ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկու լիտր արյուն էր կորցրել». «Սլավմեդ»-ում մահացած ծննդկանի ամուսինը բողոքարկելու է

12.04.2017 23:07 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
«Երկու լիտր արյուն էր կորցրել». «Սլավմեդ»-ում մահացած ծննդկանի ամուսինը բողոքարկելու է

«Դատաբժշկական փորձագիտական կենտրոնը տվել է իր եզրակացությունը, ըստ որի` բժիշկները մեղավոր չեն կնոջս` Տաթեւ Գասպարյանի մահվա համար: Եթե եզրակացությունը գրած լիներ 4-րդ կուրսի ուսանողուհի, կհավատայի, բայց բժշկագիտության դոկտորներն իրավունք  չունեն նմա անգրագետ բան գրել»,- Իրավունք»-ի հետ զրույցում ասաց    «Սլավմեդ» ԲԿ-ում ծննդաբերած  Տաթեւ Գասպարյանի ամուսինը` Նորայր Գասպարյանը, որը մասնագիտությամբ  դեղագետ է:  

Ծննդկանի ամուսնու խոսքով` դատաբժշկական եզրակացություն տվողները  քննիչի հարցերին  հստակ չեն պատասխանել: «Մի խոսքով` փնթի աշխատանք է»,- ասաց  պրն Գասպարյանը:  Տուժող կողմը հիմա գործի նյութերն է հավաքում` բողոքարկելու դատաբժշկական 1-ին եզրակացությունը եւ նոր փորձաքննություն պահանջելու:

Հիշեցնենք`   ծննդկան Տաթեւ . Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում:

Մինչ ծննդաբերությունը հղիության 9 ամիսների ընթացքում Տաթեւ Գասպարյանը եղել է «Սլավմեդ»-ի բժիշկ Լիանա Դաղբաշյանի հսկողության տակ: «Ծննդաբերությունից առաջ կնոջս սոնոգրաֆիա արեցին: Լիանա Դաղբաշյանն ասաց, որ երեխայի պորտալարը կարճացած է, երկու անգամ փաթաթված է երեխայի վզին:  Պետք է  կեսարյան անել: Տաթեւը համաձայնել է»,- հիշում է ամուսինը:

Ըստ տեղեկությունների` Լիանա Դաղբաշյանը արյունաբանական կենտրոնի  ղեկավար  Սմբատ  Դաղբաշյանի եղբոր աղջիկն է:

Ամուսնու խոսքով` վիրահատությունից հետո  կնոջ   ինքնազգացողությունը լավ չի եղել: «Հերթապահ բժիշկը, սակայն ասում էր, որ  ամեն ինչ նորմալ է,  հետվիրահատական վիճակ է, անհանգստանալու ոչինչ չկա:  Բայց  Տաթեւի վիճակն աստիճանաբար  վատանում էր:  Հուլիսի 26-ի գիշերը, երբ սոնոգրաֆիա արեցին, տեսան, որ ապոնեւրոզային հատվածում  արյուն է   հավաքված: Երկրորդ վիրահատությունն արեցին, բայց Տաթեւը երկու լիտր արյուն էր կորցրել: Դատաբժշկական հանձնաժողովն այս ամենի վրա աչք  է փակել եւ գրել` պլազմայի անհամապատասխանության պատճառով առաջացել է  թոքի այտուց, որն էլ եղել է մահվան պատճառ»,-  պնդում է Նորայր Գասպարյանը:

Նկարի աջ կողմում «Սլավմեդ»-ի ծննդատան վարիչ Վարդան Ռափյանն է, ձախ կողմում` Լիանա Դաղբաշյանը: 

 

Երկրորդ վիրահատությունից  հետո, զրուցակցիս խոսքով,  կինը գիտակցության  չի եկել. «Հարցնում  էի` ոնց է, ոչինչ  չէին ասում: Հետո իմացա, որ  «Արմենիա» ԲԿ-ից անեսթեզիոլոգ են կանչել որպես խորհրդատու: Իմ անձնական կապերով պարզեցի` կնոջս վիճակը վատ է: Անգամ այդ վիճակում Տաթեւին չէին տեղափոխում բժշկական այլ կենտրոն: Ես զոռով տեղափոխել եմ նրան Հանրապետական հիվանդանոց, որտեղ  3-րդ կարգի ռեանիմացիա կա, մինչդեռ «Սլավմեդը» ռեանիմացիոն ծառայություն չունի:  Ու քանի որ Տաթեւը շատ արյուն էր կորցրել, «Հանրապետականում» կյանքը փրկել չհաջողվեց Հուլիսի 27-ին նա մահացավ»:

 Կնոջ մահվան համար Նորայրը մեղադրում է վիրահատող բժշկին եւ հիմնավորում իր խոսքը. «Ըստ հիվանդության պատմագրի` Տաթեւի  վիրահատող բժիշկը եղել է Դաղբաշյան  Լիանան, իսկ օգնականը` նույն ԲԿ-ի բժիշկ Ռափյան Վարդանը: Բայց Ռափյան Վարդանը` բժշկական գիտությունների թեկնածու,  «Սլավմեդ»-ի ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավարը, չի կարող լինել  բժշկի օգնական: Ես հիշում եմ` Լիանան ասաց մեզ` եկեք  վիրահատությունն անենք այն օրը, որ Ռափյան Վարդան այստեղ լինի: Հետո երբ դեպքերն այսպես զարգացան,  Լիանա Դաղբաշյանի անունը  գրեցին որպես վիրահատող բժիշկ` Ռափյան Վարդանի կաշին փրկելու համար: Կարծում եմ` անոթի ամբողջականությունը խախտվել է, հետո դա ճիշտ չեն վերականգնել: Երկու մեթոդ կար անոթի ամբողջականությունը վերականգնելու` կամ  կոագուլացիայի  մեթոդով,  կամ սովորական  թելով փակել:  Բայց  եթե հիվանդի հեմոգլոբինը ցածր է, պետք է թելով կարեին անոթը: Կոագուլացիան էլ սխալ մեթոդ չէ, բայց սխալ կոագուլացիա են արել: Ավելին` Տաթեւին առաջին վիրահատությունից հետո տեղափոխել են պալատ, որտեղ  հետվիրահատական հսկողությունը զրո է:  Բժիշկներին զոռով էինք  բերում` հիվանդին զննելու»:

 Փորձեցինք կապ  հաստատել  Տաթեւիկ Գասպարյանի բժիշկ Լիանա Դաղբաշյանի հետ, սակայն ապարդյուն: Հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որն ըստ ենթակայության ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА