ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս ընթացքում ամենատարբեր պիտակավորումները հնչեցին իմ հասցեին». Հ. Կարապողոսյան

21.04.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Այս ընթացքում ամենատարբեր պիտակավորումները հնչեցին իմ հասցեին». Հ. Կարապողոսյան

ԱԺ ընտրություններին Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ շուրջ 53.210 ձայն: Արդյունքում, այս ընտրատարածքից, որպես վարկանիշային ՀՀԿ-ական պատգամավորներ, խորհրդարան կանցնեն Հակոբ Բեգլարյանը եւ Հարություն Կարապողոսյանը: Խորհրդարանական ընտրությունների, իր անվան շուրջ պտտվող տարբեր խոսակցությունների եւ օրենսդիր դաշտում անելիքների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության նորընտիր պատգամավոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԱՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

«ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԱՎԵԼԻ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՄ ԷՐԵԲՈՒՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

– Լինելով անկուսակցական` ինչո՞ւ որոշեցիք ՀՀԿ-ի հետ քաղաքական ճանապարհ անցնել:

– Նախ ասեմ, որ անկուսակցական չէի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Էրեբունիի կառույցի ստեղծողն եմ եղել եւ անփոփոխ, 10 տարի շարունակ եղել եմ Էրեբունիի ԲՀԿ-ի նախագահը: Ընդ որում` սա իմ կյանքի միակ կուսակցությունն է եղել: Կուսակցությունից դուրս գալն ու անկուսակցական դառնալն իմ որոշումն է եղել, իսկ հետո առաջարկություն եմ ստացել վարկանիշային կարգով առաջադրվելու կոնկրետ ՀՀԿ-ից: Խորհրդակցեցի ընտանիքիս անդամների հետ եւ վճռեցի` ինչու ոչ, մի անգամ էլ փորձեմ, որովհետեւ դրա նախադեպն ունեցել եմ: Դեռեւս 1995 թվականին եղել եմ մեծամասնականով Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու: Իսկ երկու անգամ եղել եմ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում: 

– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված երկար տարիներ ԲՀԿ անդամ լինելուց հետո այդ կուսակցությունից դուրս գալը:

– Այն, որ անկուսակցական դառնալու ձգտումը կար, փաստ էր: Բայց չասեմ, թե պատահական եմ հայտնվել ԲՀԿ-ում: Իմ ավագ ընկերներից մեկը, որը, ցավոք, այսօր չկա, շատ մեծ դեր խաղաց, որ հայտնվեցի այդ կուսակցությունում: Իսկ նախորդ տարվա հայտնի փետրվարյան դեպքերից հետո, հենց նա էր ինձ հորդորում, որ դուրս գամ կուսակցությունից` ասելով, թե անկուսակցական ավելի ընդունելի եմ էրեբունցիների համար: Ճիշտն ասած, այդ ժամանակ չէի էլ մտածում, որ կարող է Ազգային ժողովի պատգամավոր դառնամ: Ավելին` ինչ ճիշտն է, ճիշտ, իմ մանկության երազանքն էլ դա չի եղել, թեպետ արդեն 22 տարի է, ինչ մեծ քաղաքականության մեջ եմ:

«ԱՅՆ, ՈՐ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՀՈԳՆԵՑՈՒՑԻՉ Է, ՈՉԻՆՉ, ԲԱՅՑ ԱՐԴԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԾԻԾԱՂԵԼԻ Է» 

–Ընտրություններին Ձեր հաղթանակն ինչո՞վ կբացատրեք, մանավանդ որ, եթե Էրեբունիում Ձեզ շատ լավ գիտեր ընտրողը, Կենտրոնում բավական լուրջ մրցակիցներ ունեիք:

– Նորք-Մարաշում եւ Էրեբունիում մեր քարոզարշավն իրականացրինք ավել շատ սոցիալական ցանցերի միջոցով եւ ընտրողներին ներկայացրինք իմ ընտանիքի, իմ ապրելակերպի մասին հոլովակը, որտեղ կար նաեւ այն տեսլականը, ինչը կրում եմ իմ ողջ գիտակից կյանքում: Կարծում եմ` ստացվեց, եւ Կենտրոնի բազմաթիվ ձայները դրա վկայությունն են: 40-50 բակային մեծ հանդիպումներ եմ ունեցել 20-25 օրվա քրտնաջան աշխատանքի արդյունքում: Ամեն օր կայարանամերձ հրապարակից մտնում էի շենքերի բակեր, ոտքով օրական երեք-չորս ժամ քայլում էի մի փոքրիկ խմբով: Սա մարդկանց հաճելիորեն զարմացնում էր, որովհետեւ մեր երկրում, կարծես, չգրված օրենք լինի, որ անպայման ընդդիմությունը 3-4 հոգանոց խմբով պետք է քայլի, իսկ իշխանական թեկնածուն` 30 ավտոմեքենայով: Կարծում եմ` իմ պարագայում սա եւս իր ներգործությունն ունեցավ: Չէի ասի, թե հեշտ գործ էր, բայց եթե առաջ ինձ գիտեր սահմանափակ քանակությամբ մարդ միայն Էրեբունիում, ապա հիմա ինձ ճանաչում են ե՛ւ Նուբարաշենում, ե՛ւ Կենտրոնում, ե՛ւ Նորք-Մարաշում: 

– Ընտրություններից հետո Երեւանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվեց աշխատանքից, եւ լուրեր տարածվեցին, թե պատճառը եղել է այն, որ վերջինիս չի հաջողվել կոնկրետ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ին: Ընդ որում` նույն աղբյուրները պնդում են, որ նրա ազատման գործում Դուք ունեցել եք Ձեր ներդրումը:

– Ընդհանրապես տեղյակ չեմ եւ գերատեսչությունների աշխատանքով առհասարակ չեմ հետաքրքրվում: Միայն կարող եմ ասել, որ սա ընդամենը հերյուրանք է եւ բացարձակ կապ չունի ինձ հետ: Այդ մարդուն կյանքում մի անգամ եմ տեսել, իսկ հետո արդեն տարբեր կայքերում, թերթերում լսել եմ Ձեր նշածը: Այն, որ այս ամենը հոգնեցուցիչ է, ոչինչ, բայց արդեն նույնիսկ ծիծաղելի է: 

«ԻՄ ՈՐԴԻՆԵՐՆ ԻՆՁ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԻՐԵՆՑ ՔՎԵՈՎ»

–Այդուհանդերձ, բազմաթիվ կարծիքներ հնչեցին, թե ընտրություններին Ձեր հաղթանակն ապահովել է Ձեր որդին` Կարո Կարապողոսյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ինչ վերաբերում է իմ որդիներին, նրանք, իհարկե, ինձ պետք է աջակցեին, բայց միայն իրենց քվեով, եւ իրենց քվեով ինձ աջակցել են Էրեբունիի ցանկացած ընտրող: Այս ընթացքում ամենատարբեր պիտակավորումները հնչեցին իմ հասցեին, անգամ տարբեր թերթերում, կայքերում, ֆեյսբուքյան էջերում գրում էին, թե ֆինանսական խնդիրներ ունի Հարություն Կարապողոսյանը եւ փախել է քաղաքից: Սրանք հերյուրանքներ են, որոնք նույնիսկ արժանի չեն հիշելու, որովհետեւ մի օր անգամ չեմ բացակայել քաղաքից: Ամեն օր լինում եմ Էրեբունի փողոցի Դիմիտրովի խաչմերուկում, որովհետեւ մոտակայքում եմ ապրում եւ առավոտներն այդտեղից հաց եմ գնում: Էլ չեմ ասում, որ ամենապակասն օրական 50-100 մարդու շնորհավորանք եմ ստանում: Մարդիկ մեծ հույսերով մոտենում են, շնորհավորում, կարծիքներ ենք փոխանակում: Արդեն ունեմ հարցերի մի ստվար խումբ, որ վաղը մյուս օր, տա Աստված, հայտնվեմ խորհրդարանում, անպայման այդ հարցերը պետք է բարձրաձայնեմ:

– Ձեզ համար բարդ չի՞ լինի խորհրդարանում աշխատել նախկին գործընկեր ԲՀԿ-ականների հակառակ թիմում: 

– Չեմ կարծում, որովհետեւ այնտեղ էլ ունեմ լավ գործընկերներ: Մարդկային փոխհարաբերություններն ինձ համար ամենակարեւորն են եւ այդտեղ կուսակցական, անկուսակցական լինելն ինձ համար նշանակություն չունի: Եվ ինչո՞ւ միայն ԲՀԿ-ի, ընդդիմության շարքերում էլ բավականին մեծ քանակությամբ ընկերներ ունեմ, որոնց հետ շփվում եմ առօրյայում: Պատկերացնո՞ւմ եք` իմ կոչման բերումով ինձ դիմի ընդդիմադիր մի գործչի հայրը, մայրը, երեխան, եւ ես մերժեմ` ասելով, թե պատգամավոր եմ, այն էլ իշխանական, քո երեխային չեմ նայի: Չի կարող լինել նման բան, ես դրա իրավունքը չունեմ: Այսօր էլ մարդկանց տներ եմ մտնում ու դուրս գալիս, որ օգնեմ մեկի մորը կամ երեխային: Նրանց թվում շատ ճանաչված եւ հզոր ընդդիմադիրներ կան, ինչն ինձ համար բացարձակ նշանակություն չունի:

«ՍՆԽՉԻՆ ՈՄԱՆՑ ՀԱՄԱՐ ՊԻՏԱԿ Է ԴԱՐՁԵԼ, ԲԱՅՑ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՉԷ»

–Ի դեպ, անդրադառնանք Ձեր կոչմանը, որովհետեւ Դուք հայտնի եք նաեւ` որպես Սնխչի Հարութ:

– Սնխչին ոմանց համար պիտակ է դարձել, բայց ինձ համար վիրավորական չէ, որովհետեւ սնխչի կամ ակնաբույժ հավասար բաներ են: Եթե մարդը կարող է մի լավ բան անել, միջավայրը որտեղ կանի, հեչ նշանակություն չունի: Բազմաթիվ ֆիլմեր կան, որտեղ մասնագետը գնում է աֆրիկյան որեւէ գյուղում երեխաների հետ է աշխատում: Այնպես որ, սա ընդամենը կոչում է: Եվ ես այդ կոչումը կրում եմ արդեն 45 տարի, որովհետեւ 15-16 տարեկանից  տեսել եմ իմ ընտանիքում, սովորել եւ հասցրել եմ սովորածս գիտական աստիճանի: Այն դեղամիջոցները, որոնք սարքում եմ, երկար տարիներ իմ միջոցներով Մնջոյանի ինստիտուտում փորձարկումներ են անցել: Ինչ-ինչ պատճառներով հետո հետաձգվեց դրանց ստանդարտիզացիան: Բայց դա չխանգարեց, որ այդ դեղամիջոցները հարյուրավոր կիլոգրամներով ղարաբաղյան պատերազմի ժամանակ օգտագործվեն, ու մինչեւ հիմա էլ պատրաստում եմ այրվածքի կամ թարախային պրոցեսը դարմանող քսուքներ: Հասկանում եմ, որ այսօր կա անհրաժեշտություն դրա լիցենզավորման, բայց առաջ Աստված, կտեսնենք ինչպես կստացվի:

– Լրագրողներս տեսել ենք քարոզարշավին շատ ակտիվ պատգամավորների, որոնք ընտրվելուց հետո 5 տարի գրեթե չեն նկատվել խորհրդարանում: Ի վերջո, Դուք ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրելու Ազգային ժողովում: 

– Իմ տեսակն այնպիսին է, որ շատ պասիվ չեմ կարող լինել, որովհետեւ եթե ես գնում եմ այնտեղ բարձրացնելու ինչ-ինչ խնդիրներ, բնական է, պետք է ակտիվ լինեմ: Օրենսդրական նախաձեռնություններով էլ կուզեի հանդես գալ, բայց այսօրվանից չեմ ուզում շտապել, կգնամ խորհրդարան, կերեւա: Համենայնդեպս, չեմ գնալու այնտեղ, որ 5 տարի հետո մարդիկ ասեն` էդ ո՞վ էր եկավ, նստեց, թողեց, գնաց: 

«ՄԻԱՆՇԱՆԱԿ ՕԳՆԵԼՈՒ ԵՄ ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ»

–Այսօր մեկնարկեց Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Դուք երկար տարիներ եղել եք Երեւանի ավագանու անդամ, հետաքրքիր է` ինչպե՞ս կգնահատեք այսօրվա քաղաքապետի թեկնածուների շանսերը:

– Տարոն Մարգարյանին նորից տեսնում եմ քաղաքապետի պաշտոնում ու իմ քվեն իրեն եմ տալու: Բավարարված եմ այն աշխատանքով, որ այդ տղան անում է իր հնարավորության սահմաններում: Ինչ վերաբերում է նրա մրցակիցներին, պիտի աշխատեն երեւանցիներին բացատրել ու համոզել` եթե ոչ Տարոն Մարգարյանը, ապա իրենք, ու այս դեպքում` ինչո՞ւ: Կարծում եմ` այս անգամ Տարոն Մարգարյանը ոչ թե պետք է վստահության քվե ստանա իր անելիքների համար, այլ արդեն իսկ արածների համար: Ի վերջո, Տարոն Մարգարյանն ապացուցել է, որ կարող է աշխատել:

– Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում նաեւ այն մասին, որ ՀՀԿ-ն ակնկալում է, որ Ձեր ընտրատարածքում հենց Դուք պետք է ապահովեք կուսակցության եւ Տարոն Մարգարյանին ընտրողների համապատասխան ձայները…

– Չգիտեմ` ով կպաշտապանի մեր քաղաքապետին, ով` ոչ, բայց իմ հեղինակությամբ, իմ հնարավոր բացատրական պոտենցիալով, բնական է, պետք է օգնեմ: Չասեմ, թե ամեն ինչ անելու եմ, որովհետեւ մի քիչ գեղեցիկ չի հնչի, բայց միանշանակ օգնելու եմ Տ. Մարգարյանին: Մեր ընտրատարածքում գոնե ինձ ձայն տված ժողովրդին պետք է ասեմ, որ մեր այսօրվա թեկնածուներից ինձ համար ամենաընդունելի քաղաքապետը Տարոն Մարգարյանն է, ուստի` կհորդորեմ քվեարկել նրա օգտին, ինչը կարծում եմ` նորմալ է ու տրամաբանական:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА