ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Անհոգ եղեք, ես զբաղմունք ունեմ». Հովիկ Աբրահամյան

18.04.2017 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Անհոգ եղեք, ես զբաղմունք ունեմ». Հովիկ Աբրահամյան

Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 85-ամյակին նվիրված երեկոյին ի թիվս բազմաթիվ քաղաքական, մշակութային գործիչների, ներկա էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ: Առիթից օգտվելով՝ «Իրավունքին» հաջողվեց նրա հետ զրուցել քաղաքական թեմաների շուրջ:

– Պարոն Աբրահամյան, ե՞րբ Ձեզ կրկին կտեսնենք քաղաքականության մեջ:

– Եթե մտածում եք քաղաքականության մեջ լինելը պաշտոն ունենալն է, կարծում եմ՝ այդպես չէ: Մենք միշտ կլինենք, իսկ պաշտոնները գալիս-գնում են: Ամենակարեւորը, որը շատ բարձր եմ գնահատում, մարդու արժանապատվությունն ու մարդկությունն է:

– Ամեն դեպքում, երկար ժամանակ խոսվում էր այն մասին, թե կմիանաք «Բարգավաճ Հայաստանին»…

– Չեմ կարծում, որ նման խոսակցություն կա, որ հերքեմ կամ չհերքեմ: Ես հիմա անկուսակցական եմ։

– Իսկ ի՞նչ կասեք խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին, հատկապես, որ ընդդիմադիր ուժերը շարունակում են բողոքել արդյունքներից:

– Բայց որեւէ մեկը չի ասում, որ ընտրակեղծիքներ են եղել: Միայն լսել եմ, որ ՀԱԿ-ն է դիմել ԿԸՀ-ին, եթե փաստեր ունեն, թող դրանք ուսումնասիրվեն: Անկեղծորեն ասած, զբաղվել եմ միայն իմ որդու ընտրություններով, որն Արարատի մարզից էր առաջադրվել` որպես ռեյտինգային պատգամավոր: Մեծ մասշտաբի ընտրություններով չեմ զբաղվել, բայց որեւէ լուրջ խախտում կամ դեպք չեմ էլ լսել, որը կարող էր ազդեցություն ունենալ արդյունքների վրա: Հիմա պետք է նայել առաջ եւ կառավարությանը տալ հնարավորություն, որպեսզի ձեւավորվի արագ ու զբաղվի հայրենաշինությամբ։ Մենք մեծ խնդիրներ ունենք, ներքին եւ արտաքին մարտահրավերներ ունենք, տնտեսության զարգացման եւ Արցախի անվտանգության խնդիր ունենք, որոնք գերակա խնդիրներ են: Կարծում եմ՝ իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի ժամանակի ընթացքում բոլոր այդ խնդիրները հաղթահարվեն։

– Փաստորեն, նեղացվածություն չկա՞ իշխանություններից:

– Ո՛չ-ո՛չ:

– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը:

– Շատ լավ։

– Ի վերջո, ինչո՞վ եք հիմա Դուք զբաղվում եւ ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

– Աշխատում ենք, անհոգ եղեք, ես զբաղմունք ունեմ: Այն ժամանակ, երբ երկար տարիներ ունեցել եմ պաշտոններ, քիչ եմ շփվել մտավորական ընկերներիս հետ, իմ թոռնիկների, բարեկամների հետ, հիմա այդ բոլոր բացերը վերացնում եմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА