ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»

14.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍԱՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ»

Հինգերորդ գումարման ԱԺ-ի վերջին քառօրյան այդպես էլ չգումարվեց` քվորում չլինելու պատճառով: Եվ այդ քառօրյայի վերջին օրով ԱԺ ներկայացած 14 պատգամավորները միասին լուսանկարվեցին նիստերի դահլիճում, եւ այդ լուսանկարը լրագրողների թեթեւ ձեռքով միանգամից ստացավ «Վերջին զանգի» լուսանկար անվանումը: ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ 
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻՆ 
ՍՊԱՍԵԼԻՍ
Կատակը կատակ, բայց իրականում այս ԱԺ-ի աշխատանքների ավարտը իրոք խորհրդանշում է «վերջին զանգ», բայց` կառավարման կիսանախագահական համակարգի համար: Նորընտիր խորհրդարանը, 131 պատգամավորի փոխարեն բաղկացած լինելով 105 խորհրդարանականներից, արդեն ունենալու է լիազորությունների առավել լայն շրջանակ` նոր Սահմանադրությանը համապատասխան: Իսկ վերջնական անցումը խորհրդարանական համակարգին լինելու է 2018-ին, երբ խորհրդարանի հենց այս կազմը ընտրելու է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահին: 
Ինչեւէ, ինչ-որ տեղ հասկանալի է, թե ինչու վերջին քառօրյային այդքան քիչ պատգամավոր ներկայացավ: Ոմանք հրաժեշտ են տալիս ԱԺ-ին եւ իրերը հավաքելով` սիրտ չունեն վերջին անգամ կատարելու իրենց պատգամավորական աշխատանքային պարտականությունները: Ոմանք էլ զբաղված են վերադասավորումների խոհանոցով, քանզի հայտնի է, որ օրենսդիրների մի մասը անցնում է գործադիր ոլորտ: Օրինակ, հայտնի է, որ ներկայիս ԱԺ-ի երկու հանձնաժողովների նախագահներ` Արտակ Զաքարյանը եւ Արտակ Դավթյանը նշանակվելու են պաշտպանության փոխնախարարներ: 
ՊՆ-ում կատարվելիք փոփոխությունների այս փուլն էլ, թերեւս, իր տրամաբանությունն ունի: Հիշենք թեկուզ ԶԼՄ-ներում եղած այն արտահոսքերը, որ դեռեւս  իր պաշտոնավարման օրոք Սեյրան Օհանյանն ուներ որոշակի կապեր այն զինված խմբի հետ, որը ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր սահմանադրական հանրաքվեի նախօրեին: Իսկ 2017-ի ընտրարշավը ի ցույց հանեց նաեւ պաշտպանության նախկին նախարարի կապերը անցյալ տարվա ամռանը ՊՊԾ գունդը գրաված թիմի հետ: 
Պարզ է, որ հենց այդ ստվերային կապերը հաշվի առնելով էր, որ 2016-ի ամռանը զինյալների վնասազերծումը կատարվեց բացառապես ոստիկանության եւ ԱԱԾ-ի ուժերով` առանց ներգրավելու բանակային հատուկ ստորաբաժանումները: Ճիշտ է, այդ ստորաբաժանումները ներգրավելը կարագացներ հանգուցալուծումը, սակայն տպավորությունն այնպիսին է, որ դեռ այն ժամանակ հիմնավոր կասկածներ կային` Սեյրան Օհանյանի բարեհուսության հետ կապված... Եվ հիմա ՊՆ-ում փոխնախարարական կազմի փոխարինումն էլ, կարծես թե,  ինչ-որ տեղ միտում ունի այդ «երկրորդ մակարդակով» նույնպես բարեհույս կադրեր ունենալու մտայնությամբ: 
Ինչեւէ, առնվազն ՀՀԿ խմբակցությունում դեռ հստակեցումներ պետք է լինեն, թե համապետական ու ռեյտինգային ցուցակներով պատգամավորական մանդատ ստանալու չափանիշին համապատասխանող թեկնածուներից ովքեր կգան խորհրդարան, եւ ովքեր կգնան գործադիր: Չէ՞ որ այժմ փոփոխման են ենթարկվում ոչ միայն խորհրդարանի, այլեւ կառավարության լիազորությունների շրջանակները: 
Բացի այդ, նաեւ օրակարգում կա ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ` ՀՅԴ-ի հարցը: Կոալիցիան, կարծես թե, պահպանվում է, բայց դեռ այդքան էլ պարզ չէ, դաշնակների քվոտաները գործադիր օղակներում կմնան նո՞ւյնը, թե` կնվազեցվեն: Համ էլ, զուտ անհատական կազմի տեսակետից էլ հստակեցումների կարիք կա: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզաբանել է, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարց օրակարգում չկա:
Բայց ԲՀԿ-ի պարագայում կա մեկ այլ հարց: Բանն այն է, որ սահմանադրությամբ այժմ արդեն ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմությունից, ու, բնականաբար, ԲՀԿ-ն որպես խոշորագույն ոչ իշխանական ուժ, պետք է ներկայացնի այդ փոխխոսնակին: Եվ դա այնքան էլ հասարակ խնդիր չէ: 
Նախ` ԲՀԿ-ի ներսում առկա է մրցակցություն եւ ինտրիգներ, թե ով է ներկայացվելու որպես փոխխոսնակ: Գումարած դրան, այդ փոխխոսնակի հարցը կապ ունի եւ այն հանգամանքի հետ, թե ով է ստանձնելու ԱԺ նախագահի պաշտոնը: Իշխող կուսակցության կուլիսներում բավականին բազմազան անուններ են շրջանառվում, բայց այս պահին ստույգ ոչինչ ասել հնարավոր չէ: Իսկ ԱԺ նախագահի անձից կախված է նաեւ, թե ով կարող է լինել ԲՀԿ-ական խոսնակը, քանզի առկա է այնպիսի պարզ հանգամանք, թե ով ում հետ կարող է կամ չի կարող աշխատել: 
Եվ վերջապես գումարած դրան, նաեւ օդում կախված հարց կա` ովքեր կգան խորհրդարան նույն Ծառուկյան դաշինքից, իսկ ովքեր կամավոր կամ ոչ այդքան կամավոր կհրաժարվեն մանդատից: Համ էլ այդ թիմի ներսում դեռ պետք է կողմնորոշվեն, թե ինչպես են վարվելու ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների իրենց հասանելիք քվոտաների հետ: Իսկ որ օրենսդիր մարմնում սեփական լծակների խնդիրը Ծառուկյան դաշինքի համար ունի առաջնահերթ կարեւորություն, երեւում է թեկուզ այն հանգամանքից, որ սույն քաղաքական ուժն ավելորդ համարեց որեւէ ռեսուրս ծախսել Երեւանի ավագանու ընտրություններում: Նրանք ամբողջովին բոլոր ջանքերը կենտրոնացնելու են խորհրդարանում: 
Նոր խորհրդարանի ղեկավար օղակների, ինչպես նաեւ նոր կառավարության կազմի ինտրիգը հանգուցալուծվելու է ավելի ուշ, քան սպասվում էր ի սկզբանե, քանզի ԱԺ անդրանիկ նիստի գումարումը ժամկետի տեսակետից կախված է, թե ինչքան ժամանակում Սահմանադրական դատարանը կքննի ՀԱԿ-ի ներկայացրած հայցը: ՀԱԿ-ի առաջնորդ, առաջին նախագահի հետագա անելիքներն էլ այդքան էլ պարզ չեն: Մի կողմից, քանի որ կիսանախագահական համակարգին հրաժեշտ ենք տալիս, ապա գլոբալ առումով կա հարց, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան պաշտոնաթող նախագահները: Մյուս կողմից     երկու պաշտոնաթող նախագահներն էլ հասցրել են բավականին հոռի եւ, մեղմ ասած, ոչ այնքան անընդունելի դրսեւորումներ ի ցույց հանել: Դա հատկապես վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը ստացել է ոչ միայն հանրության առավել քան 98 տոկոսի մերժումը, այլ շատ-շատերը առանց բացասական մակդիրների ընդհանրապես չեն կարող արտաբերել նրա անունը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա թեեւ նա, այնուամենայնիվ, դարձավ «ՀՀ ամենաերիտասարդ թոշակառուն», բայց իր դերն ունեն նրա անձնային այնպիսի որակներն, ինչպիսին է գոռոզությունն ու քինախնդրությունը, մյուս կողմից էլ` շատերը նրան ընկալում են որպես օլիգարխիկ համակարգի կնքահայր: 

ԻՆՉ ՍՊԱՍԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Այն, որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն ստանալու է մեծամասնություն, եւ Տարոն Մարգարյանն էլ շարունակելու է իր պաշտոնավարումը, թերեւս ոչ ոքի կողմից կասկածի տակ չի դրվում: Սակայն բոլոր դեպքերում, մայրաքաղաքային ընտրությունները քաղաքական ընտրություններ են, եւ դրանց ընթացքն ու արդյունքը ներազդելու են նաեւ քաղաքական ուժերի համապետական կշռի վրա: Երեւանը եղավ առաջին համայնքը, որի ընտրությունները քաղաքականացվեցին, իսկ անցյալ տարվանից քաղաքական են նաեւ մյուս երկու  խոշոր քաղաքների` Գյումրիի ու Վանաձորի ընտրությունները: 
Այդ երկու քաղաքներում էլ ՀՀԿ-ն ունի առավելություն, սակայն, օրինակ, Վանաձորի արդյունքները ինչ-որ տեղ նպաստել են «Ելք» դաշինքի ներկայիս խորհրդարանական հաջողությանը: Ինչ վերաբերում է Գյումրուն, ապա այդտեղ ասպարեզ էին եկել նաեւ քաղաքական «փակուղային» միավորներ, ի դեմս փաստացի զուտ ռեգիոնալ կուսակցությունների (զորօրինակ` ԳԱԼԱ-ի), որոնք այդպես էլ դուրս չեկան համապետական մակարդակ:
Սակայն վերադառնանք մայրաքաղաք: Այն, որ ԱԺ ընտրություններում պարտություն կրած ուժերը մայրաքաղաքային ընտրություններին չցանկացան մասնակցել, բնական է` այդ ընտրությունները նրանց չէին կարող տալ ռեւանշի շանս: Իսկ խորհրդարանական երկու ուժերի` Ծառուկյան դաշինքի եւ ՀՅԴ-ի չմասնակցությունը նույնպես իր դրդապատճառներն ունի` այդ երկու ուժը չցանկացան համապետական ընտրություններում ձեռքբերված կշիռը ենթարկել ռիսկերի: Ինչ վերաբերում է «Ելքին», ապա Երեւանի ընտրություններից է կախված` այդ ուժի համապետական կշիռը կաճի՞, թե` ընդհակառակը: 
Բանն այն է, որ կա որոշակի հավանականություն, որ ԱԺ ընտրություններին «Ելքի» ստացած քվեները, մայրաքաղաքի մասշտաբներով` 14 տոկոս է, կարող է եւ ավագանու ընտրություններում չպահպանվեն: Համապետական ընտրություններում երեւանցիները «Ելքին» դիտարկում էին ընդհանուր ընդդիմադիր տրամաբանության շրջանակներում: Սակայն նույնը կարող է չաշխատել Երեւան համայնքի պարագայում: Բանն այն է, որ այդ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը երեւանցի չէ, եւ Ազգային ժողովում նրան տեսնելու ցանկություն ունեցողները ամենեւին էլ պարտադիր չէ, որ ցանկանան նրան տեսնել Երեւանի քաղաքապետի պաշտոնում` թեկուզ տեսականորեն: Գումարած դրան, պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը ավագանու ընտրություններից հետո իր գործունեությունը շարունակելու է ոչ թե ավագանիում, այլ` խորհրդարանում: Իսկ ե՛ւ «Ելքի», ե՛ւ «Երկիր ծիրանիի» ցուցակները բաղկացած են լայն հանրությանը անհայտ դեմքերից: Եվ եթե ավագանու ընտրություններից հետո Զարուհի Փոստանջյանը աշխատելու է ավագանիում, ապա «Ելքից» այդտեղ գնալու են հանրությանը գրեթե անծանոթ մարդիկ: Բնականաբար, այդ հանգամանքը ավելացնում է Զարուհի Փոստանջյանի եւ նվազեցնում Նիկոլ Փաշինյանի շանսերը: 
Զարուհի Փոստանջյանը, ծայրահեղական հայացքների տեր լինելով հանդերձ (ինչը, որպես գործոն, վանում է հանրությանը), այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունի եւ այլ առավելություն` երեւանցի լինելու հանգամանքը: Ու բավականին հավանական է, որ մայրաքաղաքի բնակիչները նրան համարեն ավելի արդյունավետ քաղաքային ընդդիմություն, քան` «Ելքին»: Այսինքն` բավականին հնարավոր է այն տարբերակը, որ մայրաքաղաքի ընտրություններում Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանին» ստանա ավելի շատ ձայներ, քան Նիկոլ Փաշինյանի «Ելքը»: Ուստի, շատ բնական է, որ մայրաքաղաքային ընտրարշավում այդ երկու ուժերի միջեւ ծավալվելու է կատաղի մրցակցություն, ու նրանք ավելի շատ քննադատելու են զմիմյանս, քան` ՀՀԿ-ին: Եվ նրանց բանավեճը կլինի ոչ միայն «երեւանցի-ոչ երեւանցի» հարթությունում, այլ հաստատ նաեւ մտնելու է իրական կամ կեղծ ընդդիմադիր լինելու դաշտը: Այդ երկու ուժերն էլ մայրաքաղաքի ընտրություններում ունեն իրենց ուրույն խնդիրը: Եթե «Երկիր ծիրանին» ավագանու ընտրությունները դիտարկում է որպես մեկնարկային, ինքնահաստատման հարթակ, ապա «Ելքի» համար շատ կարեւոր է փորձել ստանալ նույնքան տոկոս, որքան ԱԺ ընտրություններում: Բայց նման է, որ դա բավականին դժվարին խնդիր է լինելու: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА