ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի ավագանու անդամը բացում է փակագծերը

18.04.2017 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Երեւանի ավագանու անդամը բացում է փակագծերը

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Ինչպես հայտնի է, ընտրություններին կմասնակցեն երեք քաղաքական ուժ` Հանրապետական կուսակցությունը` գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, «Ելք» դաշինքը` ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ եւ նորաթուխ «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որի նախընտրական ցուցակի առաջին համարն արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: Նախընտրական մթնոլորտի եւ այսօր գործող Երեւանի ավագանիում տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու անդամ ՌԱՖՖԻ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ հետ:

–Լինելով Երեւանի ավագանու անդամ` հատկապես նախկինում ԲՀԿ խմբակցությունից, ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ երկրի թիվ երկրորդ քաղաքական ուժը` Ծառուկյան դաշինքը, չի մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, ընդ որում` պատճառաբանելով, որ չեն հասցրել ծրագիր կազմել, մինչդեռ 5 տարի առաջ ունեին ծրագիր, որով էլ մասնակցել են ավագանու ընտրություններին:

– Տեւական ժամանակ է, ինչ դուրս եմ եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, այնուհետեւ Երեւանի ավագանու խմբակցության կազմից, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել` ԲՀԿ-ի կոնկրետ դրդապատճառները որոնք էին` Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակիցը չդառնալու: Համոզված եմ, որ քաղաքական այս բոլոր խմորումները վերջնականում ի շահ մեր մայրաքաղաքի են լինելու:

– Ամեն դեպքում, այսօր արդեն հայտնի է, թե ովքեր են մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին: Ըստ Ձեզ` երեւանցին քաղաքային խնդիրների լուծումը կվստահի՞ թեւքերը քշտած տավուշեցի Ն. Փաշինյանին:

– Բազմիցս առիթ ունեցել եմ անդրադառնալու «Ելք» դաշինքի կողմից իրականացվող քարոզչական գործելաոճին, որն, ըստ իս, միայն լիաթոք ուրախանալու առիթ է տալիս` այլ ոչ հուսադրվելու: Չեմ թերագնահատում երիտասարդության այն ներուժը, որը համախմբվել է վերոնշյալ դաշինքի անդամ հանդիսացող քաղաքական գործիչների կողքին, բայց աշխատաոճը, որը թելադրվում է նրանց, իրենից չի ենթադրում խնդիրներին ծրագրային կամ փուլային լուծումներ տրամադրել, այլ ամփոփված է բացառապես փիառ զվարճալի «համարներով»: Իհարկե, կարծում եմ` տարբերություն պետք է չդրվի առաջադրվող անձը երեւանցի է, թե` ոչ , վերջիվերջո, բոլորիս հետաքրքրում են այն ծրագրային դրույթները, որոնք առաջարկում է համապատասխան քաղաքական ուժը, եւ դրանց լուծման եղանակները: Իսկ թեւքերը քշտողը նպատակ է հետապնդում` ոգեւորելու իր թիմակիցներին` ակնկալելով նվիրաբեր աշխատանք, մինչդեռ գործնականում` ծրագրային դաշտում, թողնում է «բոբիկ»:  

– Ի դեպ, Ն. Փաշինյանի «Ելք» դաշինքից առաջադրվել է նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Կարելի՞ է ենթադրել, որ հաջորդ Երեւանի ավագանու նիստերն էլ առանց ինտրիգների չեն լինի` հաշվի առնելով ներկա փորձը:

– Ձեր նշած «ինտրիգային» աշխատաոճը պետք է բացառվի Երեւանի ավագանու աշխատանքներից, դա խանգարում է առողջ աշխատանքային մթնոլորտին:  

– Որքանով տեղյակ ենք, այսօր Դուք Հանրապետական կուսակցության անդամ եք` ինչո՞ւ չվարվեցիք Ա. Բախշյանի պես եւ այս անգամ չառաջադրվեցիք ՀՀԿ ցուցակով:

– Նպատակ ունեմ ծառայելու իմ երկրի պետականաշինությանը եւ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, առաջնորդվում եմ թիմային սկզբունքներով` թողնելով, որ իմ քաղաքական թիմը որոշի իմ աշխատանքի իրականացման առավել պրոդուկտիվ ոլորտը:   

– Անդրադառնանք նաեւ քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին, որի կուսակցության ցուցակում, ըստ էության, հայտնի դեմքեր չկան: Ի վերջո, պատահական մարդիկ Երեւանի խնդիրներին ի վիճակի՞ են տիրապետել եւ լուծել:

– Երեւան քաղաքի ընտրություններին մասնակցելը ինքնանպատակ պետք է չլինի, այլ պետք լինի տարիներով ցուցաբերած աշխատանքի, Երեւան քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի եւ քաղաքային խնդիրներին լավագույնս տիրապետելու հետեւանքը: Նշված դրույթներից եւ ոչ մեկը տեղ չեն գտել, ինչպես «Ելք» կուսակցությունների դաշինքի, այնպես էլ «Երկիր Ծիրանի» կուսակցության նպատակներում: Նմանօրինակ դեպքերում կիրառվում են բացառապես փիառ այնպիսի մեխանիզմներ, որոնք են երգ ու պարը եւ բոցաշունչ ելույթները, բայց ոչ ավելին:  

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ երեւանցին պետք է ընտրի հենց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

– Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարման օրոք է, որ երեւանցիները ականատեսն են լինում քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր ոլորտներում դրական տեղաշարժերի, ինչպիսիք են` ճանապարհաշինությունը, աղբահանությունը, կառուցապատումը, ամբողջ քաղաքում իրականացվող արտաքին գեղեցկացման աշխատանքները, ծրագրեր, որոնց իրագործումը նախկինում շատերի համար անիրական կարող էր թվալ: Սա է կայուն զարգացման եւ առաջընթացի գրավականը: Այս ամենն իհարկե չի վրիպում երեւանցիների ուշադրությունից:

– Ամփոփելով Երեւանի գործող ավագանու կատարած աշխատանքը` ինչպե՞ս կգնահատեք երեք ուժերի («Բարգավաճ Հայաստանի», «Բարեւ Երեւանի» եւ ՀՀԿ-ի) մասնակցությունը Երեւանի քաղաքային խնդիրների լուծման ուղղությամբ:

– Ինքս, շուրջ չորս տարի հանդիսանալով Երեւան քաղաքի ավագանու անդամ, իմ ուժերի ներածին չափով փորձել եմ նպաստել Երեւան քաղաքի զարգացմանն ու առաջընթացին` իմ առաջարկների եւ գործունեության շնորհիվ: Իսկ թե ինչ գնահատական պետք է տրվի արդեն արված աշխատանքին` երեւանցիները իրենք կհայտնեն մայիսի 14-ին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА