ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ  ՈՐՈՇ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

21.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԵՎ  ՈՐՈՇ ԽՈՐՔԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Եվ այսպես, մայրաքաղաքային ընտրարշավը պաշտոնապես մեկնարկում է: Եվ ընտրարշավի հետ միասին նաեւ սկսում է իր աշխատանքը ՀՀԿ-ի նախընտրական կայքը` www.loveyerevan.com: ՀՀԿ-ի կարգախոսն է` «Հանուն Երեւանի», «Ելքի» կարգախոսն է` «Երեւան ջան, ելք կա», Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» կարգախոսը այս պահի դրությամբ դեռ չի հրապարակվել: Եվ, ի դեպ, այդ երկու ընդդիմադիր միավորումների թեժ մրցակցությունը զգացվում էր դեռ մինչեւ քարոզարշավի պաշտոնական մեկնարկը` հիմնականում տարբեր ակնարկների ու սոցցանցային հրապարակումների տեսքով: ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ՃՇՄԱՐԻՏ ՃԱՆԱՊԱՐՀ
Քաղաքապետության երկու ընդդիմադիր հավակնորդները` Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը, թեեւ առայժմ առանձնահատուկ ծրագրային դրույթներ չեն ներկայացրել, այնուամենայնիվ, ընդհանուր խոստացել են, որ տեր կկանգնեն Ալեքսանդր Թամանյանի ժառանգությանը ու կլինեն, պատկերավոր ասած, «մայրաքաղաքի հավաքարարը»: 
Ընդհանուր առմամբ, դեռ օրեր առաջ մայրաքաղաքը մաքուր պահելու թեման դարձել էր հանրային բավականին լայն քննարկումների առարկա, եւ դատելով Ֆեյսբուքի օգտատերերի գրառումներից, դա մեր հայրենակիցներին ավելի շատ է հետաքրքրում, քան հավակնորդների իշխանական կամ ընդդիմադիր լինելը: Ու նաեւ բավականին տարածում է գտել այն թեզը, թե ով ավելի լավ կապահովի Երեւանի մաքրությունը, նա էլ թող լինի քաղաքային իշխանություն: 
Ի դեպ, բնակավայրերը աղբից ազատելու, մաքուր պահելու թեման քննարկման առարկա է դարձել, եւ կառավարության նիստին, ուր այդ հարցի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ «վիճակը ողբերգական» է, ու համապատասխան հանձնարարություններ է տվել` ինչպես տեղական ինքնակառավարման օղակներին, այնպես էլ` ոստիկանությանը: Փաստորեն առաջին անգամ է, որ ոստիկանությանը հանձնարարվում է մեր երկրի բնակավայրերը կեղտոտողներով եւ աղբը ուր պատահի նետողներով զբաղվել: Կարծում ենք, որ դա միանգամայն ողջունելի մոտեցում է, քանզի քիչ չեն այնպիսի ոչ գիտակից կամ համապատասխան դաստիարակություն չստացած քաղաքացիները, ովքեր կհասկանան, որ փողոցները կեղտոտել չի կարելի, միայն եթե գլխներին ոստիկան լինի: 
Ինչեւէ, գլոբալ առումով աղբահանության թեման պետք է վերաբերի ոչ միայն բնակավայրերի փողոցներին եւ այլ հանրային վայրերին, այլեւ հանրային այնպիսի միջավայրերին, ինչպիսիք են քաղաքական եւ քաղաքացիական դաշտերը, նաեւ` հսկայական քանակությամբ նեգատիվ տարածող լրատվական դաշտը: 

ԵՎ ԿՐԿԻՆ` 
ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հետաքրքրական է, որ մայրաքաղաքային ընտրարշավի մեկնարկից առաջ բավականին լայն քննարկման առարկա է դարձել ներքաղաքական դաշտին արտաքին խաղացողների միջամտության հարցը: Այսպես, «Նորավանք» կենտրոնի հրավերով բավականին պատկառելի միջազգային գիտաժողով է ընթանում, որի քննարկման առարկաներից մեկը տխրահռչակ «գունավոր հեղափոխություններն» են: Իսկ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ն իր ասուլիսում հրապարակել է կոնկրետ հետազոտություն, թե ովքեր ինչպիսի գումարներ են ստացել ԱԺ ընտրություններում օտարերկրյա պատվերները սպասարկելու համար:
Ըստ այդ ՀԿ ներկայացուցիչ Արման Ղուկասյանի` ընդհանուր առմամբ գրանտների տեսքով երկիր մուտք է գործել 1.241.714 դոլար գումար: Ի դեպ, լրագրողների եւ հանրության ուշադրությանը ներկայացված զեկույցը կոչվում էր «Հայաստանյան հասարակական կազմակերպությունները եւ արտաքին ազդեցության գործոնը. Ճշմարտություն` «Իրազեկ քաղաքացիների միավորման» եւ այլ հասարակական ուժերի մասին»: Այսինքն` կրկին առանցքային գործող անձանցից մեկը քաղաքացիական ակտիվիստ Դանիել Իոաննիսյանն է, ում կողմից գաղտնաձայնագրված դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններից 30-ի դատական հայցերն արդեն ընդունվել են: Ըստ Արման Ղուկասյանի` սույն երիտասարդի ՀԿ-ն միայն ԵԱՏՄ-ի դեմ քարոզելու նպատակով ստացել է 57.000 դոլար: Ըստ «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանի` «Հայկական հասարակական կազմակերպություններին տրամադրված գրանտների մասշտաբների եւ բովանդակության վերլուծությունը հիմք է տալիս ենթադրելու, որ արտերկրյա հիմնադրամները քաղաքականացնում են հասարակական կազմակերպությունների գործունեությունը` մղելով նրանց դեպի հակաօրինական դաշտ»: 
Դե ինչ, հակաօրինական դաշտին միանգամայն ցայտուն օրինակ է հենց տնօրենների գաղտնաձայնագրությունը: Ի դեպ, հիմա էլ այդ նույն Իոաննիսյանի տերերն ու պատվիրատուները  փորձում են ճնշումներ գործադրել պետության վրա, որպեսզի ճշմարտություն չհնչի իր իսկ կենսագրության ուշագրավ դրվագների, կամ ժողովրդի խոսքով ասած, «աչքի գերանի» մասին: Այսինքն` որպեսզի հանրությունը չտեղեկացված մնա: Մեր թերթն անդրադարձել էր այդ դրվագներին, ինչից հետո սույն ակտիվիստը փորձեց «անձնական գաղտնի տվյալների» պատրվակի տակ, իրավապահ մարմիններին դիմելով, մեր թերթին ներքաշել քրեական հետապնդման տիրույթ: 
Մինչդեռ ի՞նչ «անձնական գաղտնի տվյալների» մասին է խոսքը, եթե այդ ամբողջը ժամանակին եղել է ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում, այսինքն` որպես այդպիսին, ոչ մի գաղտնիք էլ չէ: Համ էլ, ի՞նչ «անձնական գաղտնի տվյալների» մասին կարող է խոսել Իոաննիսյանը, եթե համապատասխան էպիզոդները դադարել էին ներընտանեկան գործ լինել այն պահից, երբ սույն երիտասարդը սեփական մոր դեմ ոստիկանություն դիմում էր ներկայացրել` դրանով իսկ գաղտնազերծելով իր իսկ ընտանիքի գաղտնիքը: 
Ավելորդ չենք համարում հիշեցնել եւ ՀՀ օրենսդրությամբ ու միջազգային մի շարք փաստաթղթերով ամրագրված` մամուլի պարտավորությունը` հանրային շահի գերակայությունից ելնելով հանրությանը ներկայացնել տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր ծավալում են հանրային հրապարակային գործունեություն, հանդես են գալիս արդարության, օրինականության եւ այլ դրական բաների անունից, ներգրավված են հասարակական կամ հասարակական-քաղաքական հնչեղ գործընթացների մեջ: Օրինակ, եթե մեր թերթը հանրությանը չներկայացներ տեղեկությունները` նախընտրական գործընթացին բավականին սկանդալային մասնակցություն ունեցող եւ իր ՀԿ-ով նաեւ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ակտիվիստի մասին, ապա դա կլիներ, ըստ մեզ` հենց օրինախախտ վարքագիծ, որը հակասում է մամուլի առաքելությանը: 
Բնականաբար, սա առաջին դեպքը չէ, որ գրանտային սնունդ ստացող կառույցները փորձում են լռեցնել «Իրավունքը», ու մշտապես հայտարարություններ անելով ժողովրդավարական ազատությունների մասին, ըստ էության դուրս են գալիս հենց ժողովրդավարական հիմնարար սկիզբունքների դեմ, ու նաեւ փորձում են պետությանը ներքաշել այդ սկզբունքների դեմ պայքարի մեջ: Նույնը փորձում էին անել աղանդավորները, այնուհետ` սեռական փոքրամասնությունների լոբբիստները, հիմա էլ` տարատեսակ «քաղաքացիական», իսկ ավելի ստույգ` հակաքաղաքացիական ՀԿ-ներն ու անձինք: 

«ԹԵԺ» ՄԱՅԻՍ, 
ԿԱՄ ՈՄԱՆՔ ՈՉ ԱՅՆՔԱՆ 
ԱԶՆԻՎ ԵՆ
Թեեւ դա ուղղակի ազդեցություն չունի Երեւանի ավագանու ընտրությունների վրա, այնուամենայնիվ, երկրի ներքին կյանքում որոշակի շտկումներ է մտցնում այն հանգամանքը, որ ապրիլի 25-ին Սահմանադրական դատարանը սկսում է քննել ԱԺ ընտրություններում խայտառակ եւ ջախջախիչ պարտություն կրած ՀԱԿ-ի հայցը: Անշուշտ, անգամ կախարդական փայտիկի օգնությամբ ԼՏՊ-ն չի կարող ապացուցել բացարձակ անապացուցելին` իբր պարտություն է կրել «զանգվածային խախտումների» պատճառով, բայց որոշ չափով կարող է լրացուցիչ սնունդ տալ օդը պղտորող որոշ գրանտակեր կառույցներին եւ նրանց պատվիրատուներին: Բայց ՍԴ-ի դատական գործընթացը բերում է նրան, որ անգամ ամենաարագ քննության դեպքում նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը ամենաշուտը կգումարվի մայիսի 11-ին, իսկ ավելի հավանական է` մայիսի 18-ին: Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 14-ին: Այսինքն` ավագանու ընտրությունն ու խորհրդարանի անդրանիկ նիստը լինելու են գրեթե միաժամանակ: 
Խորհրդարանի աշխատանքի մեկնարկի ձգձգումը ունենալու է կողմնակի այնպիսի ազդեցություն, ինչպիսին ավագանու ընտրություններին չմասնակցող Ծառուկյան դաշինքի ներսում ինտրիգների ու տարատեսակ խաղերի ձգձգումը: Խոսքն այն երեւույթի մասին է, թե ով «կամոք թագավորի» այդտեղից պետք է գնա ԱԺ, ով հրաժարվի մանդատից, իսկ ով կհրաժարվի հրաժարվելուց: Բնականաբար, այդ ժամանակաշրջանի ձգձգումը միայն կնպաստի առկա ներքին տարաձայնությունների խորացմանը: ԱԺ անցած, սակայն ավագանու ընտրություններից խուսափած ՀՅԴ-ի պարագայում էլ այդ «լրացուցիչ ժամանակը» որոշ ազդեցություն կունենա: Ճիշտ է, մանդատներ վերցնել-չվերցնելու հարց այդտեղ, կարծես թե, չկա, սակայն ինչքան ավելի ուշ է մեկնարկում ԱԺ աշխատանքը, այնքան ավելի շատ են դաշնակները խրվում այնպիսի խաղի մեջ, ինչպիսին է սեփական կոալիցիոն հավակնությունները չափից դուրս ուռճացնելը: 
Սակայն վերադառնանք «մայրաքաղաքի կամավոր հավաքարար» Նիկոլ Փաշինյանին եւ Զարուհի Փոստանջյանին: Խոշոր հաշվով, «Ելքի» կողմից այնքան էլ ազնիվ չէ Նիկոլին ներկայացնել որպես քաղաքապետի թեկնածու, քանզի ոչ միայն գործնականում այդ հավակնությունը չի կարող իրականանալ, այլեւ այդ ուժը չի թողնելու ԱԺ ամբիոնը եւ լծվելու ավագանու աշխատանքներին: Ավագանի այդտեղից գնալու են հանրությանը գործնականում քիչ հայտնի մարդիկ:
Իսկ Զարուհի Փոստանջյանը, թեեւ գնալու այլ տեղ չունի, քան Երեւանի ավագանին, ուր եւ կտեղափոխի իր ավանդական, մինչ այդ խորհրդարանական լաչառությունները, բայց որոշակի հարցեր են առաջանում: Օրինակ, անցյալ տարի նա սատարում էր ՊՊԾ գունդը զավթած զինյալներին եւ քիչ էր մնում իրականացներ ոստիկանական ուժերի շղթայի ճեղքում Սարի թաղով: Նա մշտապես հայտարարել է, որ չի հավատում երկրում որեւէ փոփոխություն ընտրությունների միջոցով իրականացնելուն, բայց դատելով ակտիվ եւ փութաջան ներգրավմանը ավագանու ընտրություններին` իրականում լավ էլ գիտի ընտրությունների «ղադրը»: Այսինքն` իր ծայրահեղականության մեջ տիկինը այնքան էլ անկեղծ չէ:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը` լրատվական դաշտում հայտնվեց տեղեկություն, որ տիկին Զարուհու կուսակցության ֆինանսավորողը ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Գրիգորյանն է: Զարուհի Փոստանջյանը միշտ շեշտել է սեփական թունդ արեւմտամետությունը, միշտ ամեն ինչի մեղավոր հռչակել է ռուսներին, եւ հիմա հանկարծ նրան հովանավորում է ռուսաստանաբնակ խոշոր գործարար: Արդյոք կա՞ մեկը, որ հավատա, որ Ռուսաստանի խոշոր գործարարը կարող է հակառուսական լինել: Ուրեմն ինչ, կարող է նաեւ փո՞ղը որոշել, թե որ գերտերությանը կսիրի կամ կատի «Երկիր ծիրանի» կուսակցությունը: 
Այդ բոլորի խրթին պահերը, բնականաբար, կարիք ունեն, այսպես ասած, «պարզաջրման»: Միգուցե, կկարողանա՞նք այդ «պարզաջրմանը» ականատես լինել մինչեւ քվեարկության օրը: Շատ հնարավոր է, քանզի ապրում ենք տեղեկատվական դարաշրջանում, երբ ճշմարտությունը շատ արագ է բացահայտվում, եւ գաղտնիքի գաղափարը, որպես այդպիսին, դարձել է պայմանական: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА