ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չեմ հավատում, որ այսպիսի խղճուկ իրավիճակում Ուկրաինան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

21.04.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Չեմ հավատում, որ այսպիսի խղճուկ իրավիճակում Ուկրաինան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

«Իրական հեղափոխություն եւ «գունավոր» հեղաշրջում» թեմայով միջազգային կլոր սեղանին մասնակցելու համար Երեւանում էր Կիեւի քաղաքական հետազոտությունների եւ կոնֆլիկտների կենտրոնի տնօրեն ՄԻԽԱՅԻԼ ՊՈԳՐԵԲԻՆՍԿԻՆ, ում հետ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու Արցախյան կոնֆլիկտի, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին:

- Միխայիլ Բորիսովիչ, որպես կոնֆլիկտագետ, հետաքրքիր են Ձեր դիտարկումները` Արցախյան հիմնախնդրի շուրջ:

– Կարծում եմ` Արցախյան հիմնախնդիրը մասն է այնպիսի լայն դիմադրության, որն առկա է աշխարհի լուրջ խաղացողների միջեւ: Ըստ իս, այն պետք է ունենա խաղաղ լուծում, որը հնարավոր է դրանով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի լծակների ուժեղացմամբ, որի մեջ մտնում են Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն: Նոր ուղենիշի վրա պետք է դրվի հարցը, եւ քննարկելով պետք է գտնվի բոլոր սկզբունքային խնդիրների լուծումը: Լիահույս եմ, որ այս ամենը կանցնի առանց ռազմական լարվածության: Ամեն դեպքում, այս ճգնաժամը կարող է ավարտվել, եթե լինի որոշում` տարածքների փոխզիջման, ինչն առանց համաշխարհային խաղացողների չի ստացվի: Չեմ հավատում, որ պաշտոնական Երեւանն ու Բաքուն կնստեն դեմ առ դեմ ու կպայմանավորվեն, որովհետեւ նախ պետք է լինեն որոշակի անվտանգության երաշխիքներ հայերի համար, որոնք ապրում են Արցախում: Ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետեւ այս հարցում ինձ փորձագետ չեմ համարում եւ խուսափում եմ դրա մասին խոսել: Իմ տեսակետները, վերոնշյալի հետ կապված, շատ ընդհանրական են:

– Օրեր անց հայ ժողովուրդը կնշի Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը: Ըստ Ձեզ, ե՞րբ, ի վերջո, Ուկրաինան ի վիճակի կլինի ճանաչել այն:

– Դժվար է ասել... Ուկրաինան կարող էր հետեւել Ֆրանսիայի եւ Գերմանիայի ընդունած որոշումների օրինակին, եւ ինքն էլ կողմ քվեարկեր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իսկ հիմա` Ուկրաինայի այսօրվա ղեկավարության օրոք, ըստ իս, սա դժվար թե հնարավոր լինի: Ուկրաինան ունի ուղիղ տնտեսական հետաքրքրություններ եւ համագործակցություն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, հետեւաբար կասկածում եմ, որ նրանք հիմա կարող են գնալ նման քայլի: Ավելին` Ուկրաինան` որպես պետություն, հիմա խղճուկ վիճակում է գտնվում: Իսկ այդ կարգի որոշումներն ընդունվում են, երբ պետությունը ուժեղ է, կարող է ինքն իրեն հարգել եւ պաշտպանել իր հետաքրքրությունները: Դրա համար էլ չեմ հավատում, որ այսպիսի խղճուկ իրավիճակում Ուկրաինան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

– Իսկ ի՞նչ կասեք ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին. մի օր հնարավո՞ր է, որ այս հարաբերությունները դրական ուղիով ընթանան:

– Իհարկե, երբեւէ այս հարցը կլուծվի, բայց ոչ Ուկրաինայի այսօրվա ղեկավարության օրոք: Երբ լինի ուրիշ իշխանություն, որոշումներն էլ չեն լինի այնպիսին, ինչպես եղել է նախկինում: Դրա փոխարեն կլինեն փոխադարձ անվտանգության երաշխիքներ: Չմոռանանք, որ Ֆրանսիան եւ Գերմանիան եւս մի ժամանակ պատերազմել են, բայց, վերջիվերջո, նրանք եկել են նորմալ հարաբերությունների դաշտ: Կարծում եմ` այդպես կլինի նաեւ մեզ մոտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА