ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՈՒՅՆԻՍԿ ԻՎԱՆԿԱՅԻ ԼԱՑՈՒԿՈԾԸ  ՉԻ ՍՏԻՊԻ ԹՐԱՄՓԻՆ՝ ՄՏՆԵԼ ՍԻՐԻԱ

12.04.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՈՒՅՆԻՍԿ ԻՎԱՆԿԱՅԻ ԼԱՑՈՒԿՈԾԸ  ՉԻ ՍՏԻՊԻ ԹՐԱՄՓԻՆ՝ ՄՏՆԵԼ ՍԻՐԻԱ


Սիրիական «Շարիաթ» ավիաբազայի վրա ամերիկյան հրթիռային հարձակումից հետո Թուրքիայի դիրքորոշումը կարելի է առնվազն տատանողական համարել: Այսպես, եթե հարձակումից անմիջապես հետո Անկարան դրան միանշանակ կողմ արտահայտվեց՝ առաջ քաշելով մի կողմից՝ Ասադի հեռանալու մասին պահանջ, մյուս կողմից՝ Սիրիայում ամերիկյան ռազմական գործողությունների ընդլայնման առաջարկ, ապա ՌԴ-ի հետ շփումներում կամաց-կամաց թուրքական կողմը սկսեց այլ բաներից խոսել:ԷՐԴՈՂԱՆԸ ՀԵ՞Տ Է ՔԱՇՎՈՒՄ
Ամերիկյան հարձակումից շատ չանցած տեղի ունեցավ Լավրով-Չավուշօղլու հեռախոսազրույց, որի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը առաջին պլան էր մղում Ասադի հեռանալու թեման: Բայց ահա նախօրեին Չավուշօղլուի նախաձեռնությամբ եւս մեկ հեռախոսազրույց եղավ, եւ այս անգամ, համենայնդեպս՝ ըստ պաշտոնական հաղորդագրությունների, հիմնական խոսքը հրադադարի ռեժիմի պահպանման եւ բանակցությունների, այդ թվում՝ Ժնեւի եւ Աստանայի գործընթացների շարունակության մասին էր:
Իհարկե, սիրիական պատերազմի առաջին օրերից սկսած Անկարայի երազանքն էր ԱՄՆ-ի հովանու ներքո այդ երկիր մասշտաբային ռազմական ներխուժում իրականացնելը: Այդ հարցում Օբաման մինչեւ վերջ Էրդողանին հիասթափեցրեց, իսկ Թրամփի հրթիռային հարվածները նոր հույսեր առաջ բերեցին: Ու չբացառենք, որ մինչ այդ Անկարան համապատասխան ազդակներ ստացել էր: Համենայնդեպս` հիշեցնենք, որ այլ երկրների ղեկավարներից՝ Թրամփն առաջինը հանդիպեց բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ, եւ վերջինս այդ հանդիպումից անմիջապես հետո մեկնեց Անկարա: Հրթիռային հարվածներից հետո եւս ակնհայտ էր, որ ԱՄՆ-Բրիտանիա անգլոսաքսոնական տանդեմն այն աստիճան է գործում համատեղ է, որ բրիտանացի ԱԳ նախարարը մինչեւ իսկ չեղյալ համարեց Մոսկվա կատարելիք այցը: Եվ բնական է, որ այդ հանգամանքը պետք է, որ հավելյալ կերպով ոգեւորեր Էրդողանին: Բայց երբ դրանից հետո Չավուշօղլուն հիշում է, մասնավորապես, Աստանայում ՌԴ-ի եւ Իրանի հետ միասին իրականացրած բանակցությունների մասին եւ զանգահարում Լավրովին, ակնարկ է, որ Անկարայում ինչ-որ բան փոխվել է: Եվ տրամաբանորեն էլ՝ Էրդողանը Սիրիայի հարցում դիրքորոշումը հերթական անգամ փոխելու լուրջ պատճառ ուներ: 
Այսպես, ամերիկյան հրթիռային հարվածներից հետո Իրաքի քրդերը հերթական անգամ հայտարարեցին, որ պատրաստվում են այս տարվա ընթացքում անկախ Քուրդիստան ստեղծելու նպատակով հանրաքվե անցկացնել: Ավելին, քրդական առանցքային քաղաքական ուժերը նաեւ տեղեկացրին, որ պաշտոնական հանդիպում են ունեցել նախ՝ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների, ապա՝ Իրաքի ղեկավարության հետ: Այսինքն՝ ամեն ինչ շատ ավելի գործնական տեսք ունի, ինչը հուշում է, այս պահին քրդերը հանրաքվե անելու հարցում ամերիկյան «դաբրո» ունեն:
Քրդական պետականությունն այն մահացու վտանգն է, որ աչքի առաջ ունենալով՝ հին աղվես Էրդողանը հազիվ թե օրեր առաջվա ոգեւորությամբ մոտենա անգլոսաքսոնական հերթական տարածաշրջանային մեծ խաղին: Արդյունքում, կարելի է կռահել, թե ինչու Չավուշօղլուն նման «խաղաղասիրական» զանգ կատարեց Մոսկվա: Իհարկե, Էրդողանը սիրիական խնդրի հետ կապված դեռ մի հազար անգամ էլ «դեմքը» կփոխի: Սակայն այս վեց տարիների պատմությունից հետո մեկ բան հաստատ է՝ առանց ամերիկացիների մասշտաբային ներխուժման, Էրդողանը սիրիական այդ կրակից սեփական ձեռքերով շագանակ հանողի դեր չի ստանձնի: Իսկ առանց նման խոշոր ռազմական միջամտության, Սիրիայի ներկայիս պատերազմի ընթացքը, եթե նույնիսկ Թրամփը որոշի եւս մի քանի նման հրթիռային հարվածներ իրականացնել:

«ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ»-Ը ՆՈՐԻՑ ՉԳՈՐԾԵՑ
Ուրեմն՝ Վաշինգտոնը կգնա՞ Սիրիա մասշտաբային ներխուժման ճանապարհով: Թրամփն անկանխատեսելի է, ասում են՝ այս հրթիռային հարձակմանն էլ գնացել է դստեր՝ Իվանկայի խնդրանքով: Իվանկան էլ մարդու գնալով՝ ամուսնու՝ Ջարեդ Քուշերի հրեական կրոնն է ընդունել, այն էլ՝ օրթոդոքս հուդայականությունը: Իսրայելին էլ շատ է պետք սիրիական այս խառը վիճակը, եւ միգուցե Իվանկան հորը խնդրի՝ Սիրիա զորք մտցնել. ով իմանա, նման զարգացումներն էլ չբացառենք: Բայց...
Ինչպես հայտնի է, նախօրեին դեպի Կորեական թերակղզի շարժվեց ամերիկյան հարվածային նավախումբը՝ «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ: Դա, իհարկե, ակնարկ էր, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ում հանդիպումների ժամանակ Թրամփը չկարողացավ պայմանավորվածությունների հասնել: Եվ, ենթադրաբար, Թրամփի հիմնական խնդիրն էր՝ ԱՄՆ-ՌԴ հակամարտությունում հասնել Չինաստանի գոնե չեզոքությանը: Բայց. դեռ միայն վերջերս էր Թրամփը նույն կարգի ակնարկներ հղում ռուսներին: Այսինքն, որ Պեկինի հետ Վաշինգտոնի հակամարտության դեպքում Մոսկվան գոնե չեզոք մնա: Բայց փոխարենը Մոսկվայից հնչեց Չինաստանին C-400 համակարգեր մատակարարելու մասին հայտարարություն, իսկ դա պարզ ակնարկ էր, որ ՌԴ-ն չի պատրաստվում ռուս-չինական հարաբերությունները փչացնել հանուն վաշինգտոնյան առաջարկների: Եվ «Կարլ Վինսոնի» դեպի Կորեա նավարկելը եւս ակնարկ էր, որ մոտավորապես նման պատասխան էլ Թրամփը Սի Ցզինպինից է ստացել: Չնայած՝ նման առաջարկներ Մոսկվան եւ Պեկինը ժամանակին նաեւ Օբամայից էին ստանում: Ու, թերեւս, հստակ գիտակցելով, որ գործում է անգլոսաքսոնական սիրված` «բաժանիր, որ տիրես» բանաձեւը, արձագանքն այն ժամանակ էլ մերժումն էր: Ու Թրամփի օրոք էլ երեւում է, որ բան չի փոխվել: Ամեն դեպքում, բացի «Կարլ Վինսոնի» դեպի Կորեա նավարկելուց, ասվածի մասին եւս մեկ փաստ է վկայում: Երեկ հայտնի դարձավ, որ կորեական Փուսան նավահանգիստ է մուտք գործել ՌԴ խաղաղօվկիանոսյան նավատորմի ֆլագման «Վարյագ» հրթիռակրի գլխավորած նավախումբը, որին, ընդգծենք, կորեացիները ծաղիկներով դիմավորեցին: Ճիշտ է, խոսքը Հվ.Կորեայի մասին է, սակայն թերակղզու մոտ, «Կարլ Վինսոնին» զուգահեռ, ռուսական նավախմբի շրջագայությունն ընդգծված աջակցություն է Հս.Կորեային: Իսկ վերջինս, չմոռանանք, միջուկային պետություն է, այսինքն, ինչքան էլ ամերիկյան նավախմբերը այդ պետության ափերին մոտենան, մեկ է, հարված հասցնելուց առաջ պետք է, որ անգամ Թրամփի կարգի նյարդային նախագահը շատ երկար մտածի: Հասկանալով նաեւ, որ Հս.Կորեայի թիկունքին, ի վերջո, Չինաստանն է կանգնած: Ու երբ դրան էլ ավելացավ «Վարյագի» ներկայությունը, ապա ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ստիպված է լինելու գործ ունենալ ռուս-չինական դաշինքի հետ: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ դաշինքային հարաբերությունները չեն սահմանափակվում միայն Կորեական թերակղզու սահմաններով, ընդհակառակը, գործում են աշխարհի ցանկացած կետում, որտեղ դրա կարիքը կզգացվի: Բնական է, այդ թվում՝ Սիրիայում:

ԵՎՐՈՊԱՆ ԹՐԱՄՓԻՆ 
ՀԱՄԱՐՈՒՄ Է ՎՏԱՆԳ
Բնական է, հաշվից պետք չէ հանել նաեւ Իրանի գործոնը: Հիշեցնենք՝ ամերիկյան հրթիռային հարվածներից հետո տեղի ունեցած Պուտին-Ռոհանի հեռախոսազրույցը եւ համատեղ Վաշինգտոնին դատապարտելու փաստը հուշեց, որ ակտիվորեն գործում է նաեւ ՌԴ-Իրան դաշինքը: Եվ չմոռանանք, որ վերջերս նաեւ Թեհրանից հրաժարվելու մասին Վաշինգտոնից Մոսկվային ուղղված ակնարկ-առաջարկ հնչեց, որը եւս արդեն վերջնականապես է ակնհայտ, մերժվել է: 
Մյուս կողմից, Իրանը Չինաստանի նավթի հիմնական մատակարարներից է, կարեւորագույն օղակ չինական «Մետաքսի ուղու» համար: Այսինքն, Պեկինը եւս հաստատ չի կարող անտարբեր մնալ նախ՝ Իրանի, ապա՝ Սիրիայի ճակատագրի նկատմամբ:
Ինչ խոսք, սիրիական այս նոր խաղի մեջ մտնելու համար Անկարան նաեւ այս ուժային հաշվեկշիռը պետք է հաշվի առնի: Այո, ԱՄՆ-ն ունի ուժեղ զինուժ: Բայց միաժամանակ ՌԴ-ի, Չինաստանի եւ Իրանի հետ հակամարտությունում հազիվ թե հաջողությունը Վաշինգտոնի կողմը լինի: Առավել եւս, որ Եվրոպան ցուցադրաբար ետ կանգնեց սիրիական այս նոր խաղից: Նախ՝ Բեռլինը հայտարարեց, որ խորհուրդ չի տա Թրամփին՝ կրկնել հրթիռային հարձակումը: Եվ երկրորդը. Եվրոպայում հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս ¥տե՛ս գրաֆիկը¤, որ նույնիսկ ԱՄՆ-ի հիմնական դաշնակից եւ այս խաղում ակտիվ դերակատար Բրիտանիայի բնակչության կեսից ավելին այն համոզմունքին են, որ Թրամփը համաշխարհային անվտանգության համար խնդիր է: Իսկ Գերմանիայում այդ ցուցանիշը հասնում է 72 տոկոսի, ինչը եւս հասկանալի է դարձնում այն կտրուկ մերժումը, որը Բեռլինը ցուցաբերեց սիրիական հարցով: Իսկ այդ տոկոսները Թրամփի համար խնդիր են նրանով, որ եվրոպական երկրները հանրային նման տրամադրությունների պարագայում ցանկության դեպքում անգամ զերծ կմնան միջամտել, եթե լարվածությունը գնա պատերազմի ուղղությամբ: Առավել եւս, որ երեկվա G-7-ում այդպես էլ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Բրիտանիայի առաջարկն անգամ չննության չառնվեց:
Այսպիսով, եթե նույնիսկ Թրամփը որոշի մտնել Սիրիա, պետք է պատրաստ լինի, որ կարող է մնալ հատուկենտ դաշնակիցների հետ եւ դիմացն ունենա լուրջ հակառակորդ: Չէ, երեւում է նույնիսկ Իվանկայի լացուկոծը չի ստիպի Թրամփին՝ մտնել Սիրիա: Իսկ չմտնելու դեպքում... Ի դեպ, Սիրիայում մի քանի խոշոր հարձակումների մեկնարկն արդեն տրված է:
Վերջապես, երբ այսքանից հետո պետքարտուղար Թիլերսոնն արդեն վերջնագրի տեսք է տալիս ՌԴ-ին ուղղված խնդրանքին, թե, ինչ կլինի, գոնե Ասադի հետ դաշնակցային պարտավորություններիցդ հրաժարվի, զգացվում է, որ Թրամփն արդեն սկսել է մտածել դ եռ չգտած քաղաքական դեմքը փրկելու մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА