ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավոր ցուցադրություն` նվիրված հուշահամալիրի 50-ամյակին

21.04.2017 14:06 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավոր ցուցադրություն` նվիրված հուշահամալիրի 50-ամյակին

Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ի՞նչ աշխատանքներ են իրականացվել 100-ամյակից հետո, որքանո՞վ է այն նպաստել ճանաչման գործընթացի ակտիվացմանը: Ի՞նչ միջոցառումներ են սպասվում ապրիլի 24-ին: Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:

- 100-ամյա տարելիցին հաջորդող վերջին երկու տարիներին ի՞նչ աշխատանքներ են կատարվել Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:
- 100-րդ տարելիցը Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատանքների հետ որեւէ կապ չունի: Թանգարանը, ի տարբերություն մյուս հաստատությունների, այդ աշխատանքների մեջ է տարվա 365 օրը: Մեր աշխատանքը ամենօրյա է, մենք ընդունում ենք Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 80 տոկոսին, եթե ոչ ավելիին: Զբոսաշրջիկներից զատ, բնականբար, ընդունում ենք նաեւ ՀՀ քաղաքացիներին, հաճախª դպրոցականների, ովքեր մշտապես ցեղասպանության թեման սերտելու օրերին մեր թանգարանում են անցկացնում այդ դասերը: 
Ինչ վերաբերում է ճանաչման հետ կապված մեր թանգարանի կողմից կատարվող աշխատանքներին, ապա պետք է ասեմ, որ այս առումով մեր գործառույթը հետեւյալն է. աշխարհի ցանկացած վայրում, երբ բարձրացվում է այս հարցը, անպայման մենք մեր խորհրդատվությամբ, նյութերով աջակցում ենք այդ գործընթացին: Կոնկրետ թանգարանի աշխատանքը միջազգային ճանաչման առումով կայանում է վերը նշվածում, մենք փորձում ենք մասնագիտական տեղեկություններ, փաստաթղթեր տրամադրել, որոնք հետագայում օգտագործվում են Հայոց ցեղասպանության բանաձեւ կազմելու կամ ճանաչման գործընթաց սկսելու հետ կապված:

- Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բացվեց genocide.am կայքէջը, որտեղ հարյուրամյակի միջոցառումներից հետո որեւէ նորություն չի ավելացվել: Ինչո՞ւ:
- Genocide.am կայքը գործարկվում էր 100-րդ տարելիցին նվիրված  գրասենյակի կողմից, երբ 2015 թվականի վերջին գրասենյակը ավարտեց իր աշխատանքները եւ փակվեց, բնականաբար, կայքում եւս նորությունները չեն թարմացվել: Այսինքն, կայքը զուտ այդ մեկ տարվա համար էր ստեղծվել, եւ ի սկզբանե էլ չի եղել նպատակª այն հետագայում գործարկելու: Ես այսքանով եմ տեղյակ այդ կայքէջից:
- Եվ վերջում համառոտ կներկայացնեք` ի՞նչ միջոցառումներ են սպասվում ապրիլի 24-ին:
- Հայոց ցեղասպանության թանգարանում ապրիլի 24-ին նոր ժամանակավոր ցուցադրություն ենք բացելու, որը նվիրված է լինելու հուշահամալիրի 50-ամյակին: Որովհետեւ գուցե շատերը տեղյակ չեն, բայց հուշահամալիը մայրաքաղաքում բացվեց 1967 թվականին, եւ փաստորեն արդեն 50 տարի է, որ Երեւանում կա մի հուշահամալիր, որը կենտրոնական է ամբողջ աշխարհի համար` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու առումով: Ցուցադրության ընթացքում կներկայացվեն հուշահամալիրի կառուցման նկարները, նախագծերը, փաստաթղթերը, այսինքն` այն ամենը, ինչը որ ուղեկցում եւ փաստում էր հուշահամալիրի ստեղծման որոշման ընդունմանը եւ կառուցմանը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА