գյուղատնտեսական արտադրանքի շուկայում, Շիրակի փողոցի վրա գտնվող «Բիո Մարկետ» խանութում, Ծարավ աղբյուր փողոցի վրա գտնվող «Նոր Զովք» սուպերմարկետում եւ այլն)  արձանագրվել են ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր: ՍԱՊԾ տեսուչները տեղում արգելել են նշված խնձորների վաճառքը եւ հանձնարարել ոչնչացնել դրանք:

ՍԱՊԾ-ն այս տեղեկատվությունը՝  կից լուսանկարներով, փոխանցել է նաեւ պատկան այլ մարմինների՝ հետագծելիության սկզբունքով ներկրողին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայության սահմանային հսկիչ կետերով ադրբեջանական ծագման որևէ բեռ, այդ թվում եւ՝ խնձոր, չի ներկրվել Հայաստան: Ծառայության կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության արդյունքներով՝ ապրիլի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն խնձոր ներկրվել է Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից եւ Իտալիայից: Ադրբեջանական ծագման խնձոր նշված բեռներում չի եղել. բոլոր դեպքերում ապրանքն ուղեկցվել է համապատասխան փաստաթղթերով, ինչի հիման վրա էլ թույլատրվել է խմբաքանակների ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք:

Հաշվի առնելով, որ նշված խնձորները սահմանային վերահսկողություն չեն անցել եւ Ծառայությունը չի կարող երաշխավորել դրանց անվտանգությունը՝ սպառողներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ դրանք ձեռքբերելուց եւ նման դեպքեր արձանագրելու դեպքում տեղեկացնել՝ զանգահարելով ՍԱՊԾ թեժ գծին 010 206040 հեռախոսահամարով:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА