ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՆՉԻՆ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹՐԱՄՓԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՄԻՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ

21.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉՆՉԻՆ Է ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ ԹՐԱՄՓԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՄԻՆԸ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ

ԱՄՆ-ում ամեն անգամ նոր նախագահ ի հայտ գալու պարագայում օրակարգային է դարձել հայության համար կարեւոր հետեւյալ հարցը. նոր վարչակարգն ի՞նչ դիրքորոշում կունենա Հայոց ցեղասպանության հարցում: Ու այդպես, արդեն հարյուր տարի հայությունը ամեն անգամ նույն հարցն է տալիս, ապա՝ հերթական անգամ հիասթափվում՝ նորից ու նորից գալով պարզ ճշմատությանը՝ նման հարցերը, անկախ նախագահի ով լինելուց եւ նույնիսկ՝ նրա անձնական դիրքորոշումից, լուծում են ստանում ամերիկյան պետական շահերից ելնելով:ՀԻՆ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ՝ 
ՆՈՐՈՎԻ
Ու հիմա էլ նույն հարցն է օրակարգում. առաջին անգամ Թրամփը պետք է հանդես գա ապրիլի 24-ի հետ կապված նախագահական ուղերձով, եւ նորից նույն սպասողական վիճակն է՝ նա ի՞նչ բնորոշում կտա Ցեղասպանության փաստին: Ընդ որում, իրավիճակն այս անգամ մի փոքր այլ է: Թրամփն էլ, իր հերթին է, ինչ խոսք, առաջնորդվել ԱՄՆ պետական շահերով: Այլ հարց է, թե նա ինչպե՞ս է պատկերացնում այդ շահերը: Նկատի ունենք, որ հազիվ մի քանի ամիս է, որ Թրամփը զբաղեցրել է Սպիտակ տունը, բայց հասցրել է այն քանակությամբ հին «տաբուներ» խախտել, այնպիսի անակնկալ քայլերի գնալ, որ արդեն դժվար է հին տրամաբանությունից ելնելով ասել, որ Ցեղասպանության մասին ուղերձն այս անգամ էլ իր բազում նախորդների կրկնօրինակը կլինի: Մի խոսքով, ինտրիգ այս անգամ կա: Ուրեմն՝ ինչի՞ սպասենք:
Կհնչեցնի՞ Թրամփը Ցեղասպանություն տերմինը. հարցի պատասխանը, ինչ խոսք, կախված է այն հանգամանքից, թե անձամբ նա եւ նրա մերձավոր խորհրդականներն ի՞նչ ծրագրեր ունեն թուրքական պետականության նկատմամբ: Այո, այս անգամ հենց թուրքական պետության եւ ոչ թե՝ Էրդողանի, ինչը շատ կարեւոր հանգամանք է: Նկատի ունենք, որ հայտնի սահմանադրական փոփոխություններից հետո հենց Էրդողանն է իր անսահմանափակ նախագահական լիազորություններով գործնականում վերածվել թուրքական պետականությանը: Այսինքն, եթե նախորդ տասնամյակներում Վաշինգտոնը Թուրքիայում իր շահերն առաջ տանել չկարողանալու կամ նման խոչընդոտի ի հայտ գալու պարագայում միանգամից Թուրքիայում կազմակերպում էր իշխանափոխություն եւ երկրի ղեկավարից դժգոհելու դեպքում պետականությանը հարվածելու խնդիր չուներ, հիմա այդ պատկերը փոխվել է: Անցած տարվա հեղաշրջման փորձն էլ ցույց տվեց, որ Թուրքիայի ղեկավարի հետ ունեցած խնդիրը նրան փոխելով լուծելու հին մեթոդը չի աշխատում: Եվ դա այն պարագայում, երբ Էրդողանը գործում էր իր հին լիազորություններից ելնելով, ու երբ այդ լիազորությունները բազմապատկվել են, արդեն շատ ավելի դժվար կլինի Էրդողանին ավելի ենթարկվող մեկով փոխելը: Այսինքն, հիմա արդեն Թրամփը պետք է կա՛մ համակերպվի այդ իրավիճակի հետ եւ փորձի դրանից ելնելով էրդողանական Թուրքիայի հետ քաղաքական հարաբերությունները կառուցել կա՛մ էլ այնպիսի ծանր հարվածներ ուղղի թուրքական պետականության հիմքերին, որ այն թուլացնելով, հնարավոր լինի Էրդողանին տապալել ու Վաշինգտոնին ձեռնտու կառավարման համակարգ կամ նույնիսկ՝ տարածքային ձեւափոխման ենթարկված նոր Թուրքիա ստեղծել:
Մի խոսքով, թեեւ ԱՄՆ-ում քաղաքական էլիտայի հայամետ սեկտորն ու կառույցները բավականին ակտիվացել են՝ Թրամփի առաջարկելով վճռական քայլի գնալ Ցեղասպանության ճանաչման թեմայով, սակայն հարցը կախված է թվարկված հիմնական հանգամանքներից: 
Այսպիսով՝ որքանո՞վ է հավանական Թրամփի կողմից Ցեղասպանություն տերմինի օգտագործումը: Դա մեծապես կախված է նրանից, թե՝ նա ինչ պլաններ է կառուցում առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքում, դրանցում ինչ սպասելիքներ ունի ¥կամ չունի¤ Թուրքիայից, եւ ինչ չափով Էրդողանը կցանկանա արդարացնել այդ սպասելիքները:

ԹՐԱՄՓԸ ՍՐՈՒՄ Է 
ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքականությունը գնալով ավելի եւ ավելի տեսանելի է դառնում, հիմնականում միտված է Իսրայելի շահերի առաջ մղմանը: Դա ցույց տվեց նախ՝ Սիրիային ուղղված հրթիռային հարվածները: Ու հիմա էլ ասվածի մասին է վկայուն Իրանի նկատմամբ Թրամփի քաղաքականությունը:
Այստեղ, թերեւս, հիշեցնենք, թե Իսրայելի կողմից ինչ ծանր քննադատության ենթարկվեց Օբամայի վարչակազմը, երբ իր ստորագրությունը դրեց Իրանի  հետ հայտնի միջուկային պայմանագրի տակ: Դրանից հետո այդպես էլ Օբամայի եւ Իսրայելի հարաբերությունները չկարգավորվեցին: Մինչ ընտրվելը Թրամփը դեմ էր արտահայտվում միջուկային պայմանագրին, սակայն այն կարծիքը կար, որ դա միայն նախընտրական տրյուկ է: Նույն տպավորությունը կար նաեւ, երբ Սպիտակ տուն մտնելուց հետո նրա վարչակազմից մի քանի անգամ հակաիրանյան սպառնալիքներ հնչեցին: Թեհրանն էլ արձագանքեց, թե գործնական քայլերի դեպքում արդեն ինքը կհրաժարվի միջուկային պայմանագրից: Հայտարարություն եղավ նաեւ Մոսկվայից, որ ինքը եղել եւ կմնա Իրանի դաշնակիցը, եւ մի որոշ ժամանակ աղմուկը հանդարտվեց:
Բայց ահա վերջին ժամանակներս Իրանի թեման նոր թափ ստացավ: Ու բանը հասել է նրան, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն արդեն բաց տեքստով է հայտարարում, թե իրենց գնահատմամբ՝ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ գործարքն անհաջողության է մատնվել: Ավելին, որ այդ պայմանագիրը՝ «Միայն ձգձգում է միջուկային երկիր դառնալու Իրանի նպատակը»: Թիլերսոնն էլ ավելի առաջ գնաց՝ Իրանին մինչեւ իսկ մեղադրելով ահաբեկչության հովանավորչության մեջ: Կարճ ասած, նորից Վաշինգտոնը  Թեհրանին համարում է համաշխարհային հիմնական չարիքներից մեկը, ընդ որում` դժվար չէ նկատել, որ մեկը՝ մեկին կրկնում են այն մեղադրանքները, որոնք հնչեցնում է Իսրայելը՝ միջուկային գործարքի կնքումից ի վեր:
Թե ինչու է Թրամփը դարձել Իսրայելի շահերի այդքան ջերմեռանդ կրողը, շատ բանով կապվում է իր հիմնական խորհրդականների՝ դստեր եւ փեսայի օրթոդոքս հուդայական լինելու փաստի հետ: Այսինքն՝ ենթադրելի է, որ Թրամփն Սիրիա-Իրան ուղղությամբ կհասնի ծայրահեղ սրացման: Բայց մինչեւ ո՞ւր, ո՞րն է սահմանը: Սիրիայի հրթիռային հարվածները հուշեցին, որ Թրամփը նաեւ ուժի մասնակի կիրառման կհասնի: Բայց դրանից առաջ կանցնի՞: Այս հարցը վերջին ժամանակներս հաճախակի է հնչում, եւ կան որոշ մասնագիտական գնահատականներ: Այդ թվում, որ տարածաշրջանում մեծ պատերազմի սանձազերծումը ծայրահեղ վտանգավոր է հենց Իսրայելի համար: Այն առումով, որ եթե բանը հասնի Իրան-ԱՄՆ բախման, դրան հազիվ թե անտարբեր չեզոքությամբ վերաբերվեն նախ՝ Մոսկվան ապա նաեւ՝ Պեկինը: Իսկ նման մասշտաբների պարագայում օրակարգային է դառնում նաեւ Իսրայելի լինել-չլինելու հարցը: Ամեն դեպքում, ռիսկը շատ մեծ է, եւ թրամփյան վարչակազմում տեղ գտած հրեական լոբբին պետք է, որ քաջ գիտակցի ու «կարմիր գծից» այն կողմ չանցնի:

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՄՆՈՒՄ Է ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ
Բայց գանք Թուրքիային: Էրդողանը, իհարկե, նախ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ վերջնական կողմնորոշման խնդիր ունի: Եվ երկրորդը. եթե անգամ գնա ռուսական ուղղությամբ, էլի տարածաշրջանային առումով Իրանը մնում է հիմնական մրցակիցը:
Թրամփի հրահրած այս տարածաշրջանային սրացումները եւ Մերձավոր Արեւելքում պատերազմի խորացման հեռանկարը, ինչ խոսք, Իրանի հետ մրցակցության ներկայիս պարտվողական իրավիճակն Անկարայի օգտին շրջելու հույսեր տալիս են: Ուստիեւ` պատահական չէր ինչպես Էրդողանի կողմից Սիրիային ամերիկյան հարվածների ողջունումը, այնպես էլ՝ նրա հաճախակիացած հակաիրանյան ելույթները: Դա տպավորություն է ստեղծում, որ Թրամփն ու Էրդողանը կարող են Մերձավոր Արեւելքում մինչեւ վերջ մնալ բարիկադների նույն կողմում:
Բայց եթե Թրամփն այդպես էլ մինչեւ վերջ չգնա, չէ՞ որ այդ դեպքում Անկարան կկանգնի նույն կոտրած տաշտակի առաջ, ինչպես որ մի անգամ կանգնեց Օբամայի օրոք: Այսինքն, ամերիկյան խոստումներից ելնելով, մինչեւ վերջ հակամարտության մեջ մտավ Մոսկվայի հետ, եւ հետո ստիպված էր ամիսներով ներողություն խնդրել, մինչեւ որ Պուտինը համաձայնեց ընդունել Էրդողանին: Այստեղ, թերեւս, արժե նկատել միանգամայն պրագմատիկ գործչի համարում ունեցող Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այս միտքը. «Կարծում եմ՝ պարոն Թրամփը դուրս է եկել պատերազմի արահետի վրա, չնայած այն խոստումներին, որոնք տվել է իր ժողովրդին: Ես նախկինում եւս ասել եմ, հիմա էլ կկրկնեմ. այդ պատերազմը կհանգեցնի նրան, որ ԱՄՆ-ը կկորցնի լիդերությունն աշխարհում»: Այստեղ նույնպես այն տրամաբանությունն է զգացվում, որ ռազմական մասնակի քայլերի դիմելով, Վաշինգտոնը հազիվ թե մինչեւ վերջ գնա: Եվ ասել, որ Օբամայի կողմից Էրդողանին մատուցված հիշատակված կոտրած տաշտակից հետո Անկարան եւս պետք է, որ այդ մտավախությունն ունենա: Իսկ այդ դեպքում Թրամփը, փորձելով Էրդողանին նորից քաշել այդ մեծ խաղի մեջ, մեծ հավանականությամբ, միայն նրա հռետորաբանական օգնությունը կստանա, առանց գործնական քայլերի:
Բայց նաեւ, երբ դեռ ընթացքի մեջ է Վաշինգտոն-Անկարա այս խաղը, ասել, թե Թրամփը կամ նրա մերձավոր հրեական լոբբին կգնա այնպիսի արմատական քայլի, ինչպիսին կարող է լինել նախագահի ուղերձում Ցեղասպանություն տերմինի օգտագործումը, իհարկե, միայն չնչին հավանականություն ունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА