ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով եւ ինչպես է կարգավորում մոպեդների եւ հեծանիվների շարժը փողոցներում` մանրամասնում է ոստիկանության փոխգնդապետը

21.04.2017 13:45 ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ով եւ ինչպես է կարգավորում մոպեդների եւ հեծանիվների շարժը փողոցներում` մանրամասնում է ոստիկանության փոխգնդապետը

ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, փոխգնդապետ Արմեն Խաչատրյանից փորձել էինք հետաքրքրվել, թե ինչպե՞ս է կարգավորվում մոպեդների եւ հեծանիվների շարժը մայրաքաղաքում, ովքե՞ր են պատասխանատու տվյալ միջոցների համար: Եվ եթե խախտում է արձանագրվում տվյալ միջոցների կողմից ինչպե՞ս եւ ո՞վ է այն կարգավորում:
Հարցերի պատճառը մի շարք վարորդներից ստացված դժգոհություններն էին` կապված հաճախակի հանդիպող «Menu.am»-ի մոպեդների աշխույժ երթեւեկության հետ: Վարորդներից մեկը պատմեց. «Երթեւեկում էի մի բարդ իրավիճակում, երբ մեքենայիցս մինչեւ կողային մեքենան եղած մի նեղլիկ արանքով մի կերպ խցկվելով` առաջ անցավ առանց համարանիշների մոպեդը: Այն վարում էր երեւի 16-17 տարեկան մի պատանյակ, ով, վստահ եմ, ոչ միայն վարորդական վկայական չուներ, այլ նաեւ չէր տիրապետում երթեւեկության տարրական կանոններին: Եվ խնդիրն այն չէ, որ կբախվեր ինձ, եւ պատկերացում անգամ չէի ունենա, թե ապահովագրությունն ինչպես է գործելու: Շատ ավելի ծանր էր այն գիտակցությունը, որ երթեւեկությանը չտիրապետող երեխան ողջ օրը փողոցում այդպես ծանր երթեւեկության մեջ է. ամեն վայրկյան ինչ փորձանքի ասես կարող է գալ:
Եվ նաեւ հավելեմ, որ փողոցներում տեսանելիորեն շատացել են նաեւ հեծանվորդները: Նորից շատ հաճախ պատանյակներ են եւ նույնիսկ` աղջնակներ: Բայց երթեւեկում են մեքենաների կողքին, առանց այն էլ` մեր քաղաքային ծանր երթեւեկության պայմաններում: Ինչ է, մի քանի փորձանք է պետք, որ այդ մասին մտածո՞ղ լինի»:

Խոստովանենք, որ մտահոգությունն իրոք տեղին է: Ավելին, ո՞ր մի վարորդը նման մոպեդավարների եւ հեծանվորդների չի հանդիպել: Ուրեմնª ինչպե՞ս է օրենքը կարգավորում այս խնդիրը:
Մեր հարցին ի պատասխան` փոխգնդապետ Խաչատրյանը մասնավորապես տեղեկացրեց.
- «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համաձայն` մոպեդները համարվում են մեխանիկական տրանսպորտային միջոցներ: Սակայն ՀՀ կառավարության 2010թ.-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման համաձայն` պետական գրանցման են ենթակա 50 խսմ եւ ավելի բանվորական ծավալով շարժիչ ունեցող մեխանիկական տրանսպորտային միջոցները: «Menu.am»-ին պատկանող «Honda Gyro Canopy» մոպեդների շարժիչների բանվորական ծավալները 49 խսմ են, հետեւաբար` դրանք Ճանապարհային ոստիկանությունում չեն գրանցվում (հաշվառվում):
Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում "Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, իսկ հետագայումª նաեւ ՀՀ կառավարության 2008թ.-ի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն եւ 2010թ.-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնցով նախատեսվում է մոպեդների գրանցումը (հաշվառումը) Ճանապարհային ոստիկանությունում եւ 16 տարեկանը լրացած անձանց մոպեդներ վարելու համար «AM» ենթակարգի վարորդական վկայականի տրամադրումը: 
Նշված տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջերի խախտման համար վարչական ներգործության միջոցներ կիրառվում են ընդհանուր հիմունքներով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА