ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ինքնանպատակ չէ»

19.04.2017 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ինքնանպատակ չէ»

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքից Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը ստացավ շուրջ 61.074 ձայն, եւ այդ ընտրատարածքից պատգամավորներ ընտրվեցին ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը` 27107 ձայնով, եւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը` 19.874 ձայնով: Ամփոփելով նախընտրական եւ հետընտրական գործընթացները` «Իրավունքը» զրուցեց տվյալ ընտրատարածքից ամենաշատ ձայները ստացած ԱԺ ՀՀԿ խմբակցության արդեն նորընտիր պատգամավոր ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:Фото Sarafyan Hrant.

«ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ԱՍՎԱԾՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ, ԿԱՐԾԵՍ ԹԵ, ԱՇԽԱՏԵՑ»

–Պարոն Սարգսյան, թիվ մեկ ընտրատարածքում ընտրողների ամենաշատ քվեներին Դուք արժանացաք: Ավանում պարզ է, որ ընտրողները տեսել էին Ձեր կատարած աշխատանքը: Հետաքրքիր է` ինչպե՞ս հաջողվեց գրավել նաեւ Նոր Նորքի եւ Քանաքեռ-Զեյթունի ընտրողների համակրանքը:

– Երեւանը փոքր քաղաք է, լավ ու բարի տեղեկությունները շատ արագ են հասնում, եւ բնական է, որ իմ կատարած աշխատանքի, բնակիչների հանդեպ ունեցած վերաբերմունքի, պատգամավորական գործունեությունս կազմակերպելու կոնկրետ սկզբունքների մասին գիտեն կամ իմանում են նաեւ Նոր Նորքում եւ Քանաքեռ-Զեյթունում: Բայց մյուս կողմից ամեն ինչ թողնել մարդկանց, սխալ է: Իմ թիմը, ես նախընտրական ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել, հանդիպումներ ենք ունեցել նաեւ ձեր նշած վարչական շրջաններում, որտեղ առաջարկել եմ մեր քաղաքացիներին միանալ ինձ, մեր մեծ ընտանիքին եւ միասին շարժվել առաջ:

– Ինչպե՞ս կգնահատեք ողջ ընտրապայքարը, հատկապես, որ նույն ընտրատարածքում ընդդիմադիր վարկանիշային պատգամավորներից շատերը, պարզապես, տապալվեցին` իրենց քաղաքական ուժերով հանդերձ:

– Ընտրապայաքարը, իսկապես, հետաքրքիր էր ու մրցակցային: Ռեյտինգային ասվածն իրականում, կարծես թե, աշխատեց: Մարդիկ ընտրեցին նրան, ում հավատում են, վստահում, ով ունի փորձ, անցած աշխատանքային ճանապարհ, հարգանք ու հեղինակություն: Թե ինչու տապալվեցին, դրա պատասխանը մեկն է` մեր ազգաբնակչությունն արդեն շատ լավ գիտի իրականում ով եւ ինչ է արել իր համար, ով եւ ինչ է պատրաստվում անել իր համար: Այս ամենին եթե հավելենք գաղափարական ու ծրագրային դեֆիցիտը, պարզ էր, որ նրանք չէին կարող հաջողություն ունենալ:

«ԸՆԴԱՄԵՆԸ ԼՐԱՏՎԱԿԱՆ-ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՈՔՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԷԻՆ»

Фото Sarafyan Hrant.–Նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ հետընտրական շրջանում շատ խոսվեց, թե բավական լարված են Ձեր եւ նույն ընտրատարածքից ընտրված պատգամավոր Միհրան Պողոսյանի հարաբերությունները: Որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը:

– Ես Միհրան Պողոսյանի հետ չունեմ լարված հարաբերություն, դրանք ընդամենը լրատվական-քարոզչական փոքրիկ ինտրիգներ էին, որոնք ընթերցողին, բնականաբար, մեծ հետաքրքրություն էին տալիս: Միհրան Պողոսյանի հետ ունեմ ջերմ հարաբերություններ:

– Առհասարակ, մեր իրականության մեջ քաղաքական գործիչներին անդրադառնում են շեշտադրումով, թե ով ում բարեկամն է: Այս դեպքում Մարգարյանների ընտանիքի բարեկամը լինելը` կարելի՞ է ասել, որ առավել ծանր բեռի տակ է դնում Ձեզ: 

– Իմ հարցազրույցներից գրեթե բոլորում  ասել եմ, որ ինձ համար մեծ պատիվ ու հպարտություն է լինել Անդրանիկ Մարգարյանի ընտանիքի բարեկամը: Սա միայն լրացուցիչ պատասխանատվություն է:

«ՉԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՆԵԼ ԲԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿԵՂԾ ԵՆ»Фото Sarafyan Hrant.

–Այս անգամ խորհրդարանում այլեւս նորեկների շարքում չեք դասվում եւ ունեք օրենսդրական աշխատանքի փորձ: Ի՞նչ առաջնահերթ խնդիրներ եք տեսնում, որոնք կբարձրաձայնեք Ազգային ժողովի ամբիոնից:

– Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց կան բազում խնդիրներ, որոնք անհանգստացնում են մեր բնակիչներին եւ որոնց ուղղությամբ պետք է լրջագույն աշխատանք տանել: Ամենակարեւոր խնդիրներից է` պետական օղակների հետ քաղաքացիների շփման առավելագույնս բացառում:

– Ի դեպ, մամուլում երբեմն-երբեմն գրում են այն մասին, որ Դուք խորհրդարանական քչախոս պատգամավորներից եք: Կարելի՞ է ասել, որ խոսելու փոխարեն լուռ գործ անելը Ձեր գործելաոճն է, թե՞ արդեն որոշակի փորձ կուտակելով` կփորձեք մրցել, այսպես ասած, Ազգային ժողովի «շատախոսների» հետ:

– Լուռ աշխատելը ոչ թե գործելաոճ է, այլ կարելի է ասել բնավորություն կամ մի բանաձեւ, որով իմ կյանքում մշտապես առաջնորդվել եմ: Որեւէ մեկին ապացուցելու բան չունեմ, չեմ սիրում անել բաներ, որոնք կեղծ են: Ազգային ժողովի ամբիոնից ելույթ ունենալն ինձ համար ինքնանպատակ չէ, հավատացնում եմ, դրա ժամանակն էլ կգա, երբ հասկանամ, որ այն հարցերը, որոնք մարդիկ ինձ ուղղում են, պատասխան կարող են ստանալ միայն հրապարակային ելույթների ժամանակ:

«ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇԱՆՍԵՐԸ ՇԱՏ ՄԵԾ ԵՆ»

Фото Sarafyan Hrant.Անդրադառնանք նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին: Բարեկամական հարաբերությունները մի կողմ թողնելով` որպես պատգամավոր, ի՞նչ կասեք Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ ողջ Հանրապետական կուսակցության շանսերի մասին:

– Մեր կուսակցության, մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանի հաղթանակի շանսերը շատ մեծ են: Բոլորի համար էլ անզեն աչքով երեւում է այն ահռելի աշխատանքը, որը կատարվել է Երեւանում վերջին տարիներին:

– Ավանը միշտ էլ համարվել է Երեւանի օրինակելի վարչական շրջաններից մեկը, իսկ ի՞նչ կցանկանայիք փոխված տեսնել Երեւանի այլ վարչական շրջաններում:

– Երեւանն ունի այնպիսի քաղաքապետ, ում համար վարչական շրջանների հավասարաչափ զարգացումը կոնկրետ որդեգրած քաղաքականություն է: Վստահ եմ, որ ապագայում մենք ունենալու ենք շատ ավելի բարեկարգ, մաքուր, կանաչ ու հարմարավետ Երեւան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА