ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻԶԳՈՅՆԵՐԸ

19.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻԶԳՈՅՆԵՐԸ


ԱԺ ընտրությունները ճշգրտորեն ցույց տվեցին բոլոր քաղաքական ուժերի իրական քաշն ու տեղը, ընդ որում` այս ընտրությունները եզակի են նրանով, որ գործնականում ոչ ոք ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում կասկածի տակ չի դնում դրանց լեգիտիմությունը: Հիմա էլ մեկնարկում են Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք, սակայն, որոշ ուժեր, ելնելով խորհրդարանական արդյունքներից եւ այդտեղ երեւակված սեփական քաշից, չեն մասնակցում: Ի դեպ, ինչպես դա տեղի էր ունեցել ԱԺ ընտրություններից առաջ, հիմա էլ ՀՀԿ-ն ստացավ համալրում` ի դեմս երիտասարդների, ինչի վերաբերյալ Ֆեյսբուքի օգտատերերի հետ հաճույքով կիսվեց Արմեն Աշոտյանը: ՄԵՐԺՎԱԾՆԵՐԻ ՉՀԱՄԱ-
ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԺ ընտրություններում ժողովրդի կողմից մերժում ստացած ուժերն ու գործիչները իրենց տարբեր կերպ են դրսեւորում: Եթե, օրինակ, «Հայկական վերածնունդը» գերադասում է անաղմուկ տխրել` մոռանալով «աչքերը հանելու» եւ «կաշին քերթելու» խոստումները, կոմունիստները լուռումունջ վերադարձել են ակումբային գործունեության տարբերակի, ապա ՕՐՕ-ն օրումեջ արտադրում է ամպագոռգոռ հայտարարություններ: Ընդ որում, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դրսերում են եւ իրենց ավելի շուտ հետաքրքրում է հայրենի Ամերիկայի, քան խոպան Հայաստանի կյանքը, Սեյրան Օհանյանը խորը դեպրեսիայի մեջ է, օսկանյանական կուսակցության պատգամավորներն էլ բանից անտեղյակ են, եւ մնում է ենթադրել, որ այդ ամենը ընդամենը մեկ` պարապ մնացած գրամոլի արտադրանքն է: Բայց, այնուամենայնիվ, անգամ ՕՐՕ-ն կասկածի տակ չի դրել ընտրությունների արդյունքները եւ չի փորձել պահանջել դրանք անվավեր ճանաչելը: 
Միակ  ուժը, որ ժողովրդի բացարձակ մեծամասնության մերժումը ստանալուց հետո փորձում է մթնոլորտ պղտորել` ՀԱԿ-ն է` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Պարզից էլ պարզ է, որ ՍԴ ներկայացրած դիմումի հետեւանքով ոչինչ չի կարող վերանայվել, սակայն թանի մեջ ընկած ճանճի սկզբունքով մոտ մեկ ամսով հետաձգվում է նորընտիր ԱԺ-ի աշխատանքի մեկնարկը: Եվ, ի դեպ, ԼՏՊ-ի թիմը ոչ միանգամից էր որոշում ընդունել դիմելու այդ քայլին: Բնականաբար, ե՛ւ առաջին նախագահը, ե՛ւ նրա թիմակիցները քաղաքականապես դուրս գրված կադրեր են, որ վերաբերում են քաղաքական աղբանոցի տիրույթին, եւ անձամբ իրենք, որպես միավոր, ոչինչ չեն կարող շահել այդ քայլից, սակայն որոշակի վնաս երկրին հասցնում են` մեկ ամիս ավել երկիրը թողնելով առանց օրենսդիր մարմնի աշխատանքի:Այդ թիմի վիճակն անշուշտ նախանձելի չէ, քանզի նրանց քամահրանքով են վերաբերվում բոլորը` ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը: Ընդ որում, եթե իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչները, ելնելով հենց իշխող կուսակցության կարգավիճակից, բավականին զուսպ են արտահայտվում ծերուկի եւ վերջինիս թիմի մասին ու անգամ քաղաքավարի հրավիրում են դասախոսական աշխատանքի ՀՀԿ քաղաքական դպրոցում, ապա ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերները ԼՏՊ-ի ու ՀԱԿ-ի հասցեին մակդիրներ չեն խնայում: Առաջին նախագահին ու նրա թիմին նույն քամահրական ձեւով են վերաբերվում եւ ընդդիմադիրները` նրանց երեսին արհամարհանքով նետելով «հողատուներ» եւ «դավաճաններ» ածականները, ընդ որում` ԼՏՊ-ի թիմակիցները արհամարհվածի կարգավիճակում են եւ անձնական հարաբերությունների մակարդակով: Իշխանական թիմի ներկայացուցիչները նրանց նայում են վերից վար` սառը քաղաքավարությամբ, ընդդիմադիրները` բացահայտ ծաղրանքով: Ի դեպ, դա երեւաց նաեւ ԱԺ` քվորում չունեցած «հրաժեշտի» նիստին, երբ բոլորով միասին լուսանկարվելու պահին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը պարզապես ծլկեց: Եվ այնպես չէր, որ լուսանկարվողներից բոլորը ընտրությունների արդյունքում պահպանել են պատգամավորի կարգավիճակը, նրանց մեջ կային եւ մարդիկ, ում քաղաքական ապագան անորոշ է եւ, միգուցե, քաղաքական թոշակն է: Բայց նրանք ՀԱԿ-ից տարբերվում են մի բանով` ի տարբերություն ՀԱԿ-ի, նրանք իզգոյներ չեն: 
Ինչ վերաբերում է դրդապատճառներին, թե ինչու նախ ՀԱԿ-ը ընտրություններում հանդես եկավ բացահայտ դավաճանական քարոզչությամբ, իսկ ժողովրդի առավել քան 98 տոկոսի մերժումից հետո գնաց մի գործողության, որով զուտ խանգարում է օրենսդիր մարմնի բնականոն աշխատանքին, ապա այդտեղ դժվար է տեսնել այլ բան, քան` արտաքին ուժերի պատվերի սպասարկում: Եվ իզուր չէր, որ որոշակի ոչ միայն թուրքական եւ ադրբեջանական արտերկրյա ռեսուրսներում բավականին ափսոսանքով էր խոսվում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ջախջախիչ պարտության մասին: 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ 
«ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՑ» ՀԵՏՈ
Այն, որ Տարոն Մարգարյանի թիմը մայրաքաղաքային ընտրությունների մեկնարկից առաջ համաքաղաքային շաբաթօրյակ անցկացրեց, ինչ-որ տեղ խորհրդանշական է: Եթե տեսանելի շաբաթօրյակի ընթացքում որոշ չափով մաքրվեց մայրաքաղաքը, ապա ավելի երկար տեւած անտեսանելի «քաղաքական շաբաթօրյակի» ընթացքում քաղաքական դաշտը մաքրվեց զգալի քանակով իրենց դարն ապրած քաղաքական միավորներից: Ընդ որում, այդ միավորների մի մասը, անշուշտ, բավականին գարշահոտ էր: 
ԱԺ ընտրություններում պարտվածների մեծամասնությունը, անշուշտ, դժվար թե երբեւէ բավարար ներուժ ունենա` կրկին վերադառնալու մեծ քաղաքականություն: Միգուցե, այդտեղ անհատական կարգով ոմանք ճամբարափոխության միջոցով լուծեն սեփական հարցը, ինչի տեսանելի օրինակներից մեկն է Անահիտ Բախշյանի սրընթաց անցումը «Ազատ դեմոկրատներից» «Ելք» դաշինք: 
Ըստ էության, քաղաքական դաշտի լիբերալ հատվածից «շաբաթօրյակի» արդյունքում դուրս մղվեցին շատ-շատերը` բացահայտ թուրքամետներով սկսած, ծայրահեղ ամերիկապաշտներով վերջացրած: Փաստացի նաեւ գրեթե պարապ է մնացել այն, ինչը կոչվում է «քաղաքացիական հասարակություն»` գրանտասերների համքարությունը գրանտների էական կրճատման պատճառով այլեւս նույն ինտենսիվությամբ շպիոնօնիկություն չի անում: Համ էլ, անելու տեղ էլ առանձնապես չի մնացել, քանզի Հայաստանի պայմաններում ջախջախվել է եւ «գունավոր հեղաշրջումների» տեխնոլոգիան, ե՛ւ այդ տեխնոլոգիայի համակցումը զինյալ հակասահմանադրական գործողությունների հետ: Իհարկե, չի կարելի ասել, որ ապագայում լիովին ապահովագրված ենք զինյալ խռովություններից եւ ահաբեկչությունից, սակայն կարեւորն այն է, որ խորհրդարանական սահմանադրական կարգը արդեն հաստատված եւ կայունացված է: Իսկ ինչ վերաբերում է այդ բարեփոխման վերջին` 2018-ի փուլին, ապա թեեւ սպասելի է մրցակցություն իշխանական թիմի ներսում, սակայն այդտեղ դրսի խաղացողները գրեթե անելիք չեն ունենալու: 
Իսկ լիբերալ-արեւմտամետ դաշտից մնացել է ընդամենը երկու մարտունակ միավոր` «Ելք» դաշինքը եւ «Երկիր ծիրանի» նորաստեղծ կուսակցությունը, որոնք էլ իրար հետ անողոք մրցակցում են մայրաքաղաքային ընտրություններում: Ու հենց այդ ընտրությունների ելքը (ուր ՀՀԿ խմբակցության հաղթանակը ոչ ոք կասկածի տակ չի դնում) կկանխորոշի, թե այդ երկուսից ով է լինելու գլխավոր լիբերալ-ընդդիմադիրը` Նիկոլ Փաշինյա՞նը, թե` Զարուհի Փոստանջյանը: Չնայած սովորական արդարությունը հուշում է, որ եթե «Ելքը» ավելի շուտ լիբերալ կոսմոպոլիտների թիմ է, ապա «Երկիր ծիրանին» ինչ-ինչ զուգահեռներ ունի Ուկրաինայի «Աջ սեկտորի» հետ: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА