ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱ- ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

18.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱ- ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Թվում է, թե Երեւանի ավագանու ընտրությունների սխեման առավել քան պարզ է` անվիճելի առավելություններ ունեցող ՀՀԿ-ի եւ երկու ընդդիմադիր ուժերի` «Ելքի» եւ «Երկիր ծիրանիի» մասնակցությամբ: Եվ, բնականաբար, ընդդիմադիր ուժերը ավելի շատ միմյանց հետ են մրցելու, քան` ՀՀԿ-ի: Սակայն այդ ընտրություններում լուծվում են նաեւ մայրաքաղաքի մասշտաբներից դուրս եկող խնդիրներ, եւ դա ոչ միայն այն պատճառով, որ մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 1/3-ը:ՆԱԵՎ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԲԱՂԱԴՐԻՉ
Ընթերցողը հիշում է, թե ինչ արհեստական պատճառաբանությամբ Ծառուկյան դաշինքը որոշեց չմասնակցել մայրաքաղաքային ընտրություններին` իբր չեն հասցրել առանձին մայրաքաղաքային ծրագիր մշակել: Սակայն մայրաքաղաքային ծրագրի հետքեր չեն հայտնաբերվում նաեւ Նիկոլ Փաշինյանի «Ելքի» եւ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» պարագայում: Ընդհակառակը, երկու ընդդիմադիր ուժերն էլ ձգտում են երեւանյան ընտրությունները դիտարկել որպես համապետական ընդդիմադիր գործունեության բաղկացուցիչ մաս: Եվ հետաքրքրական է, որ երեւում է նաեւ այդ ընդդիմադիր ուժերի աշխարհաքաղաքական կողմնորոշման գործոնը: 
Թվում է, թե ինչ կապ ունեն ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ռուսաստանը այնպիսի հարցերի հետ, ինչպիսիք են աղբահանությունը, կանաչապատումը, փողոցների եւ բակերի մաքրությունը եւ այլն: Անշուշտ, որեւէ ուղղակի կապ չկա, կապն ի հայտ է գալիս, երբ բանը հասնում է ընտրողների ճաշակին: «Ելք» դաշինքը, որ ԱԺ ընտրություններին հանդես էր գալիս ԵՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կարգախոսներով, հանկարծ, ի դեմս իր գործիչների, որոշեց «նահանջել» այդ դրույթներից եւ տպավորություն ստեղծել, որ չի հանդիսանում արեւմտամետ ուժ: Մասնավորապես Արամ Զ. Սարգսյանը հայտարարեց, որ եթե ի սկզբանե իրենք հայտարարում էին, որ իշխանության գալու դեպքում պետք է անհապաղ ապահովեն այդ կառույցներից դուրս գալը, ապա այժմ ասում է, թե դա ժամանակ եւ որոշակի պայմանների հասունացում պահանջող գործընթաց է: Եվ ընդհանրապես, նույն Ա. Սարգսյանը ձգտում է իրենից եւ թիմակիցներից վանել «մետ»-ության «պիտակը», հայտարարելով, թե «քըխ» ՀՀԿ-ականներն են «մետ»-ության պիտակներ կախում տարբեր ուժերի վրա: Այստեղ, թերեւս պետք է տեսնել ընդամենը ընտրողներին թյուրիմացության մեջ գցելու հաշվին քվեատուների բազան լայնացնելու ձգտում: թե «Ելքը» իր արեւմտամետ ուժի համբավով ԱԺ ընտրություններին մայրաքաղաքում ստացավ 14 տոկոս քվե, ապա այժմ փորձելով ձերբազատվել արեւմտամետի համբավից, բայց չդադարելով լինել այդպիսին, ցանկանում է ավելի շատ տոկոսի տեր դառնալ: Իսկ մրցակցին` «Երկիր ծիրանի»-ին վարկաբեկելու նպատակով սոցցանցերում եւ կայքերում հետեւողականորեն տարածում են այն միտքը, որ Զարուհի Փոստանջյանը ծայրեծայր ամերիկամետ է, եւ հաճույքով տիրաժավորում են նրա նկարը` տխրահռչակ Մադլեն Օլբրայթի հետ: 
Բայց փաստը մնում է փաստ, որ Զարուհի Փոստանջյանը ինչպես մինչ այդ չէր թաքցնում իր ջերմ սերը առ «քեռի Սեմ», այնպես էլ հիմա դա չի թաքցնում: Իսկ «Ելք»-ականները ձգտում են դա թաքցնել: Ի վերջո, այդ երկու ընդդիմադիր ուժերի մրցակցության արդյունքից է կախված, թե նրանցից որ մեկը` որպես առավել արդյունավետ ընդդիմություն, կստանա ե՛ւ ներսի, ե՛ւ դրսի համապատասխան ֆինանսական հոսքերը: Ու այդ գործընթացում «Ելքը» ձգտում է ամրապնդել եւ զարգացնել խորհրդարանական ընտրություններում ստացած արդյունքը, իսկ Զարուհի Փոստանջյանը ձգտում է առաջ անցնել եւ ապացուցել, որ ինքն է առավել արդյունավետ ընդդիմություն: 
Այդ մրցակցությունում «Ելքը», անշուշտ, խոցելի տեղեր ավելի շատ ունի, քան Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը: Նախ` այդ երկու ուժերի առաջնորդների ծագումնաբանությունը, որը տիկին Փոստանջյանը շտապեց ցցել հենց գլխանց` որ ինքը երեւանցի է, իսկ Նիկոլն ընդամենը Երեւանի գրանցում ունի, որն էլ ձեռք է բերել բավականին հասուն տարիքում: Երկրորդ հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որպես գործունեության ոլորտ, նախընտրելու է ոչ թե մայրաքաղաքի ավագանին (քաղաքապետ դառնալու առասպելին հաստատ ինքն էլ չի հավատում), այլ` խորհրդարանը, իսկ Զարուհի Փոստանջյանն աշխատելու է հենց ավագանիում: Բնականաբար, այդ հանգամանքները Փոստանջյանին դարձնում են ավելի նախընտրելի բողոքավոր ընտրողների աչքերում: Բայց միաժամանակ շատերին խրտնեցնում է Զարուհու անթաքույց ամերիկասիրությունը, ինչպես նաեւ հակումը ծայրահեղական գործելակերպին: 
Բնականաբար, կլինեն նաեւ բողոքավոր ընտրողներ, ովքեր ընտրատեղամաս առհասարակ չեն գա` ցանկություն չունենալով ընտրություն կատարել «Ամերիկա պաշտող» Զարուհու եւ «հեռավոր մարզից եկած» Նիկոլի միջեւ: 
Բայց, բնականաբար, ե՛ւ Փաշինյանի, ե՛ւ Փոստանջյանի մտահոգության առարկան ամենեւին էլ մայրաքաղաքը չէ, կամ առնվազն առաջին հերթին մայրաքաղաքը չէ: 

ՊԱՅՔԱՐՆԵՐ ՕԼԻԳԱՐԽԻԿ 
ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը» դպրոցների եւ մանկապարտեզների տնօրեններից հետո հիմա էլ թիրախավորել է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում երկրորդ տեղը զբաղեցրած Արտակ Սարգսյանին, ով հանրությանը ավելի շատ հայտնի է որպես ՍԱՍ-ի Արտակ: Տեղեկատվական առիթն էլ ՍԱՍ-ի աշխատակազմի հետ անցկացրած ժողովի 39 րոպեանոց ձայնագրությունն էր, ուր երեւում էր աշխատակազմի նկատմամբ բավականին կոշտ եւ, մեղմ ասած, ոչ այնքան հարգալից վերաբերմունքը, եւ քանի որ դա պարունակում է գործող օրենսդրության խախտման հատկանիշներ, ապա զարմանալի չէ, որ այդ ձայնագրությունով այժմ զբաղվում են եւ իրավապահները: Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ հանգամանք` իսկ ինչո՞ւ նույն «քաղաքացիական հասարակությունը» անտարբեր է նույն ճնշումների, հակաօրինական եւ հակասահմանադրական դրսեւորումների նկատմամբ Ծառուկյան դաշինքի պարագայում, ուր այդ դրսեւորումները հասնում են ընտրված պատգամավորների մակարդակի: 
Անշուշտ, գրանտասեր համքարության կրկնակի չափանիշներն առանձին խնդիր են, բայց տվյալ դեպքում ուշագրավ են «ՍԱՍ-ի ձայնագրության» հնարավոր հետեւանքները: Այդտեղ աչքի է զարնում երկու հանգամանք` մեկը, որ ձայնագրությունը բավականին որակյալ է ու ակնհայտորեն նման չէ գրպանում դրած հեռախոսի միջոցով թաքուն արված ձայնագրության, եւ երկրորդը` դրա հայտնությունը համացանցում` հենց պատգամավորական վկայականները հատկացնելու նախօրեին: Հիմա ովքեր են դա արել, եւ ում է դա ձեռնտու` կարող են տարբեր վարկածներ լինել: 
Բայց արդյո՞ք կարելի է կարծել, որ ընտրություններին մասնակցած այլ օլիգարխների պարագայում նույն մեթոդները չեն կիրառվել: Եվ արդյո՞ք քանի այդպիսի ձայնագրություն դեռ սպասում է իր հրապարակման ժամին: Ենթադրելի է, որ յուրաքանչյուր առաջատար ռեյտինգային թեկնածու, ում գլխին կկոտրվի այդպիսի «կոմպրոմատ», նախեւառաջ դրանում փնտրելու է իր նվազ հաջողակ մրցակցի, կամ ընդհանրապես «չուզողների» ձեռքը, ու, բնականաբար, դա փողատերերի միջավայրում լարվածություն է հարուցելու: Սակայն կարեւորը ոչ թե այդ լարվածությունն է, այլ` վերջնարդյունքը: Ի վերջո, բացառված չէ, որ այդպիսի սկանդալային «իրեղեն ապացույցների» հետեւանքով ոմանք միգուցեեւ չգան խորհրդարան: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА