ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Էլիզաբեթ 2-րդը նշում է ծննդյան 91-ամյակը. մանրամասներ միապետի անցած ճանապարհի մասին

21.04.2017 18:24 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Այսօր Էլիզաբեթ 2-րդը նշում է ծննդյան 91-ամյակը. մանրամասներ միապետի անցած ճանապարհի մասին

Այսօր՝ ապրիլի 21-ին, իր ծննդյան 91-րդ տարեդարձն է նշում Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ, որը համարվում է աշխարհի ամենաերկար կառավարող միապետը: Թագուհին ծնվել է 1926թ.՝ ստանալով Էլիզաբեթ Ալեքսանդրա Մարիա բարդ անունը՝ չնայած, որ փոքրիկին ի սկզբանե ցանկանում էին Վիկտորիա անվանակոչել՝ ի պատիվ հանրահայտ տատի:

Այն ժամանակ փոքրիկ արքայադուստրը չէր էլ կարող երազել գահը ստանձնելու մասին. նրա հայրը թագավորի փոքր որդին էր, ուստի՝ գահաժառանգների թվում Էլիզաբեթը միայն 3-րդն էր՝ հորեղբորից ու հորից հետո: Իսկ դա նշանակում էր, որ արքայադուստրը կարող էր մի ամբողջ կյանք սպասել: Սակայն արքայադստեր ճակատագիրը փոխեց սերը. նրա հորեղբայրը՝ արքայազն Էդուարդը, չսպասելով թագադրման պաշտոնական արարողությանը, պատմական որոշում կայացրեց. հրաժարվեց գահից՝ նախընտրելով ամուսնանալ ամուսնալուծված և արիստոկրատիայի հետ որևէ կապ չունեցող սովորական կնոջ հետ: Արդյունքում գահը ստանձնեց Էլիզաբեթ 2-րդի հայրը՝ Գեորգ 6-րդը, որի մահից հետո թագադրվեց դուստրը: Այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի թագուհին 25 տարեկան էր: Էլիզաբեթ 2-րդը դեռ մանկուց աչքի է ընկնում խելքով ու աշխատասիրությամբ: Դեռահասության տարիքում ապագա թագուհին արդեն մի քանի օտար լեզվի էր տիրապետում, ուսումնասիրում էր պատմություն, իրավունք ու կրոնագիտություն: 11 տարեկանում նա սկաուտ էր, իսկ հետո՝ ծովային ռենջեր: Երկրորդ աշխարհամարտի սկսվելուն պես Էլիզաբեթը, առանց ավելորդ խոսակցությունների, որոշեց որպես բուժքույր մեկնել ռազմաճակատ, սակայն հայրն արգելեց՝ պատճառաբանելով, որ թագաժառանգը չպետք է վտանգի կյանքը: Հոր դիրքորոշումն ընդունելով՝ ապագա թագուհին հավաքագրվեց թագավորական զինուժի կանանց օգնիչ զորամասերում, որտեղ ստացավ բեռնատարի վարորդի որակավորում ու պատերազմի ավարտին արժանացավ կրտսեր հրամանատարի կոչման: Իր ապագա ամուսնուն թագուհին հանդիպել է 8 տարեկանում: Ֆիլիպը՝ հույն արքայազնի որդին, ստիպված էր շատ փոքր տարիքում լքել հայրենիքը՝ Հունաստանից դեպի Անգլիա ընկած ճանապարհն անցնելով նարնջի արկղի մեջ:

Էլիզաբեթի հայրը դեմ էր, որ Մեծ Բրիտանիայի ապագա միապետն ամուսնանա աղքատ արիստոկրատի հետ, սակայն Էլիզաբեթի կուռ կամքը հաղթեց: Ասում են նույնիսկ, որ Էլիզաբեթն անձամբ է առաջարկություն արել Ֆիլիպին, իսկ հետո էլ համոզել է հորը համաձայնություն տալ իրենց ամուսնությանը:Իր առաջնեկին՝ արքայազն Չարլզին, Էլիզաբեթը լույս աշխարհ է բերել նախքան գահը ստանձնելը: Այնուհետև թագուհին և Ֆիլիպը ևս 3 անգամ վայելել են ծնող դառնալու բերկրանքը:2011թ. ամուսնացավ թագուհու ավագ թոռը՝ արքայազն Ուիլյամը: Հայտնի է, որ տարեց միապետը շատ է սիրում այդ ամուսնությունից ծնված 2 ծոռներին, որոնց պարբերաբար անակնկալներ է մատուցում:

Այժմ Էլիզաբեթ 2-րդն առաջվա պես առողջ է, ուժեղ ու շարունակում է վստահ կրել թագը: Դատելով թագուհու եռանդուն վիճակից՝ բրիտանական գահի ժառանգները դեռ երկար պետք է սպասեն թագադրման իրենց ժամին, գրում է աղբյուրը։

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА