ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՑԱՎ ՈՂՆԱՇԱՐՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

07.04.2017 19:50 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՑԱՎ ՈՂՆԱՇԱՐՈՒՄ. ԻՆՉՊԵՍ ՊԱՅՔԱՐԵԼ

- Հարգելի բժիշկ, ցուրտ եւ անձրեւային եղանակը կարո՞ղ է նպաստավոր պայմաններ ստեղծել` ողնաշարի ցավերի սրացման համար: Բուժման ի՞նչ մարտավարություն կառաջարկեք:

Հարցին պատասխանում է կինեզիթերապեւտ, ռեաբիլիտոլոգ ԱՐԱՄ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ.

-Անշուշտ, ցուրտ եղանակը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել ողնաշարի ցավերի սրացման հարցում: Սակայն, առաջին հերթին, հարկ է պարզել առաջացման պատճառներն ու նոր որոշել բուժման մարտավարությունը: 
Ցավերի սրացման պատճառ կարող է հանդիսանալ աճառային սկավառակի ճողվածքը: Այստեղ շատ կարեւոր է պարզել ճողվածքի տեսակը, լոկալիզացիան, այսինքն` որտեղ է այն տեղակայված եւ չափսերը: Այն կարող է հասնել մինչեւ 15 միլիմետր եւ ավելին: Ճողվածքը, սեղմելով նյարդարմատը, կարող է առաջացնել տվյալ հատվածի ճառագայթող ցավեր: Եթե ճողվածքը գտնվում է պարանոցի հատվածում, չի բացառվում, որ հիվանդի մոտ առաջանան գլխացավեր, արյան զարկերակային ճնշման տատանումներ, ձեռքերում թմրածություն եւ այլն: Եթե ճողվածքը գտնվում է գոտկա-սրբանային հատվածում` կարող են առաջանալ ճառագայթող ցավեր` երիկամի, որովայնի, ազդրի, ոտնթաթի հատվածներում:
Ինչպես գիտենք, օստեոխոնդրոզ հիվանդությունն որեւէ կապ չունի աղերի կուտակման հետ. այդպես ժողովուրդն է ասում: Իրականում դա ողնաշարի ձեւախախտական փոփոխությունն է, որը նույնպես կարող է սեղմել նյարդարմատը եւ առաջացնել վերոնշյալ նշանները:
Ուստի`բուն պատճառները պարզելու համար, հարկ է դիմել մասնագետի օգնությանն ու չապավինել այն տարածված կարծիքին, որ ցավն ինքն իրեն կանցնի: Հարկ եղած դեպքում մասնագետը կառաջարկի կատարել ռենտգեն հետազոտություն, ԿՏ (համակարգչային շերտագրում/տոմոգրաֆիա) կամ (մագնիսառեզոնանսային շերտագրում/տոմոգրաֆիա) հետազոտությունները: Բժիշկ-ռադիոլոգի պատասխանը որոշիչ դեր ունի բուժման հետագա մարտավարության համար: Բուժումն իր մեջ կարող է ներառել կինեզիթերապիա, բուժական ֆիզկուլտուրա, դեղորայք եւ այլն:
Ողնաշարի ցավեր կարող են առաջանալ նաեւ հիպոդինամիայի (սակավաշարժության) հետեւանքով: Սովորաբար այդ խնդիրներով տառապում են նստակյաց դիրքում երկար ժամեր անցկացնող անձինք. ծրագրավորողները, գրասենյակային աշխատանք կատարող մասնագետները եւ այլն: Նրանց խորհուրդ ենք տալիս օրվա մեջ մի քանի անգամ կատարել թեթեւ վարժություններ, օգնում է նաեւ լողավազան կանոնավոր այցելությունները:
Ցուրտ եղանակին խորհուրդ չի տրվում տաք լոգանք ընդունելուց հետո անմիջապես դուրս գալ տանից: Ինչպես նաեւ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սննդակարգին. հարկ է ազատվել ավելորդ քաշից, քանի որ այն ծանրաբեռնում է ողնաշարի սյունը՝ առավել ազդելով գոտկային հատվածի վրա, առաջացնում է խնդիրներ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА