ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.04.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Թեեւ էրդողանական հանրաքվեով Թուրքիայում կատարյալ բռնապետություն է հաստատվում, այսինքն` Թուրքիան գալիս է իր բնական եւ մշտական նկարագրին, այնուամենայնիվ, զարմանալիորեն պատգամավոր Կարո Փայլանի խիզախության օրինակը վարակիչ է դարձել: Այսպես, «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԿՅԱՆԸ բացեիբաց մատնանշում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայությունը բարիք է Հայաստանի համար. «Քաղաքական եւ դիվանագիտական հարաբերություններ չկան, եւ սա Հայաստանի համար լավ է: Սահմանների բացումը կարող է տարբեր նշանակություն ունենալ: Մենք հույս ունեինք, որ սահմանների բացումը 2 հասարակությունների համար բարիք կլինի: Սակայն Թուրքիան ավելի ու ավելի վտանգավոր երկիր է դառնում, այնպես որ` ավելի լավ է նրանից հեռու մնալ»: Դե ինչ, մարդը Թուրքիան ներսից գիտի, ինքն իրեն ռիսկի ենթարկելով` ասում է ճշմարտությունը, մինչդեռ մեզանում կան թափթփուկ կամ խելապակաս գործիչներ, ովքեր զարմանալիորեն փորձում են հավատացնել, թե Թուրքիան քաղաքակրթվել է: 
Ցանկացած ողջամիտ մարդու հայտնի է, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Երեւանի քաղաքապետ դարձող չի, ու քանի որ ընտրվել է ԱԺ պատգամավոր, խորհրդարանը կգերադասի Երեւանի ավագանուց: Այդ պարզագույն դատողությունը հնչեցրել էր նաեւ Զարուհի Փոստանջյանը, որը թեեւ հռչակում է «քաղաքապետարանը գրավելու» նույնպես ֆանտաստիկ գաղափար, բայց Փաշինյանի պահով հաստատ իրավացի է, սակայն դրան Նիկոլ Փաշինյանը որոշեց հակադարձել «Ազատություն» ռադիոկայանի եթերում. «Առաջադրված եմ Երեւանի քաղաքապետի թեկնածու, եւ ընդհանրապես, իմ քաղաքական գործունեության ընթացքում չի եղել որեւէ դրվագ, որ ես առաջադրվեմ որեւէ կարգավիճակի` առանց հավակնելու այդ կարգավիճակին»: Այստեղ մնում է արձագանքել «յա, իրո՞ք» հռչակավոր բանաձեւով: Դե, ԱԺ ընտրություններից առաջ էլ, նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե հավակնում է առաջին տեղին, բայց արդյունքում եղավ երրորդ տեղը, որից ամենեւին էլ դժգոհ չէ: Հետաքրքիր է, ինքը` Փաշինյանը, հավատո՞ւմ է, որ կդառնա քաղաքապետ, որպեսզի կարողանա երեւանցիներին էլ հավատացնել:
Սակայն քաղաքական ֆանտաստիկայի ժանրի բաներ խոսում է ոչ միայն Փաշինյանը: Այսպես, հայտնի ՀՀՇ-ական գործիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻԳԻԹՅԱՆԸ նույնպես ֆանտաստիկ բան հայտարարեց, որը սակայն միաժամանակ չարություն է պարունակում. «Շատ կասկածելի բաներ կային այս ընտրությունների ժամանակ, ընտրողը խուճապի էր մատնվել»: Զարմանալի է, որտեղ է պարոն Իգիթյանի աչքին խուճապ երեւացել, այդ որ մի ընտրատեղամասում էր... Թե նրան թվում է, որ ընտրողի համար ընտրատեղամաս գնալը ոչնչով չի տարբերվում անփորձ եւ անզեն մեկի կողմից գիշատիչ գազաններով եւ թունավոր օձերով լեցուն ջունգլիներ խրվելը: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է պարզապես հավատալ սեփական աչքերին, այլ ոչ թե հիվանդագին երեւակայություն ունեցող գործիչներին:
Իսկ «ՔԱՐՖՈՒՐ» սուպերմարկետում հայտնվել է բրինձ, որի փաթեթավորման վրա գրված է, թե արտադրված է Արցախում: Սակայն հետո զարմանալիորեն պարզվեց, որ Արցախում բրնձի արտադրություն չկա: Ինչպես հայտարարեց Արցախի Հանրապետության գյուղնախարարության բուսաբուծության եւ բույսերի պաշտպանության բաժնի վարիչ Վիլեն Ավետիսյանը. «Ճիշտն ասած, մենք էլ ենք հիմա այդ հարցով զբաղված, ուսումնասիրություններ ենք կատարում, որոշ ժամանակ հետո ավելի հստակ պատասխաններ կլինեն: Հիմա ճշտում ենք, տեսնենք, թե ով է, որտեղից է այդ ապրանքը: Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Հնդկաձավար մշակում ենք, հաճար մշակում ենք, կտավատ, արեւածաղիկ, բայց բրինձ` ոչ»: Անշուշտ, արտադրանք կեղծելը վատ բան է, բայց տվյալ դեպքում մենք այս փաստում, ինչքան էլ զարմանալի լինի, նաեւ դրական պահ ենք տեսնում: Չէ՞ որ կեղծում են միայն լավ ապրանքը, ուստի մնում է շնորհավորել արցախցիներին այն փաստի արձանագրման կապակցությամբ, որ իրենց գյուղմթերքը լավն է: 
Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА