ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

18.04.2017 20:00 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Եթե մկան վազքը մինչեւ մարագն է, ապա «ռեժիմի դեմ պայքարողներինը»` մինչեւ ԱՄՆ դեսպանատուն: Սույն օրինաչափությունը հաստատեց նաեւ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ: Ախր, ինչքան կանխատեսելի են հանրության կողմից մերժվածները` զարմանալու աստիճանի: Սույն անհաջողակը, վազելով Ամերիկյան դեսպանատուն, դեսպան Ռիչարդ Միլսին շտապեց զեկուցել Սահմանադրական դատարան ներկայացրած բողոքի մասին, նաեւ բոլ-բոլ բողոքելով, թե իբր արձանագրվել է. «ընտրությունների ընթացքում տեղի ունեցած համատարած եւ համակարգային բնույթ ունեցող խախտումները, որոնց պայմաններում տեղի չի ուցել ընտրողների ազատ կամարտահայտում»:  Լավ, դա հասկացանք, քանզի ՀԱԿ-ի բնույթն այնպիսին է, որ ձգտում է հեռանալիս էլ ամեն ինչ ՀԱԿմեջ անել: Սակայն անչափ զարմանալի է, որ դեսպանը նրա հետ քննարկեց կոռուպցիայի դեմ պայքարի հնարավոր անելիքները, Արցախի հարցը եւ տարածաշրջանային այլ հարցեր: Լավ, մի՞թե գերտերության դեսպանը կարող է իր ծանր տեղն այնքան թեթեւացնել, որ երկու տոկոսից էլ քիչ քվե ստացած եւ հանրության ծիծաղի առարկա ուժի հետ այդպիսի գլոբալ հարցեր քննարկել` քաջ գիտակցելով, որ այդ անհաջողակների ազդեցության աստիճանը նշյալ խնդիրների վրա զրոյական է: 
Ի դեպ, նույն քաղաքական ուժի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ էլ, նույն այդ դիմումի առնչությամբ բոլ-բոլ գլուխ արդուկեց, թե ՍԴ ներկայացված փաթեթը բավականին ծավալուն է: Իբր իրենք արձանագրել են քաղաքացիների քվեարկության ընթացքը վերահսկելու 500 դեպք` 150 ընտրատեղամասերում: Այդ ոչինչ, որ երբ հասնի կոնկրետ ապացույցների, երեւի 500 դեպքից տակը մնա մի 100 անգամ պակաս, բայց ամենազարմանալին այն է, որ ՀԱԿիստները հպարտությամբ խոստովանում են` դիմումին կցել են նաեւ ՍԱՍ-ի հայտնի սկանդալային ձայնագրությունը` իր վերծանումով հանդերձ: Իսկ դա զարմանալիորեն վկայում է, որ այդ մարդիկ փաստերի ակնհայտ սողուն են, որ վերջին պահին իրենց փաթեթը ցայտնոտային ռեժիմում համալրեցին` թղթին հանձնելով ձայնագրության 39 րոպեները: Հետաքրքիր է, այդ «ծավալունի» քանի՞ տոկոսն է կազմում սույն սղագրությունը: 
Իսկ Ծառուկյան դաշինքում փորձում են գեղեցիկ ձեւակերպումներ տալ այնպիսի զարմանալի երեւույթին, ինչպիսին է կանխավ թեկնածուներից մանդատից հրաժարվելու ստորագրություն վերցնելը: Այն, որ նման պրակտիկան նշանակում է մարդկանց ոչնչության տեղ դնել եւ արժեզրկել սեփական թիմակիցներին, զարմանալիորեն այդ դաշինքում ի վիճակի չեն ընկալել: Իսկ հիմա ի՞նչ պատասխան տան նախօրոք դիմում գրելու մասին այդ դաշինքի որոշ թեկնածուներ: Այսպես, հայտնի ԲՀԿ-ական ԼՅՈՎԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ խուսափեց այն հարցից, թե արդյոք անձամբ ինքը դիմում գրել է եւ հայտարարեց. «Ջենտլմենական պայմանավորվածություն է եղել, որը խախտելը բարոյական չեմ համարում` ով շատ ձայն կհավաքի, կգնա ԱԺ»: Զարմանալի է, ինչ «ջենտլմենություն» է տեսել հարգարժան գործիչը այն գործընթացում, որը սազական չի լինի անգամ ամենահետամնաց գյուղի քյոխվի մակարդակին: 
Եվ իհարկե, չենք կարող շրջանցել եւ Թուրքիայի, այսպես կոչված, հանրաքվեի թեման, որով Էրդողանը փաստացի դառնում է անսահմանափակ իշխանությամբ բռնապետ մինչեւ 2029 թվականը: Ինչպես ընթերցողն արդեն կռահեց, առաջինը այդ «հաղթանակի» առնչությամբ Էրդողանին շնորհավորել է մազութային սուլթանատի բռնապետ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ: Դա, անշուշտ, զարմանալի չէ, զարմանալի է մեկ այլ բան` աշխարհում ինչքան բռնապետ կամ խավարամիտ ղեկավար կա, իրար հերթ չտալով շտապել են խանդավառ կերպով շնորհավորել նորահայտ սուլթանին` Քաթարի շեյխը, բռնապետ Թամիմ Բին Համադ ալ Թանին, չկայացած Պաղեստինյան պետության ղեկավար Մահմուդ Աբբասը, Պակիստանի նախագահ Մամնում Հուսեյնը եւ Եվրոպայի վերջին բռնապետ, Բելառուսի կոլխոզենֆյուրեր Ալեքսանդր Լուկաշենկոն: Սրանց միայն ժամանակակից Լոմբրոզո է պակասում, որպեսզի այս անգամ գիրք թողարկի ոչ թե սովորական, այլ միջազգային մակարդակի հանցագործների տարատեսակների մասին: Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА