ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

23 միլիոն պետական դրամաշնորհով ստեղծված կայքն անգործության է մատնվել

21.04.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
23 միլիոն պետական դրամաշնորհով ստեղծված կայքն անգործության է մատնվել

Երեւի թե, բոլորն էլ կհիշեն, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ` ստեղծվեց armeniangenocide100.org կայքը, որը հասանելի է 5 լեզվով:Կայքում տեղ էին գտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ դրանց անցկացման ժամանակացույցը, ինչպես նաեւ 100 տարի առաջ հայկական եւ արտասահմանյան մամուլում Ցեղասպանության վերաբերյալ տպագրված հոդվածներ: Իսկ առանձին բաժնով ներկայացված էր տեղեկատվություն` Հայոց մեծ եղեռնի, մշակութային եղեռնի եւ ոգեկոչման մասին: Ինչ խոսք, հանուն արդարության, պետք է նշենք, որ բավական լուրջ եւ խոստումնալից նախագիծ էր, ավելին` այն անգամ սարսափեցրեց թուրքական իշխանություններին, որոնք Թուրքիայի տարածքում արգելափակեցին կայքի հասանելիությունը: Սակայն երկու տարի անց ուսումնասիրելով կայքը` «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ կայքում վերջին թարմացումը կատարվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց երկու տարի առաջ: Ինչո՞վ է սա պայմանավորված, փորձեցինք պարզել` զանգահարելով կայքում ներկայացված կոնտակտային հեռախոսահամարներով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Իսկ այն, ինչ հաջողվեց իմանալ այլ աղբյուրներից, բավական ուշագրավ էր: 
ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից տրվող դրամաշնորհների տրամադրումը կազմակերպող գործընկեր կազմակերպությունը` Հայաստանի երիտասարդական հիմնադրամը 2014թ.-ին 23,058,390 դրամի ֆինանսավորում է հատկացրել «Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ին` այս կայքը կյանքի կոչելու համար: Իսկ վերջիններիս մասին տեղեկատվություն կայքում բացակայում է, որովհետեւ պայմանավորվածություն է եղել` հաշվի առնելով կայքի բնույթը եւ իմաստը` խուսափել ՀԿ-ի անվան կամ տարբերանշանի (լոգո) հրապարակումից: Այդուհանդերձ, փորձեցինք կապ հաստատել «Նորարարական տեխնոլոգիաների հետազոտության եւ զարգացման կենտրոն» ՀԿ-ի պատասխանատուների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչու է 23 միլիոն դրամ պետական դրամաշնորհ ստացած կայքը գործել ընդամենը մեկ տարի, սակայն բոլոր հեռախոսահամարները շարունակում էին համառորեն լռել: Ինչեւէ, մեզ մնում է խոստանալ, որ հետեւողական կլինենք այս հարցին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА