ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քանի դեռ Թուրքիան ղեկավարում է Էրդողանը, միշտ էլ վտանգ կա»

18.04.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քանի դեռ Թուրքիան ղեկավարում է Էրդողանը, միշտ էլ վտանգ կա»

Ի հեճուկս էլ ավելի ժողովրդավարացման գնացող աշխարհի` Թուրքիան ապրիլի 16-ին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում «այո» ասաց խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելուն (կողմ է քվեարկել ընտրողների 51,18 տոկոսը), որն, ըստ էության, ենթադրում է տալ Թուրքիայի նախագահ Էրդողանին անսահմանափակ հնարավորություն` իր հայեցողությամբ ռազմական գործողություններ իրականացնելու եւ երկիրը միանձնյա կառավարելու: Սահմանադրական փոփոխություններից հետո, թե ինչպիսի հարեւան կունենանք` ի դեմս Թուրքիայի, «Իրավունքը» հետաքրքրվեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻՑ: Թուրքագետը նախեւառաջ նշեց, որ սպասելի էր Էրդողանի հաղթանակը, եւ այն, որ բավական փոքր է լինելու «այո» եւ «ոչ» ասողների ձայների տարբերությունը:

ԻՆՉՈ՞Ւ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՈՉ» ԱՍԱՑԻՆ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐ» ԷՐԴՈՂԱՆԻՆ

–Խոշոր քաղաքները, այդ թվում` Անկարան, Ստամբուլը, Իզմիրը, Միջերկրական ծովի շրջանները դեմ են քվեարկել սահմանադրական հանրաքվեին: Սա հետաքրքիր է ու պետք է վերլուծության ենթարկել: Ինչպես եւ սպասվում էր, քրդաբնակ շրջանները եւս դեմ են քվեարկել: Այս բարեփոխումները Թուրքիայի բնակչությանը հոգեհարազատ չեն, եւ, ըստ էության, երկիրը բաժանվել է երկու հատվածի: Թուրքիայի բնակչության այն հատվածը, որն ապրում է ավելի զարգացած պայմաններում, ավելի կիրթ է, դեմ է այս ամենին: Եվ Էրդողանը հաղթանակ է տարել հիմնականում կենտրոնական շրջաններում` չհաշված Անկարան: 

– Պարոն Սաֆրաստյան, Թուրքիայի եղբայրական երկրում` Ադրբեջանում թուրք ընտրողների շուրջ 60,97 տոկոսը եւս «ոչ» է ասել էրդողանական սահմանադրությանը, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Ալիեւն առաջին էր, որ շտապեց հաղթանակի կապակցությամբ շնորհավորել Էրդողանին: Ինչպե՞ս սա կբացատրեք:

– Գիտեք, այստեղ առանձնապես խնդիր չեմ տեսնում, որովհետեւ Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ադրբեջանում, իրենցից մեծ գործոն չեն ներկայացնում: Առհասարակ, այն, ինչ վերաբերում է Էրդողանին, ամեն ինչ շատ անձնավորված է, եւ, կարող է, այն թուրքերը, որոնք բնակվում են Ադրբեջանում, պարզապես, չեն սիրում նրան: Այստեղ քաղաքական որեւիցե գործոն չեմ տեսնում: Իսկ այն, որ առաջինը Ալիեւը շնորհավորեց, իհարկե, սպասելի էր:

ԻՆՉՊԵ՞Ս ՔՎԵԱՐԿԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

–Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը կոչ էր արել բոլորին «ոչ» քվեարկել նախագահ Էրդողանի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների նախագծին: Կարելի՞ է համարել, որ սա ողջ հայ համայնքի տեսակետն է:

– Ակնհայտ է, որ սա Կարո Փայլանի անձնական կարծիքն է, որովհետեւ, ինչպես գիտենք, նա Թուրքիայում ոչ միայն հայ ազգաբնակչության, այլ ընդհանրապես ժողովրդավարական արժեքների պաշտպան-պատգամավորներից է, որի ձայնը շատ լսելի է եւ հստակ: Եթե նման կոչեր է արել, պարզ է, որ ինքն այդպես էլ քվեարկել է, իսկ թե ինչպես քվեարկեց հայկական համայնքը, դժվարանում եմ որեւիցե կարծիք հայտնել: Կարծում եմ` իրենք էլ կզգուշանան հրապարակայնորեն իրենց մոտեցումները հայտնել, մանավանդ եթե դրանք հակաէրդողանական են, ինչն իհարկե հասկանալի է:

– Սահմանադրական հանրաքվեի արդյունքում ընտրողների ավելի քան 49 տոկոսը, այդուհանդերձ «ոչ» ասաց սահմանադրական փոփոխություններին: Հնարավո՞ր է սա բերի նոր բախումների եւ ընդվզումների Թուրքիայում:

– Բախումներ, ընդվզումներ Թուրքիայում ոչ միայն կանխատեսելի են, այլ սպասելի, եւ դրանք կլինեն ու կշարունակվեն առաջին հերթին` կապված քրդական հարցի հետ: Համոզված եմ, որ քրդական հարցը գնալով ավելի կսրվի Թուրքիայում: Ինչ վերաբերում է դեմոկրատական շարժման կողմից ձեւավորվող ընդդիմությանը, թե արդյոք կկարողանան կազմակերպել զանգվածային միջոցառումներ, իհարկե, չի կարելի բացառել, որովհետեւ ինչպես տեսանք, մեծ քաղաքների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: Եվ երկրորդ` Թուրքիան բավական ներգրավել է համաշխարհայնացման գործընթացների մեջ, եւ երիտասարդության, մանավանդ, ուսանողության, մտավորականության եւ այն խավերի ներկայացուցիչները, որոնց աշխատանքային գործունեությունը կապված է ՏՏ ոլորտի կամ ֆինանսական, բանկային համակարգի հետ, նրանք արդեն որոշ չափով իրենց ավելի քիչ են զգում Թուրքիայի քաղաքացի, այլ աշխարհաքաղաքացի են իրենց համարում եւ  ենթակա են այն միտումներին, որոնք կան արեւմտյան աշխարհում: Դրա համար չեմ բացառում, որ Թուրքիայում կարող են սկսել նաեւ նման տիպի զանգվածային ընդվզումներ: Միեւնույն ժամանակ, փորձը ցույց է տվել, որ Թուրքիայում այն ուժերը, որոնք հանդես են գալիս որպես  քաղաքական գործոն Էրդողանի դեմ, նրանք ոչ թե կառավարում են պայքարը, այլ փորձում են միանալ այդ ընդվզումներին:

«ԷՐԴՈՂԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՆՈՐ ԹՈՒՐՔԻԱ»

–Ի դեպ, տարբեր վերլուծաբաններ արդեն իսկ գնահատականներ են հնչեցրել, որ այս հանրաքվեն ավելի շատ Էրդողանին թուլացրեց, քան ուժեղացրեց, թեպետ անցնելու է միանձնյա կառավարման եւ ավելի մեծ լծակներ է ունենալու իր ձեռքին: Ի՞նչ կասեք այս պարադոքսի մասին:

– Այո, նման մեկնաբանություններ գոյություն ունեն, եւ իմ կարծիքով` Էրդողանը միտումնավոր է քանդում այն հիմունքները, որոնք ստեղծվել է Թուրքիայում վերջին տասնամյակների ընթացքում: Նրան պետք է նոր Թուրքիա, եւ դրա համար առնվազն եղած հիմունքների մի մասը պետք է քանդվի: Կարծում եմ` նրան պետք է մի այնպիսի Թուրքիա, որը ավելի իսլամամետ եւ ավելի վճռական արտաքին քաղաքականություն կվարի: Վճռականությունը, իհարկե, մեղմ ասացի, որովհետեւ այն շատ անգամ վերածվում է արկածախնդրության: Այս ամենը պետք է Էրդողանին, որպեսզի Թուրքիան իր կողմից հեշտ կառավարվող դառնա: Իմ գնահատմամբ` նրան հաջողվել է սանձել Թուրքիան, եւ հիմա կտեսնենք, թե ինչ ուղղությամբ է տանելու երկիրը: Նա պատահական չէ հայտարարել, որ 2023 թվականը շատ կարեւոր տարեթիվ է լինելու, որը Թուրքիայի Հանրապետության 100-ամյակն է համարվում: Ըստ իս, 2023 թվականին Էրդողանը կցանկանա տեսնել, ընդհանուր առմամբ, իր երազած Թուրքիան:

– Փաստորեն, աշխարհը պետք է Էրդողանից նոր վտանգնե՞րի սպասի:

– Քանի դեռ Թուրքիան ղեկավարում է Էրդողանը, միշտ էլ վտանգ կա: Ամբողջ հարցն այն է, որ նա անկանխատեսլի կամ դժվար կանխատեսելի գործիչ է, եւ նոր սահմանադրությամբ` ստանալով էլ ավելի մեծ հնարավորություններ, իհարկե, վտանգն ավելանում է: Եվ սա վտանգ է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հենց Թուրքիայի բնակչության համար:

– Եվ վերջում անդրադառնանք նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Հետեւողական առաջ է տարվում այն թեզը, որ Թուրքիայում նախ` հասարակության ներսում տիրող տրամադրությունները պետք է փոխել, որպեսզի հասնել այդ ճանաչմանը: Այս հարցում կարելի՞ է հենվել սահմանադրական հանրաքվեին «ոչ» ասած առավել քաղաքակիրթ թուրք քաղաքացիական հասարակության վրա:

– Կարծում եմ` այն վախի մթնոլորտը, որ Թուրքիայում ստեղծվել է անցյալ տարվա ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, կշարունակվի, գուցեեւ կուժեղանա, որովհետեւ մարդիկ հասկանում են, որ Էրդողանը այս սահմանադրական փոփոխություններով ստանում է ավելի մեծ իշխանություն: Իսկ Էրդողանը ցույց է տվել, որ իր հակառակորդների դեմ, կամ նրանց դեմ, ովքեր չեն կիսում իր մոտեցումները, նա կարող է շատ դաժան միջոցների դիմել: Նույնիսկ փոքր տարիքի երեխաներ ունեցողների դեմ է քրեական հետապնդումներ իրականացրել, երբ նրանք հակաէրդողանական հայտարարություններ են արել: Դրա համար չեմ կարծում, թե Թուրքիայում մոտակա ապագայում հեռանկար կունենա թուրքական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ աշխատանքը` Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առումով: Ի վերջո, սա վտանգավոր կհամարվի նրանց կողմից, եւ նաեւ չմոռանանք, որ նրանք ներկայացնում են Թուրքիայի բնակչության շատ փոքր հատվածը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА