ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈԳԵՎՈՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

21.04.2017 21:30 ԶԱՐԿԵՐԱԿ
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵ՞Ն ՈԳԵՎՈՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻՆ

Այսօր մայրաքաղաքում կմեկնարկի Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, ավագանու նախընտրական քարոզարշավը, կարծես թե, այդքան էլ մեծ հանրային հետաքրքրություն չի առաջացրել երեւանցիների շրջանում: Շատերը, ըստ մեր բլից-հարցման, նույնիսկ չգիտեին էլ, որ մայիսի 14-ին տեղի կունենա Երեւանի քաղաքապետի ընտրություն: Ասենք փաստը, որ ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք ուժ, իր հերթին է վկայում, որ քաղաքական դաշտն էլ առանձնապես ոգեւորված չէ: Մինչդեռ միայն վերջերս տեղի ունեցած Գյումրու եւ Վանաձորի ընտրությունները միանգամայն այլ ռեզոնանս էին առաջացրել: Ուրեմն, ինչով է պայմանավորված այս համեմատական պասիվությունը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ.

- Երեւանցիների պասիվությունը պայմանավորված է նրանով, որ համապետական ընտրությունները նոր են ավարտվել եւ ընտրություններին մասնակից բոլոր ուժերի համար հենց ԱԺ ընտրություններն էին առաջնահերթ: Նրանք փորձում էին ամեն կերպ հասարակությանը հասցնել, որ այսուհետ թիվ մեկ մանդատը պատկանելու է Ազգային ժողովին, սակայն հասարակության մի զգալի զանգված չգիտակցեց այդ պարզ ճշմարտությունը: Մյուս կողմից` լարվածություն կար մասնակից ուժերի միջեւ, եւ երբ այս ամենն ավարտվեց, ու բողոքի որեւէ ալիք չբարձրացավ, հասարակությունը կարծես թե հայտնվեց հանգիստ վիճակում: Սա է պատճառը, որ բուռն քննարկումներ, տեղեկատվական մեծ հոսք ավագանու ընտրությունների հետ կապված չկա:

Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆ.

- Խորհրդարանական ընտրությունները նոր են ավարտվել, ժողովուրդը մի տեսակ հոգնած է, եւ այս վիճակը բնական է: Պատկերավոր ասած, եթե երկու օր ընտրություն լինի, մարդիկ ավելի մեծ հետաքրքրությամբ ընտրության կգնան առաջին օրը, քան՝ երկրորդ: Այդքան էլ չեմ հետաքրքրվել քաղաքային ընտրություններով, բայց միշտ չէ, որ այն այսպես պասիվ է անցել: Այս անգամ ներքին գործընթացներ տեղի ունեցան` Ծառուկյան դաշինքը, Դաշնակցությունը չի մասնակցում ավագանու ընտրություններին: Այդուհանդերձ, քարոզարշավը դեռ նոր է մեկնարկում, հուսանք` քաղաքաբնակները դեռ կակտիվանան: 

«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ.

- Ավագանու ընտրություններով երեւանցիները չեն ոգեւորվում երկու պատճառով: Նախ՝ հոգնածության. սովորաբար մեծ ոգեւորությունից հետո մարդկանց մոտ մի քիչ անկում է զգացվում: Երկրորդ պատճառն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցած երեւանցիների մեծ մասը նախընտրել է Հանրապետական կուսակցությանը եւ նրա թեկնածուներին, հետեւաբար՝ միտումները տանում են նրան, որ ավագանու ընտրություններում էլ նախընտրությունը կտան Հանրապետականին: Այդ պատճառով էլ բնակիչներն առավել հանգիստ են: Ամենակարեւորն այն է, որ եթե ավագանու ընտրություններին մասնակցեր Ծառուկյան դաշինքը, «Հայական վերածնունդը», Դաշնակցությունը, այդ ընտրությունները որոշ չափով աշխույժ կանցնեին: Այս պահին ընտրական դաշտում ունենք մեկ գերհզոր խաղացող` Հանրապետական կուսակցությունը եւ երկու փոքր խաղացողներ` «Ելքը» եւ «Երկիր ծիրանին»: Նրանց բախման ինտրիգը թույլ է, որպեսզի կարողանան այնպիսի հետեւանքներ թողնել, որ իրոք պայքարը եռանդուն ու աղմկոտ լինի: Սովորաբար ավագանու ընտրություններում պայքարը բավականին սուր է եղել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА