ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ «ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԸ»

21.04.2017 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ Է ԼՈՒԾԵԼՈՒ «ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՌԵՖՈՐՄԸ»

Թեեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջարկած զորակոչային բարեփոխման գաղափարի մասին փորձագիտական շրջանակներին հայտնի էր դեռեւս մինչեւ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, սակայն ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը այդ գաղափարները հրապարակային շրջանառության մեջ մտցրեց ոչ թե քարոզարշավի ընթացքում, այլ հիմա: «Ազգ-բանակ-2017» համաժողովում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  ներկայացրել է նորակոչիկների ծառայության տարանջատումների գաղափարը, որի շնորհիվ այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայություն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային: Ըստ այդ գաղափարի` ծառայությունը կտեւի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ նրա ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը, յուրաքանչյուր ամիս կծառայի 1+1+2 բանաձեւով` մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, եւ երկու շաբաթ` առաջնագծում` մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով` զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով, նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում եւ մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ:
Սրանով այդ` հանրային քննարկման փուլ մտած ծրագիրը չի սահմանափակվում: Նախատեսված են նաեւ ծրագրեր` զորացրումից հետո ուսում ստանալու եւ բիզնես սկսելու հարցում օժանդակություն ցույց տալու, ուսանողներն էլ ունենում են այլընտրանք` ծառայել «ստանդարտ» 2 տարի, թե 3 տարով գնալ սպայական ծառայության, այդ ընթացքում ստանալով լիարժեք սպայական վարձատրություն: 
Հիմա ինչ է դա տալիս: Զորօրինակ, պատգամավոր Թեւան Պողոսյանն այդ ռեֆորմում տեսնում է, նախեւառաջ, զորակոչից խուսափողների քանակի կրճատման ռեալ հնարավորություն: Սակայն դա թեեւ կարեւոր է, բայց ամենագլխավորը չէ: Գործնականում «ազգ-բանակ» կոնցեպցիայի շրջանակում իրականացվում է հանրության եւ բանակի ավելի սերտ կապակցում, բանակը ինտեգրվում է երկրի տնտեսական, կրթական եւ այլ համակարգերին: Նաեւ առաջ է տարվում այն մտայնությունը, որ լավագույն կրթություն ստանալու համար հարկ է ստանալ ռազմական կրթություն, ու ժամանակի ընթացքում դրա շնորհիվ ռազմական էլիտա եւ ինտելեկտուալ էլիտա հասկացությունները նույնականանալու են: 
Բայց գումարած դրան, այս նոր տարբերակը ավելի համարժեք է մեր արտաքին միջավայրին, մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին: Պայթյունավտանգ եւ վտանգավոր հարեւաններով տարածաշրջանում այս տարբերակը հնարավորություն է ընձեռում լուծել բավականաչափ բանակային անձնակազմ ունենալու խնդիրը: Գումարած դրան, ժողովրդագրական տեսակետից այս տարբերակի ներդրումը կկրճատի այնպիսի երեւույթը, ինչպիսին է արտագնա աշխատանքի զանգվածային մեկնումը, քանզի զորացրվածը արդեն անմիջապես որոշակի մեկնարկային հնարավորություններ ստանում է: Բացի այդ, կարեւոր է եւ հոգեբանական պահը` այս տարբերակի ներմուծումով փոխվում է նաեւ երիտասարդության վերաբերմունքը զինծառայության ինստիտուտի նկատմամբ: 
Փորձագետներն ու վերլուծաբանները դեռ շատ են անդրադառնալու այս ռեֆորմին: Զորօրինակ, քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Տեր-Նակալյանը հենց առաջին հայացքից, մատնանշում է այդ նոր համակարգի 4 առավելությունները. 
1. Նորակոչիկը ինքն է հնարավորություն ունենալու` գիտակցված ընտրություն կատարելու` ծառայել ստանդարտ 2 տարի ու վերադառնալ` ունենալով հավանականություն, որ չի լինի առաջնագծում, թե՞, այսպես ասած, պրոֆեսիոնալ դիրքապահ դառնալ` զորամասում ու դիրքերում անցկացնելով 29 ամիս ու վերջում ստանալ 10000 դոլար:
2. Բազմիցս է ասվել, որ պրոֆեսիոնալ բանակ ունենալը նախ` շատ թանկ, հետո էլ` ոչ այնքան իրատեսական ու ոչ անպայմանորեն լավ բան է: Այս ծրագրով մենք հնարավորություն ենք ունենում ունենալու կիսապրոֆեսիոնալ, պրոֆեսիոնալ ու զորակոչային բանակի հիբրիդ:
3. Հատկապես անապահով ու գյուղաբնակ խավի համար սա լուրջ զարգացման հեռանկարներ է խոստանում, որովհետեւ, համաձայնե՛ք, մեր իրականության պայմաններում 18-20 տարեկան հատուկենտ մարդ կարող է պարծենալ, որ ՑԱՆԿԱՑԱԾ օրինական գործունեություն ծավալելով` 10000 դոլար է վաստակել այդքան վաղ տարիքում:
4. Սա նաեւ բավականին հեռանկարային ծրագիր է հատկապես փոքր տնտեսությունների ու անշարժ գույքի շուկայի զարգացման համար: Դիցուք` ամեն 2,5 տարին մեկ զորացրվում է մոտավորապես 10000 մարդ, ով շուկա է մտցնում 10000-ական դոլար, իսկ դա, ուշադրություն, 100.000.000 դոլար է, ինչը մեր տնտեսության պայմաններում բնավ էլ քիչ փող չէ, առավել եւս, որ մասնավորապես փոքր տնտեսության տարբերակում կարող է ունենալ նաեւ մուլտիպլիկացիոն էֆեկտ:
Ինչեւէ, «ազգ-բանակ» համաժողովում հնչեցրած այս ծրագիրը այն օրինակներից մեկն է, որ իշխող կուսակցությունը` ՀՀԿ-ն, անում է ավելին, քան խոստանում է ի սկզբանե: Այնպես որ, պոզիտիվ փոփոխությունների օրինակներ դեռ շատ կտեսնենք: Սա դեռ սկիզբն է: 
Ա. ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА