ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոխնակ մայրություն. ինչպես է այն կարգավորվում

12.04.2017 12:35 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Փոխնակ մայրություն. ինչպես է այն կարգավորվում

Վերջին տարիների ընթացքում պարբերաբար արծարծվում է փոխնակ մայրերի թեման: Սակայն հանրության մեծ մասը այդպես էլ մինչ օրս լիարժեք տեղեկացված չէ, թե օրենսդրորեն ինչպես է կարգավորվում փոխնակ մայրերի կարգավիճակը: Արդյունքում` տարաբնույթ խնդիրների, վեճերի, անգամ` սկանդալային պատմությունների պակաս չկա, թեեւ այդ ամենը հիմնականում մնում է քիչ տեսանելի: 


«...ԱՅԼ ՀԱՐՑ Է, ԹԵ ԻՆՉ ԻՄԱՍՏՈՎ Է ՆԱ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՄՈՐԸ»

Թեմայի շուրջ զրուցեցինք «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» գիտության գծով փոխտնօրեն, ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ: Մեր զրուցակիցը նախ անդրադառնալով փոխնակ մայրերի ինստիտուտին` նկատեց.


- Փոխնակ մայրը արտահայտությունը արդեն իսկ հուշում է, որ խոսքը մի կնոջ մասին է, ով փոխարինում է մորը: Այլ հարց է, թե ինչ իմաստով է նա փոխարինում մորը: Փոխնակ մոր ծառայության են դիմում այն ամուսնական զույգերը, որտեղ կնոջ մոտ  խնդիրներ են լինում` կապված պտուղը կրելու հետ: Դեպքեր են լինում, երբ կինը չի կարող կրել իր պտուղը` պայմանավորված զարգացման արատներով: Ասենք, երբ կնոջ մոտ ի ծնե առկա է արգանդի բացակայություն կամ վիրաբուժական միջամտության հետեւանքով հեռացվել է արգանդը: Հնարավոր է նաեւ ներարգանդային որոշակի ախտաբանությամբ պայմանավորված` պտուղը չի կարող ներդրվել եւ զարգանալ տվյալ արգանդում: Եվ վերջապես, կան հիվանդություններ, որոնց դեպքում հղիությունը հակացուցված է կնոջ առողջության համար, սակայն տվյալ կինը ի վիճակի է իր ձվաբջիջը օգտագործել բեղմնավորման համար: 
Ցանկացած կնոջ համար ամենանվիրական իղձը մայր դառնալն է: Իսկ այսօրվա բժշկագիտության ձեռքբերումները նաեւ նման կանանց են տալիս մայրանալու բերկրանքը զգալու հնարավորություն: 
Երբ հնարավորություն ընձեռվեց բեղմնավորումն իրականացնել օրգանիզմից դուրս, առաջ եկավ եւս մեկ մտահղացում` արդյոք հնարավո՞ր է սաղմը տեղադրել ոչ թե կենսաբանական մոր արգանդում, այլ` փոխնակ մոր, որպեսզի վերջինս կրի այդ հղիությունը: Այսինքն, մենք մեկ ուրիշ կնոջ արգանդում տեղադրում ենք ամուսնական զույգի քրոմոսոմային ամբողջ հավաքածուն կրող սաղմը: Տվյալ պարագայում պտուղը բացարձակ որեւէ ժառանգական կապ չունի փոխնակ մոր հետ, եւ վերջինս ընդամենը կրում է այդ հղիությունը:


- Բայց փաստն այն է, որ փոխնակ մայրն է կրում-մեծացնում պտուղն ու երեխային լույս աշխարհ բերում: Այսինքն, կա երեխայի հետ կապվածություն, եւ քիչ չեն դեպքերը, երբ փոխնակ մայրը պարզապես հրաժարվում է երեխային հանձնել կենսաբանական ծնողներին: Այսինքն, առանց օրենսդրական հստակ կարգավորումների, նման խնդիրներ կարող են գործնականում ամեն մի դեպքում էլ առաջ գալ: Ուրեմն`օրենսդրորեն ի՞նչ պարտականություններ  եւ իրավունքներ ունեն տվյալ կողմերը:


- Երբ ստացվեց հնարավորություն` կիրառել փոխնակ մայրության ծրագիրը, բնականաբար, դրա հետ առաջ եկան մի շարք բարոյական եւ իրավաբանական հարցեր: Այդ թվում` փոխնակ մայրն ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունի տվյալ երեխայի հանդեպ, ի՞նչ իրավական հարաբերությունների մեջ պետք է լինեն  կենսաբանական ծնողներն ու փոխնակ մայրը եւ այլն:   
Փոխնակ մոր ծառայության դիմելու համար, առաջին հերթին, պետք է ճշտել, թե արդյոք ամուսնական զույգին հարկավո՞ր է արտամարմնային բեղմնավորում` փոխնակ մայրության ծրագրով: Երկրորդ` պետք է ընտրեն փոխնակ մորը, շփվեն նրա հետ, ճանաչեն միմյանց, քանի որ այստեղ մարդկային հարաբերությունները շատ կարեւոր են: Դրանից հետո միայն  սկսվում է փոխնակ մայրության ծրագրով նախատեսված գործընթացը:

«ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԴՆԹ ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ»

- Ո՞վ կարող է դառնալ փոխնակ մայր:


- Հայաստանի Հանրապետության «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին»օրենքում  հստակ նշված է, որ փոխնակ մայր կարող է լինել 18-35 տարեկան առողջ կինը, ով ունի առնվազն մեկ երեխա, սահմանված կարգով անցել է բժշկագենետիկական հետազոտություն, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: 
Ամուսնական զույգն իրավունք ունի ինքն ընտրել իրենց երեխայի հղիությունը կրող փոխնակ մորը: Փոխնակ մայր կարող է տրամադրել նաեւ համապատասխան ծառայությունն իրականացնող կառույցի կողմից, որն այդ դեպքում դառնում է երկու կողմերի միջեւ երաշխավոր: Սակայն երկու տարբերակով էլ փոխնակ մայրը պետք է համապատասխանի օրենքի կետին, անցնի լիարժեք հետազոտություն: Այդ թվում, պետք է պարզելª արդյոք հղիությունը չի՞ ազդի տվյալ փոխնակ մոր առողջական վիճակի վրա, կամ նրա առողջական վիճակը չի՞ ազդի երեխայի առողջական վիճակի վրա: Բնական է, այս ամենից հետո կնքվում է պայմանագիր, որտեղ մանրամասն ներկայացված են այն հարցերի պատասխանները, որոնք կարող են առաջանալ բուժագործության ընթացքում: Եթե արձանագրվում է հղիություն, ապա կնքվում է երկրորդ պայմանագիրը` հղիության ընթացքի հետ կապված: Հղիությունը բնականոն ընթացք է, եւ ցանկացած հղիություն կարող է շեղվել բնականոն ընթացքից: Ինչպես օրինակ, եթե տեղի է ունեցել հղիության ընդհատում բժշկական ցուցումով, կամ եթե տեղի է ունեցել ինքնաբեր վիժում, ապա ինչպիսին պիտի լինեն այս պարագայում փոխնակ մոր իրավունքները, փոխհատուցումը եւ այլն:  
Պետք է ասեմ, որ այս տարիների ընթացքում փոխնակ մայրության հետ կապված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում  որոշակի փոփոխություններ են կատարվել: Օրինակ` կան կանայք, ովքեր բացի նրանից, որ խնդիրներ ունեն երեխա կրելու հետ, խնդիրներ ունեն նաեւ ձվաբջջի հետ: Այդ դեպքում կնոջը հարկ է լինում տրամադրել ձվաբջիջ: Գործող օրենսդրության համաձայն փոխնակ մայրը չի կարող լինել միառժամանակ ե՛ւ ձվաբջիջ տրամադրող կինը, ե՛ւ փոխնակ մայրը, քանզի տվյալ դեպքում փոխնակ մայրը դառնում է երեխայի կենսաբանական մայրը, եւ առաջ են գալիս  որոշակի խնդիրներ` կապված երեխայի հետ: Իսկ որպեսզի ամուսնական զույգը վստահ լինի, որ երեխան կենսաբանական առումով իրենցն է, ծնվելուց անմիջապես հետո պարտադիր կատարվում է ԴՆԹ թեստավորում, որից հետո միայն երեխան հանձնվում է զույգին: 


- Եթե զույգը ունենում է խնդիրներ ձվաբջջի հետ եւս, ո՞վ է հանդիսանում տվյալ դեպքում ձվաբջջի դոնորը:


- Ձվաբջջի դոնորի վերաբերյալ հարցերը եւս արծարծված են «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում: Ձվաբջջի դոնոր կարող են հանդիսանալ 18-35 տարեկան այն կանայք, ովքեր ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության եւ չունեն դոնոր լինելու բժշկական հակացուցումներ: 


- Եղե՞լ են դեպքեր, երբ փոխնակ մայրը ծննդաբերելուց հետո, այնուամենայնիվ, հրաժարվել է երեխային կենսաբանական ծնողներին հանձնելուց:


- Մեր կենտրոնում այդպիսի խնդիր չի եղել, քանի որ փոխնակ մայրը մանրամասն` կետ առ կետ ծանոթանում է նախ առաջին պայմանագրին, որը կնքվում է մինչեւ հղիությունը եւ երկրորդին, որը կնքվում է արդեն հղիության ընթացքում: Այդտեղ լիակատար, հստակ ձեւակերպված են նրա եւ կենսաբանական ծնողների իրավունքները եւ պարտականությունները:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА