ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԷՐԴՈՂԱՆԻՆ՝ ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԹԱԽՏԸ

18.04.2017 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԷՐԴՈՂԱՆԻՆ՝ ԿԱՅՈՒՆԱՑՆԵԼ ՍՈՒԼԹԱՆԱԿԱՆ ԹԱԽՏԸ

Այսպիսով՝ Թուրքիայի չարչարկված սահմանադրական հանրաքվեն ավարտված է: Նախնական արդյունքներով՝ Էրդողանը ստացել է ձայների 51,2 տոկոսը եւ հասել իր վաղեմի երազանքին: Այն է՝ Թուրքիայից դուս մղել անցած դարի 20-ականներին հաստատված քեմալական կարգերը, երկրում մտցնել նախագահական կառավարում` նախագահի գործնականում սուլթանական լիազորություններով:ՔԵՄԱԼԻԶՄԸ ՄԵՌԱՎ
Հասկանալի է, թուրքական ընդդիմությունը հավաստիացնում է, որ աննախադեպ կոշտ քարոզարշավից եւ տեւական ժամանակահատված երկրում տոտալիտար ռեժիմ հաստատելուց հետո անգամ Էրդողանին միայն մասշտաբային կեղծիքների միջոցով հաջողվեց ապահովել 51 տոկոսանոց արդյունք: Նաեւ` ընդդիմությունը պահանջել է ձայների վերջնահաշվարկ: Սակայն դժվար չէ կռահել, որ մինչեւ իսկ մասշտաբային ուժային միջոցառումներով` Էրդողանը կամրագրի հանրաքվեի ներկայացված արդյունքը՝ դրանով իսկ մինչեւ 2029 թվականը թուրքական նախագահական աթոռն իրենով անելու հեռանկարով: Դե իսկ 2029թ.-ից հետո էլ, եթե ֆիզիկապես չկարողանա կամ՝ չցանկանա իշխել, սուլթանական գահը իր ժառանգներից մեկին փոխանցելու միջոց հաստատ կգտնի... Մի խոսքով, սա է փաստացի իրողությունը, որից ելնելով էլ աշխարհը, այդ թվում` Հայաստանը պետք է կողմնորոշվի Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների հարցում: Եվ այդ հարաբերությունների հիմքերը կձեւավորվեն այս փուլում` թուրքական հանրաքվեից անմիջապես հետո: Ուրեմն, ինչի՞ սպասել:
Առաջին հերթին նկատենք, որ Հայաստանը ինչ-որ նոր սպասելիքներ չի կարող ունենալ: Էրդողանը մնում է Էրդողան: Այսինքն՝ տեսել ենք նրա մոտեցումներն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ղարաբաղի հանդեպ: Էլ չասած, որ Էրդողանի երազանքների թվում է թուրքական աշխարհագրական տիրույթի վերականգնումը, իսկ թուրքական աշխարհի մեջ խրված Հայաստանը եղել եւ մնում է այդ միավորմանը խանգարող օղակ: Ճիշտ է, Էրդողանը նաեւ ՌԴ-ից, այսինքն՝ ԵՏՄ-ից ակնկալիքներ ունի, ինչը կարող է եւ Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն խմբագրելու անհրաժեշտություն առաջ բերել: Բայց այդ դեպքում անգամ հայ-թուրքական լուրջ տեղաշարժը գրեթե հավանական չի թվում:

ԿՈՐԵԱԿԱՆ ՎԱՌՈԴԻ ՏԱԿԱՌԸ
Սակայն Թուրքիայից գլուխ հանելու համար ճիշտ կլիներ նախ տեղափոխվել մոլորակի հակառակ կողմը՝ Կորեական թերակղզի: Կիրակի օրը Հս. Կորեայի  հերթական հրթիռային արձակումը, ինչքան էլ որ պաշտոնապես համարվում է անհաջող, մեկ է` էլի փաստի առաջ կանգնեցրեց  Թրամփին: Եթե մինչ այդ նա կորեական խնդրի հետ կապված տատանողական վիճակի մեջ էր հայտնվել, թե` մե՛կ կհարվածեմ, մեկ էլ` ոչ, այդ վերջին արձակումից հետո զրկվեց քաղաքական մանեւրների հնարավորությունից: Այսինքն` Կիմ Չեն Ինը իր այդ արձակումով, ըստ էության, աշխարհով մեկ հայտարարեց, թե թքած ունի Թրամփի սպառնալիքների վրա: Եվ ահա Թրամփն էլ, եթե դրանից հետո որոշի նորից  սպառնալիքային բառապաշարով համեմված դիվանագիտություն խաղալ, ապա կորցնում է իր այս վերջին ռազմական հարվածների միջոցով ձեռք բերված  վճռական նախագահ լինելու համարումը: Իսկ եթե մինչեւ վերջ գնա ու հարվածի Հս. Կորեային, հետեւանքները նաեւ ԱՄՆ-ի համար են լինելու ողբերգական այն առումով, որ անգամ հարվածելու դեպքում Պենտագոնը հազիվ թե դիմի միջուկային զնեքի. դա կնշանակի Չինաստանի եւ ՌԴ-ի սահմանների անմիջական հարեւանությամբ միջուկային մահակի գործադրում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ: Իսկ սովորական սպառազինությամբ Հս. Կորեային գրոհելը վերջինիս ծանրակշիռ պատասխանի հնարավորություն է տալիս: Փհենյանը իր ենթակայության տակ ունի լուրջ բանակ, բավականին լավ զինված, միանգամայն մարտունակ եւ զինծառայողների առավել քան բարձր բարոյահոգեբանական մակարդակով: Իսկ հարեւան՝ հարմարավետ կյանքին վարժված Հվ. Կորեայի զինված ուժերը հազիվ թե լուրջ դիմակայության ընդունակ լինեն: Հարվածներ կարող է ստանալ նաեւ Ճապոնիան, եւ դաշնակիցներին փրկելու համար ԱՄՆ-ն ստիպված կլինի լուրջ ուժեր կենտրոնացնել տարածաշրջանում: Եվ նույնիսկ այդ դեպքում, ինչպես դեռ 2000-ականների սկզբներին արված ամերիկյան մասնագիտական հաշվարկներն են ցույց տալիս, նման բախումից  ոչ միայն Հս. Կորեան, այլ նաեւ՝ Հվ. Կորեան, ամերիկյան զինուժը, Ճապոնիան եւ մյուս բոլոր դաշնակիցները լրջագույն կորուստներ են կրելու: Նույն հաշվարկներով զոհերի թիվը կարող է միլիոն մարդուց այն կողմ անցնել: Ու, թե իր ներքին խախուտ վիճակով հանդերձ Թրմափն ինչպե՞ս կկարողանա դա մարսել, մեծ հարց է: Ընդ որում, սպասել, թե այս իրավիճակում Չինաստանը պասիվ դիտորդի դեր կստանձնի, միամտություն է: Չինաստանի նախագահը, իհարկե, վերջին ամերիկյան այցի ժամանակ, ինչպես պարզվեց, ժպիտով էր ընդունել Թրամփի ռազմատենչությունը եւ համատեղ տնտեսական ծրագրերով հանդես գալու նրա առաջարկները: Թրամփն էլ դրանից ոգեւորվել էր, բայց, թերեւս, լավ չպատկերացնելով, թե ինչ կարող է թաքնված լինել հազարամյակների փորձ ունեցող չինական քաղաքականության ժպիտների տակ:
Այսպիսով՝ իր այդ վերջին արձակումով Փհենյանը Թրամփին հենց այդ փաստի առաջ կանգնեցրեց, ըստ էության, ստիպելով, որ փոխնախագահ Փենսի միջոցով հայտարարի, թե ԱՄՆ-ի «ռազմավարական համբերությունը սպառված է»: Իսկ դա ավելի է խորացնում Թրամփի փակուղային վիճակը: Եթե համբերությունը սպառված է, ուրեմն ի՞նչ, պետք է հարվածի՞, աչքի առաջ ունենալով թվարկված բոլոր հեռանկարները: Իսկ եթե չհարվածի՝ որոշելով ետ քաշվել, դա նույնքան ցավագին հարված է հասցնելու Թրամփի հեղինակությանը: 
Թե ինչ վերջնական լուծում կգտնի Սպիտակ տունը, դեռ կտեսնենք: Այս պահին միայն ակնարկել է կորեական ուղղությամբ եւս երեք ավիակրային խմբեր ուղարկելու ցանկության մասին, ու, թերեւս, այդպես էլ կվարվի: Արդյունքում` անկախ Սպիտակ տան վերջնական վճռից, այս միանգամայն սպասելի իրավիճակն է արձանագրվում. բավականին ծանրակշիռ ամերիկյան ուժեր են կենտրոնացվում Ասիա-Խաղաղօվկիանոսյան գոտում՝ Հս. Կորեա-Չինաստան ռազմավարական ուղղությամբ: Եվ այս իրավիճակում քիչ հավանական է, որ Սիրիային հասցրած հրթիռային հարվածներից հետո Վաշինգտոնը կշարունակի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կարգի ծանրակշիռ ռազմական ներկայություն ապահովելու փորձ անել նաեւ  Մերձավոր Արեւելքի գոտում: Հաշվի առնելով նաեւ, որ այդ կերպ շիկացման կհասցնի նաեւ ՌԴ-ի հետ առանց այն էլ առկա լարվածությունը:

ՓՈՐՁՎԱԾ ԹՐԱՄՓԸ` ԹԱԿԱՐԴՈՒՄ
Այսպիսով, ինչքան Վաշինգտոնը ռազմական առումով խրվում է կորեական ուղղությամբ, այնքան ՌԴ-ն` Մերձավոր Արեւելքում գործելու ավելի մեծ ազատություն է ստանում: Եվ արդյունքում կարելի է ենթադրել, որ այս փուլում Սիրիայում կառավարական ուժերը եւս կփորձեն ակտիվացնել իրենց գործունեությունը` հնարավորինս պատերազմն ավարտին մոտեցնելու եւ Վաշինգտոնին փաստի առաջ կանգնեցնելու նպատակով:
Բայց նաեւ վերադառնանք Թուրքիային: Այս իրավիճակը, անշուշտ, նաեւ Էրդողանին է առնվազն իր ներքին հարցերը կարգավորելու համար ձեռքերին ազատություն տալիս: Այսինքն` թեեւ հանրաքվեում արձանագրված կեղծիքների մեծ ծավալին, հազիվ թե հիմնականում արեւմտամետ հակումներ ունեցող ընդդիմությանը հաջողվի մասշտաբային ակցիաներով հասնել հանրաքվեի հռչակված արդյունքները չեղյալ համարելուն, որը նույնը կլիներ, ինչ Էրդողանի պաշտոնանկությունը: Եվ էրդողանին էլ, եթե հաջողվի կայունացնել երկրի ներքին վիճակը, շրջել Թուրքիայի քեմալիստական էջը, ապա դա որոշակիորեն կբարձրացնի նաեւ Անկարայի աշխարհաքաղաքական ինքնուրույնության մակարդակը: 
Թե դրանից հետո Թուրքիան ի՞նչ տեղ կզբաղեցնի ՌԴ-Արեւմուտք շահերի արանքում, դա, իհարկե, հետագայի խնդիր է՝ կախված հազար ու մի տարաբնույթ զարգացումներից: Բայց այս պահին Արեւմուտքի հետ հակասություններ լինելու են, եւ պատահական չեն Եվրոպայից հնչող այն թափանցիկ ակնարկները, որ ԵՄ-ի հետ բանակցությունների հարցը Անկարան պետք է փակված համարի:
Սակայն` չնայած Արեւմուտքի այդ կոշտ տրամադրություններին, տեսանելի չեն այն ուժային լծակները, որոնցով այս պահին կարող են ազդել Թուրքիայի վրա: Առավել եւս, որ ի տարբերություն Արեւմուտքի, ՌԴ-ն եւ Իրանը հանրաքվեի արդյունքը համարեցին թուրք ժողովրդի ընտրությունը, այսինքն՝ առնվազն չեզոք վերաբերմունք դրսեւորեցին Էրդողանի նկատմամբ: Իհարկե, Սիրիա-Իրաքում կա քրդական պետականության հեռանկարը եւ դրա միջոցով՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային հարվածելու տարբերակը: Բայց, քանի դեռ Վաշինգտոնի հիմնական ուշադրությունը կիզակիտված է կորեական խաղատախտակին, քրդական գործոնը գործադրելու տարբերակը քիչ հավանական է: Հակառակ դեպքում, եթե Թուրքիան քրդերի նկատմամբ անցնի մասշտաբային ռազմական գործողությունների, եւ Վաշինգտոնը դրա դեմն առնելու համարժեք միջոցներ չգտնի, ապա պարզապես տարիներով ստեղծված քրդական ծրագիրը կարող է ոչնչանալ: Էլ չասած, որ թուրքական հարվածի դեպքում դեպքում քրդերը կարող են նաեւ ռուսներից աջակցությանը դիմել, ինչը եւս Վաշինգտոնի համար կնշանակի քրդական ծրագրի կորուստ:
Այսպիսով, թերեւս Վաշինգտոնին մնում է հիմնականում քաղաքական եւ միայն սահմանափակ ռազմական լծակներով փորձել ազդել Մերձավոր Արեւելքի վրա: Սակայն այս դեպքում պետք է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերի ռուսների հետ, եւ այն, որ ամսվա վերջերին նախատեսված է ռուս-ամերիկյան պաշտոնական հանդիպում Սիրիայի հարցով, ակնարկ է այդ մասին: Չնայած այս դեպքում էլ Թրամփը պետք է տա նաեւ այն հարցի պատասխանը, թե ուրեմն էլ ինչի՞ համար հարվածեց Սիրիային: Կամ էլ՝ Մերձավոր Արեւելքում դիրքերը պահելու համար պետք է հրաժարվի կորեական ուղղությամբ ուժային ծրագրերից, որն էլ իր հերթին է, ինչպես նշեցինք, ծանր հարված դառնալու Թրամփի համար: Եվ երրորդ տարբերակը. Թրամփը կարող է փորձել միաժամանակ ծանր հակամարտության մեջ մտնել ռուսների եւ չինացիների հետ: Չնայած՝ այս վարկածին սխալ կլիներ մեծ հավանականություն տալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА