ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀԿ-Ն ԿԳՆԱ՞  ԿՈԱԼԻՑԻԱՅԻ  ԵՎ Ո՞ՒՄ ՀԵՏ

07.04.2017 19:35 ԶԱՐԿԵՐԱԿ
ՀՀԿ-Ն ԿԳՆԱ՞  ԿՈԱԼԻՑԻԱՅԻ  ԵՎ Ո՞ՒՄ ՀԵՏ


Եթե մինչ խորհրդարանական ընտրությունները հանրությանը հետաքրքրում էր, թե քաղաքական որ ուժերը կստանան հայ ժողովրդի վստահության քվեն, ապա ընտրություններից հետո բոլորին մեկ հարց է հուզում` խորհրդարան անցած քաղաքական որ ուժի հետ կոալիցիա կկազմի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Կամ կկազմի՞ արդյոք, հաշվի առնելով, որ խորհրդարանում ձայների 50 տոկոսից ավել ունենալով, կարող է եւ միայնակ կառավարություն ձեւավորել: Այսպիսով, ո՞ր ուղղությամբ կգնա ՀՀԿ-ն: Թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայաստանյան վերլուծաբանների հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ.
- Պետք է փաստենք, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հանրության մոտ կասկածներ չեն առաջացնում: Առաջին անգամ է, որ մեզանում ընտրությունների արդյունքները վիճահարույց չեն: Գուցե չեն արդարացրել ոմանց սպասելիքները, բայց վիճահարույց չեն: Ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացավ բացարձակ մեծամասնություն, հետեւաբար կարող է ձեւավորել կուսակցություն: Հաշվի առնելով խորհրդարանական կառավարման համակարգի առանձնահատկությունները, առաջիկա հնարավոր զարգացումները շոշափելի ժամանակահատվածում, որպեսզի կանխորոշվի եւ ապահովվի ավելի կայուն քաղաքական համակարգ ու գործընթաց, իմ կարծիքով` նպատակահարմար կլիներ ՀՀԿ-ն խորհրդարանական ուժերից որեւէ մեկի հետ ձեւավորեր կոալիցիա: Ամենահավանական ուժը ՀՅԴ-ն է: Քանի որ այս երկու կուսակցություններն ունեն հուշագիր, եւ քաղաքական շատ կարեւոր հարցերում վերջիններիս կարծիքները համընկնում են: Եթե այսպես է, կարծում եմ` Հանրապետական կուսակցությունն առաջիկայում կարող է հանդես գալ կամ բանակցել Դաշնակցության հետ՝ կոալիցիա ձեւավորելու համար: Քաղաքական ողջամտությունը հուշում է, որ նպատակահարմար է ունենալ կոալիցիոն ձեւավորված կառավարություն, առավել եւս, որ Դաշնակցության հետ կուտակված է համագործակցության բավականին մեծ փորձ:
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ.
- ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի Հայ հեղափոխակական դաշնակցության հետ, ինչպես եղել է մինչեւ խորհրդարանական ընտրությունները: Իմ կարծիքով` սա պայմանավորված է նաեւ պատասխանատվությունն այլ ուժերի հետ կիսելու մարտավարությամբ, որին մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել: Էլի է եղել, որ ՀՀԿ-ն կարող էր ինքնուրույն կառավարություն կազմել, սակայն համագործակցելու հրավեր ուղարկեց այլ գործընկեր կուսակցությունների: Ինձ մոտ տպավորություն կա, որ Դաշնակցության հետ երկարատեւ համագործակցության պայմանագիր կա, եւ դրանով էր պայմանավորված ընտրություններից մի քանի ամիս առաջ ՀՅԴ-ի մուտքը կառավարություն: Այս պահին չեմ տեսնում իրավիճակային կամ քաղաքական այնպիսի փոփոխություն, որը կարող է պատճառ հանդիսանալ այդ համագործակցությունը դադարեցնելու համար: 
ԵՊՀ դասախոս, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆ.
- Միակ ուժը, որի հետ ՀՀԿ-ն կարող է կոալիցիա կազմել, ՀՅԴ-ն է: Պատճառը շատ պարզ ու հստակ է` սահմանադրական փոփոխությունների ջատագովներից մեկը հիմնականում ՀՅԴ-ն էր: Այսյսինքն՝ նրանց համաձայնագիրը եւ համատեղ աշխատանքը, ոչ թե կարճատեւ է, այլ՝ սահմանադրական կետերը ի կատար ածելու հեռահար նպատակ է հետապնդում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА