ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՏԵՂԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ  ՉՈՒՆԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏ

07.04.2017 19:40 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՏԵՂԱԿԱՆ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԱՊ  ՉՈՒՆԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԵՏ

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում եւ հետո Հայաստանում նկատվեց մի շարք պարենային եւ ոչ պարենային ապրանքների գների աճ: Այդ թվում` բանանի, շաքարավազի, բենզինի, ծխախոտի որոշ տեսակների եւ այլն: Սա սկիզբ դրեց այն խոսակցություններին, թե մոնոպոլիստները սկսել են ընտրությունների ժամանակ ծախսած փողերը ժողովրդի ջանից հանել:Համենայնդեպս, մեր երկրում թեեւ տեւական ժամանակահատված գնաճի համեմատաբար նորմալ տեմպեր են, սակայն պարբերաբար նկատվող առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների անհասկանալի թանկացումները, բնական է, վատ են ընդունվում: Առավել եւս, որ պատկան պետական այրերը, որպես կանոն, կամ ձայն չեն հանում, կամ էլ՝ զբաղված են մոնոպոլիստներին արդարացնելով: Ինչեւէ, ինչպե՞ս հասկանանք այս հերթական թանկացումները: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Չիլինգարյանն էլ է նկատել, որ նախկին Խորհրդային Միության երկրներում գրեթե ընդունված «ավանդույթ» է, որ ցանկացած ընտրությունից հետո ապրանքների գները բարձրանան: Ըստ նրա, Խորհրդային Միության նախկին երկրները ձեռք են բերել անկախություն, սակայն կառավարման մեթոդը գրեթե նույնն է մնացել. «Ոմանք այս թանկացումները կապում են միջազգային գների հետ, բայց սա անընդունելի է: Մինչեւ ընտրություններն աշխատում են ապրանքների գներն իջեցնել, իսկ արդեն ընտրություններից հետո՝ բարձրացնում են, եւ ով, ինչպես կարողանում, առիթից օգտվում է: Կասկած ունեմ, որ շուտով հանրային տրանսպորտի ուղեվարձն էլ կթանկանա, քանի որ միջազգային ինչ-որ կառույցի ներկայացուցիչ էր հրավիրվել, որպեսզի այստեղ հետազոտություններ իրականացնի: Այս ամենը մեծ գումար է արժեցել: 2013 թվականին էլ, երբ փորձ արեցին թանկացնել տրանսպորտի ուղեվարձը, այդ ժամանակ էլ Հայաստան էր եկել միջազգային կառույցի փորձագետ»:
Ինչ վերաբերում է շաքարավազի եւ բանանի  գների բարձրացմանը, Կարեն Չիլինգարյանը փաստեց.  «Դժվար է ասել, թե ինչ խնդիրներ առաջացան, հնարավոր է՝ համաձայնության են եկել. մեզանում հաճախ է լինում, երբ տարբեր ներկրողներ համաձայնության են գալիս եւ բարձրացնում ներկրված ապրանքի գները: Չեմ կարծում, որ միջազգային գներն այնքան են բարձրացել, որ անդրադարձել են տեղական շուկայի գների վրա: Օրինակ, եթե վերցնենք բենզինի գները, ապա մեր ներքին գներն ընդհանրապես կապ չունեն միջազգային գների հետ: Մի քանի տարի առաջ, երբ համաշխարհային շուկայում նավթի գներն ընկան, Հայաստանում 1,5 տարի էր պետք, որ այդ միտումն արձանագրվեր: Փոխարենը, ցավոք, մեզ մոտ գնանկումը, ի տարբերություն գնաճի, տեղի է ունենում շատ ավելի արագ տեմպերով»:
Կարեն Չիլինգարյանը դժվարացավ ասել, թե մինչեւ երբ եւ ինչ չափերի կհասնի գնաճը, ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե առաջիկայում Հայաստանը տնտեսական ինչ քաղաքականություն կվարի. «Խորհրդարանական ընտրությունները նոր են ավարտվել, դեռ նոր խորհրդարան ու կառավարություն պետք է ձեւավորվի: Ամեն ինչ կախված է այն հանգամաքից, թե կառավարության համար ինչ առաջնահերթություններ կլինեն»:
Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեկնաբանությունն այս թանկացումների հետ կապված` «Իրավունքը» կներկայացնի առաջիկայում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА