ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԼՏՊ-Ն ԴԵՌ ԵՐԱԶՈՒՄ Է ԵՂԲԱՅՐԱՆԱԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆՆԵՐԻ ՀԵՏ

19.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈ՞Ւ ԼՏՊ-Ն ԴԵՌ ԵՐԱԶՈՒՄ Է ԵՂԲԱՅՐԱՆԱԼ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՈՒԼԹԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Թուրքիայի սահմանադրական հանրաքվեն հազիվ էր ավարտվել, որ դրա շուրջ միանգամից մի քանի ուշագրավ զարգացումներ նկատվեցին: Այն, որ առաջինը հասցրեց Էրդողանին շնորհավորել Իլհամ Ալիեւը, սպասելի էր: Նույնքան սպասելի էր նաեւ շիա-իսլամական մյուս բոլոր շեյխ-սուլթանների շնորհավորանքները: Դրանց հաջորդեցին եւս որոշ շնորհավորանքներ, որոնք արդեն անսպասելի էին, թեեւ տրամաբանությանը չհակասող:ԹՐԱՄՓԻ ՆՈՐ ՇՐՋԱՊԱՏԸ
Այսպես, ամենեւին էլ չէր սպասվում, որ Էրդողանին կշնորհավորեն Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումներից մի քանիսը: Այդ թվում՝ Իդլիբում կենտրոնացած «Ահրար աշ-Շամը» եւ «Ջեյշ ալ-Իսլամը»: «Շնորհավորում ենք մեր թուրք եղբայրներին՝ հանրաքվեի արդյունքների հետ կապված եւ խնդրում ենք Ալլահին՝ օգնել նախագահ Էրդողանին»: Այդ բավականին զորեղ խմբակցությունների եւ Անկարայի միջեւ կապերի մասին նոր չէ, որ խոսակցություններ կան: Բայց, որ նման շնորհավորանքով դա ի ցույց կդնեին ու դրանով «Ալլահի օգնության» փոխարեն՝ փաստի առաջ կկանգնեցնեին Էրդողանին, դա շատ հետաքրքիր է:
Ահաբեկիչներին դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ պակաս ուշագրավ չէր նաեւ օվկիանոսի այն կողմից եկած շնորհավորանքը: Ըստ Սպիտակ տան տեղեկատվության, Թրամփը հեռախոսազրույց ունենալով Էրդողանի հետ, նրան շնորհավորել է հանրաքվեում հաղթելու առիթով եւ շնորհակալություն հայտնել Սիրիային հասցված հրթիռային հարձակմանն աջակցելու համար:
Թրամփի այս շնորհավորանքն առնվազն տարօրինակ է այնքանով, որ մինչ այդ պետքարտուղար Թիլերսոնը հիշեցրել էր հանրաքվեի հետ կապված արեւմտյան դիտորդական առաքելությունների մտահոգությունների մասին, ակնարկելով, որ ԱՄՆ-ն սպասում է վերջնական զեկույցներին: Այսինքն, ԱՄՆ-ի գոնե պաշտոնապես հիմնական դաշնակից Եվրոպան պաշտոնապես առավել քան զգուշավոր է այս հարցում, իսկ ՌԴ-ն եւ Իրանը դա միայն համարեցին Թուրքիայի ներքին գործը, եւ, որ իրենք ընդամենը կարող են ընդունել հանրաքվեի ներկայացված արդյունքները: Ու նույնիսկ ԱՄՆ-ի եվրոպական գերհավատարիմ Լեհաստանը միայն հայտարարեց, թե ի գիտություն է ընդունում թուրքական հանրաքվեն: Մյուս կողմից, հազիվ էր հանրաքվեն ավարտվել, որ Էրդողանը մարտահրավեր հղեց Եվրոպային, թե՝ պատրաստվում է Թուրքիայում վերականգնել մահապատիժը, որին Եվրոպան արձագանքեց, թե՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը վերջնականապես կհանի օրակարգից: Մինչդեռ Եվրոպայից զատ, ժամանակին ԱՄՆ-ը եւս կոշտ է պատասխանել Անկարայի նման հայտարարություններին, ու այսքանից հետո... Թրամփը շնորհավորում է Էրդողանին:Գումարած դրան, գաղտնիք չէ, որ թուրքական ընդդիմությունը միշտ էլ գործել է վաշինգտոնյան համակողմանի հովանավորությամբ, ու հիմա էլ առանցքային ընդդիմադիր գործիչներից մեկը՝ Գյուլենը, ով մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու մեջ, ԱՄՆ-ում է: Իսկ փաստն այն է, որ Էրդողանը, այն էլ՝ մասշտաբային ընտրակեղծիքներով հասնելով սահմանադրական փոփոխության, սպառնում է առաջին հերթին հենց ընդդիմությանը վերջնականապես արենայից դուրս մղել, ինչը ջուրն է լցնում նաեւ այդ ներթուրքական ռեսուրսով Էրդողանի վրա ազդելու Վաշինգտոնի հնարավորությունները, էլ չասած՝ տարիներով ներդրված հսկայական ամերիկյան փողերի մասին: Եվ Թրամփը իր այդ շնորհավորանքով գործնականում զրոյացրեց նաեւ հետընտրական սրացումների, թեեւ նույն ընդդիմությունը արդեն իսկ հասցրել էր բողոքարկել հանրաքվեի արդյունքները:
Վերջապես, Էրդողանը այս հանրաքվեով փոխեց այն կառավարման մեխանիզմը, որը Քեմալի միջոցով Թուրքիայում ներդրել էր անգլոսաքսոնական քաղաքականությունը: Այդ մեխանիզմների միջոցով էր, որ ԱՄՆ-ը կարողանում էր տասնամյակներով վերահսկողություն տակ պահել Թուրքիան՝ մինչեւ իսկ պարբերաբար կազմակերպելով ռազմական հեղաշրջումներ, եթե թուրքական իշխանավորներից մեկը փորձում էր մի փոքր ավելի ինքնուրույնություն դրսեւորել: Ու Թրամփն իր շնորհավորանքով փաստացի փոխեց անգլոսաքսոնական այդ հարյուրամյա քաղաքական կուրսը:
Այսպիսով՝ շատ չէի՞ն քաղաքական տաբուները, որ Թրամփը խախտեց իր այդ մի հեռախոսազրույցով: Եվ դրանից էլ զատ՝ Էրդողանին շնորհավորողների բավականին հետաքրքիր շրջապատ իր համար ստեղծեց Թրամփը. Ալիեւ, արաբ շեյխեր, ահաբեկչական խմբավորումներ...

ՈՒՄ ՇԱՀԵՐՆ Է ԱՌԱՋ ՏԱՆՈՒՄ 
ԱՄՆ «ԳՈՐՇ ԿԱՐԴԻՆԱԼԸ»
Սակայն այստեղ կարելի է որոշ դրվագներ էլ աչքաթող չանենք: Նախ՝ Թրամփը հարվածեց Սիրիային այն պահին, երբ Իդլիբից դեպի հարավ այդ նույն ահաբեկչական խմբավորումների նախաձեռնած հարձակումը կասեցվել էր հարձակվողների համար մեծ կորուստներով, եւ սիրիական բանակն էր պատրաստվում մասշտաբային հարձակման, որը կարող էր եւ հանգեցնել Իդլիբի եթե ոչ ամբողջական, ապա՝ մեծ մասի ազատագրմանը: Նաեւ հավելենք, որ Սպիտակ տունը հենց նույն հատվածում գործող խմբավորումների եւ նրանց կից գործող այլ կառույցների տեղեկություններից ելնելով էր հայտարարում, թե Ասադը Իդլիբում քիմիական զենք է կիրառել:
Կարճ ասած` այն, որ Թրամփը կամա թե ակամա կամ, ինչպես խոսվում է, դստեր՝ Իվանկայի խնդրանքով արդեն իսկ մեծ ծառայություն էր մատուցել իդլիբյան ահաբեկիչներին: Ի դեպ, Իվանկայի մասին որոշ բաներ կարելի է հիշեցնել: Այդ թվում, թե ինչպես Ջարեդ Քուշների հետ ամուսնանալուց առաջ փեսացուի խնդրանքով կրոնափոխ եղավ՝ ընդունելով օրթոդոքս հուդայիզմն ու Յաել անունը: Իսկ այս կրոնական ուղղությունը ունի նման առանձնահատկություն. կրոնափոխ հավատացյալը անցնում է պարտադիր բավականին բարդ ընթացակարգով, որն ավարտելով եւ դառնալով կրոնական հանրության անդամ, պարտավորվում է առաջնորդվել բացառապես այդ հանրության շահերով: Իսկ այդ շահերը, նոր բան չէ, միշտ էլ տարել եւ տանում են դեպի Իսրայել: Բնական է, նույն, այսպես ասենք, կրոնաքաղաքական պարտավորությունները կրում է նաեւ Իվանկայի ամուսինը՝ Ջարեդը: Առավել եւս, որ նա Նյու-Յորքի հրեական համայնքի հիմնական առաջնորդներից մեկի՝ միլիարդատեր Չարլզ Քուշների որդին է: Եվ այս ամենը ավարտենք վերջին փաստով. Ջարեդն այս պահին ունի Թրամփի վարչակազմի «գորշ կարդինալի» համարում: Այսինքն, Իսրայելի շահերով առաջնորդվելու պարտավորություն ունեցող Իվանկա-Ջարեդ ամուսնական զույգը ամերիկյան քաղաքականության հիմնական կերտողներից են: Եվ պատահական չէ, որ Սիրիային հարվածելը կապվում է Իվանկայի անվան հետ: Սրանից զատ էլ չմոռանանք, որ դեռ մինչ ընտրվելը եւ ընտրվելուց հետո Թրամփը քանիցս արտահայտվել է ԱՄՆ-Իսրայել դաշինքն առաջին պլանում տեսնելու օգտին: 
Իսկ Իսրայելի շահը պահանջո՞ւմ է սիրիական պատերազմի ավարտը: Հարցի պատասխանը թերեւս տալիս են հետեւյալ փաստերը. իսրայելյան ավիացիան քանիցս, այդ թվում՝ վերջին ժամանակներս հարվածներ հասցրեց սիրիական կառավարական կարեւորագույն ռազմական օբյեկտների: Վերջին նման հարվածներից հետո, ծայրահեղ սրվեցին ռուս-իսրայելյան հարաբերությունները, թեեւ դա քիչ տեսանելի մնաց: Ընդ որում, Սիրիան պաշտոնապես սպառնաց պատասխան հարվածով, իսկ ՌԴ-ն ոչ պաշտոնապես տեղեկացրեց Իսրայելին, որ կոչնչացնի Սիրիա մտնող նրանց ինքնաթիռները: Ու պատահակա՞ն էր, որ դրան հաջորդեց ամերիկյան հարվածը...
Իսկ երկա՞ր կշարունակվի սիրիական պատերազմը, եթե Թուրքիան շարունակի խորացնել համագործակցությունը ՌԴ-Իրան ուղղությամբ. հազիվ թե: Ու երբ Թրամփը, շնորհավորելով Էրդողանին, նաեւ շնորհակալություն է հայտնում Սիրիային ամերիկյան հարվածներին աջակցելու համար, դժվար չէ կռահել, որ Թուրքիային սիրիական խաղի մեջ պահելը մտնում է Սպիտակ տան ծրագրերի մեջ: Այլ բան, որ կա քրդական խնդիրը, այսինքն՝ միայն մի սովորական շնորհավորանքով, Թրամփին հազիվ թե հաջողվի Էրդողանի պես աղվեսին  իրենով անել: Առավել եւս, որ այդ կերպ Թրամփը կորցրեց նաեւ ներթուրքական ընդդիմության միջոցով Էրդողանի վրա այս փուլում ազդելու կարեւորագույն լծակը:

«ԲԱՋԱՆԱՂԱԿԱՆ» ԿԱՊԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Եվ սրա հետ մեկտեղ նաեւ չմոռանանք առաջինը Էրդողանին շնորհավորած Ալիեւին: Վերջին գլոբալ սրացումների եւ հայաստանյան ընտրությունների ֆոնին, անշուշտ, ղարաբաղյան գործընթացը պասիվացել է: Բայց նաեւ չմոռանանք մինչ այդ եղած ազդակները, որ առջեւում գերակտիվ փուլ կլինի: Առավել եւս, որ սիրիական սրացումները ՌԴ-ի համար էլ ավելի կարեւոր են դարձնում կովկասյան տարածաշրջանում կայունությունը:
Մյուս կողմից, եթե Թրամփը աղջկա եւ փեսայի շնորհիվ այդքան ջերմեռանդորեն է մտածում Իսրայելի շահերի մասին, ուրեմն չմոռանանք նաեւ հետեւյալը: Գաղտնիք չէ, որ իսրայելյան հիմնական շահերից է Իրանի թուլացումը, եւ այդ նպատակով, նաեւ Ադրբեջանին հակաիրանյան դաշտում պահելը: Կհաջողվի՞ դրան հասնել, եթե սկսի գործել Իրան-Ադրբեջան-ՌԴ բեռնափոխադրումների մեծ ծրագիրը. հազիվ թե: Եվ պատահական չէ, որ դեռ անցած տարվանից էր վարչապետ Նեթանյահուն ակտիվացել՝ մինչեւ իսկ Բաքվին առաջարկելով ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան դաշինք: Ալիեւը, իհարկե, հասկանում է, որ դա կդառնա ՌԴ-ին ուղղված բաց մարտահրավեր: Ընդ որում, նույնիսկ այն բանից հետո, երբ Սպիտակ տանն այդքան մեծ հնարավորություններ է ստացել հրեական լոբբին, Ալիեւի համար նման դաշինքի հեռանկարը մնում է միանգամայն ռիսկային: Ի վերջո, ԱՄՆ-ը կարող է եւ Սիրիային մի քանի հրթիռներով հարվածել: Բայց դա չի նշանակում, որ կովկասյան տարածաշրջանում ռուսների հետ կցանկանա բաց հակամարտության մեջ մտնել:
Այլ բան, որ վերջերս ղարաբաղյան թեմայով Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռիչարդ Հոգլանդի գերակտիվացումը դեռ այն օրերին էր հուշում, որ Վաշինգտոնն ամենեւին էլ չի պատրաստվում խնդրի շուրջ պասիվ դիտորդի դերում մնալ: Թերեւս սրան պետք է գումարել նաեւ հայաստանյան նախընտրական փուլում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ պակաս ակտիվացումը: Առավել եւս, երբ առաջ էր քաշում ղարաբաղյան կարգավորման ու թուրքական ուղղությանն առնչվող այնպիսի գաղափարներ, որ նույնիսկ Մութալիբովը չկարողացավ հիացմունքը թաքցնել: Էլ չասած, որ անգամ հրեական ուղղությամբ Տեր-Պետրոսյանի բաջանաղ Իլհամ Ալիեւի ենթակա լրատվամիջոցներն էին ոչ պակաս հրճվանքի մեջ:
Այսքանից հետո հազիվ թե պատահական լինի նաեւ այն փաստը, որ ընտրություններում ջախջախիչ պարտությունից հետո Տեր-Պետրոսյանը նախ՝ ընդունեց արդյունքները, ապա հանկարծ որոշեց դիմել Սահմանադրական դատարան եւ դրանով էլ՝ մեկ ամսով հետաձգել հայաստանյան խորհրդարանի վերջնական ձեւավորումը: Ով-ով, բայց առաջին նախագահը հաստատ քաջ գիտակցում է, որ դա իր ստացած ձայներն անցողիկ չի դարձնի: Այդ դեպքում, ի՞նչ իմաստ ուներ ԱԺ-ի, ապա՝ ՀՀ կառավարության ձեւավորումը մեկ ամսով ետ գցելը: Ավելի կոնկրետ, դա ո՞ւմ էր պետք, ինչի՞ համար: Մեկ բան է հաստատ. այս հարցադրումները բացատրող ուշագրավ զարգացումներ մոտ ժամանակներս կտեսնենք:


ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА