ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԻՑ ԱՐԴԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

07.04.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԻՑ ԱՐԴԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Շարունակում են ղարաբաղյան գործընթացի ակտիվացման մասին ակնարկող տարաբնույթ մեսիջների հոսքը: Այդ թվում՝ հերթական հայտարարությունները հնչեցին Մինսկի խմբի համանախագահ երկրներից՝ ՌԴ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչություններից:ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ 
ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 
ԱԿՏԻՎԱՆԱԼ
Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակի հայտարարության համաձայն՝ «Վերջերս, հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ ունեցած հանդիպումների ընթացքում Ֆրանսիայի նախագահը վերահաստատեց հակամարտության բանակցված եւ տեւական, ողջ տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության համար նպաստավոր լուծում գտնելուն ուղղված Ֆրանսիայի լիակատար հանձնառությունը...»: Մինչ այս էլ ԱԳ նախարար Էյրոն էլ էր հիշեցրել նախագահ Օլանդի վերջին առաջարկը՝ բանակցային գործընթացը նախագահների մակարդակով Փարիզում վերսկսելու մասին:
Սրանից զատ՝ ղարաբաղյան թեման տեղ գտավ նաեւ ՌԴ ԱԳ նախարարի խոսնակ Մարիա Զախարովայի վերջին բրիֆինգում: Խոսելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտության մասին` Զախարովան նաեւ հույս է հայտնել, որ կողմերը կվերադառնան բանակցային սեղանի շուրջ: Իսկ թե դիվանագիտական լեզվով «հույս հայտնելը» «թարգմանաբար» ինչ է նշանակում, կարելի է եւ չհիշեցնել:
Սրանք, հասկանալի է, առանձին-առանձին ոչինչ չասող հայտարարություններ են, որոնք, բնական է, չեն կարող տեղաշարժ առաջացնել ղարաբաղյան հակամարտության կարգի բարդ գործընթացի վրա: Բայց նաեւ՝ այս հայտարարությունները գումարվում են բանակցություններին վերաբերող այն բոլոր ակնարկներին, որոնք այս տարեսկզբից սկսած այդքան ինտենսիվ են դարձել: Ընդ որում, հիմնականում առաջին պլանում է մնում զինադադարի վերահսկման մասին մեխանիզմների կիրառումը, որոնց, ի դեպ, այս վերջին հայտարարությամբ անդրադարձել էր ինչպես՝ ֆրանսիական, այնպես էլ՝ ռուսական ԱԳ-ների ներկայացուցիչները: Իսկ դա եւս մեկ անգամ հուշում է՝ հիմնական ճնշումները շարունակում են ուղղված մնալ Ալիեւի դեմ, ով համառորեն հրաժարվում է նշված պարտավորությունները կատարելուց:
Չնայած՝ այս ամիսներին Ալիեւին ուղղված ճնշումները շատ ավելի կոշտ էլ են եղել: Բայց, եթե նաեւ հայաստանյան ընտրությունների պատճառով բանակցային հարկադրական թայմ-աուտը հաշվի առնելով, դրանք հիմնականում հայտարարությունների բնույթի էին, ապա արդեն կարող են նաեւ գործնական ընթացք ստանալ: Օրինակ՝ ՌԴ-ում ադրբեջանական տարբեր կառույցներ հատկապես վերջին ժամանակներս սկսել են տարաբնույթ խնդիրների առաջ հայտնվել, որը հազիվ թե Բաքուն չընկալի, որպես ճնշումային գործնական մեխանիզմ:
Նման ճնշում կարելի է համարել նաեւ նախօրեին Թուրքիայից հնչած հայտարարությունը: Ըստ այդմ՝ Անկարան պլանավորում է առաջիկա սահմանադրական հանրաքվեից հետո սկսել իր արեւելյան՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Իրանի հետ սահմանների ականազերծման աշխատանքները: Նկատենք. Իրանի հետ սահմանային կոնֆլիկտներ Թուրքիան տասնամյակներով չի ունեցել, եւ ասել, թե այնտեղ կան ականապատված գոտիներ, այնքան էլ տրամաբանական չի թվում: Առավել եւս երբեք ականապատված չի եղել Ադրբեջանի՝ Նախիջեւանի հետ սահմանակից մի քանի կիլոմետրանոց հատվածը: Բայց ահա Հայաստանի հետ սահմանները դեռ ԽՍՀՄ ժամանակներից սկսած երկու կողմից էլ խիստ վերահսկողության տակ էին, այսինքն՝ այստեղ ականապատված գոտիների առկայությունը միանգամայն ռեալ է: Իսկ դա նշանակում  է, որ երբ Թուրքիան խոսում է սահմաններն ականազերծելուց, ապա, առաջին հերթին, հենց հայաստանյան ուղղությունը նկատի ունի: Իրականո՞ւմ էլ Անկարան պատրաստվում է նման գործընթացի, դա ժամանակը ցույց կտա: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունը ցավագին կերպով ընդունեցին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ՝ առաջ տանելով այն թեզը, թե այդ կերպ Անկարան նախապատրաստվում է Հայաստանի հետ սահմանը բացելուն: Այսինքն՝ որն էլ լինի Թուրքիայի իրական նպատակը, նշված հայտարարությունն Ադրբեջանն ընկալում է որպես ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս հնչեցրած հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտնի հայտարարությանը Թուրքիայի տված արձագանքը: Այսինքն՝  սպառնալիք Բաքվին, որ եթե չգնա ղարաբաղյան թեմայով լուծումների, ապա Անկարան արդեն չի հրաժարվի իր շահից եւ կգնա Հայաստանի՝ ԵՏՄ-ի հետ սահմանը բացելուն:

ԲԱՔՈՒՆ ԱՐԴԵՆ ԱՆԿԱՐԱՅԻՑ 
ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍԱՆՈՑ 
ԵՐԱՇԽԻՔՆԵՐ 
ՉԻ ԿԱՐՈՂ ԱԿՆԿԱԼԵԼ
Իսկ այն, որ եվրասիական ուղղվածությունը Թուրքիայի համար գնալով իրոք դառնում է առնվազն անվտանգության երաշխիք, կարելի է կռահել: Վերջին օրերին տեսանելի դարձավ, որ ԱՄՆ-ը փորձում է ակտիվացնել Քուրդիստանի ստեղծման ծրագիրը, թերեւս հաշվարկելով, որ Մերձավոր Արեւելքում իր ավանդական, բայց արդեն անվստահելի դարձած դաշնակիցներին ճիշտ է փոխարինել ռազմավարական տեսանկյունից տարածաշրջանում կարեւորագույն դիրքում գտնվող Քուրդիստանով: Ու, թեեւ թուրքական որոշ աղբյուրներ այն կարծիքը հայտնեցին, թե վերջերս ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի Անկարա կատարած այցի ժամանակ հնարավոր է, որ թուրք-ամերիկյան գաղտնի պայմանավորվածություններ են եղել, սակայն իրադարձությունների հետագա ընթացքը այլ բան է հուշում: Նախ՝ դժվար է հավատալ, որ պետքարտուղարի մեկ այցի ընթացքում հնարավոր էր հազար ու մի հակասություններ ունեցող թուրք-ամերիկյան հարաբերություններում ելք գտնել, այդ թվում՝ հասնել քրդական ծայրահեղ բարդ խնդրի հետ կապված փոխընդունելի լուծումների: Հաջորդը՝ նախօրեին, այսինքն՝ Թիլերսոնի այցից հաշված օրեր անց, քրդական բանակը Սիրիայի հյուսիսում վերսկսեց իր ռազմական գործողությունները՝ հարձակման թիրախ ընտրելով իր վերահսկողության տարածքների հարեւանությամբ գտնվող ու քրդերի վերահսկողության տակ գտնվող ուղղությունը: «Այժմ մենք ճանապարհը շարունակում ենք, առջեւում Մանբիջն է»,- հայտարարեց Էրդողանը: Եվ դա չնայած այն բանին, որ տեւական ժամանակ թուրքական ու քրդական ուժերը այդ հատվածներում գտնվում են իրար հարեւանությամբ ու պահպանում էին զինադադարի ռեժիմը: Իհարկե, կարելի է նաեւ մտածել, թե Էրդողանն ու Թիլերսոնը ձեռք են բերել գաղտնի պայմանավորվածություններ եւ դրանցից մեկն էլ պատերազմ խաղալու միջոցով Թուրքիային սահմանակից Մանբիջի տարածաշրջանը Անկարայի վերահսկողությանը հանձնելն է: Բայց դա էլ քիչ հավանական է: Ժամանակին, երբ դեռ Օբամայի օրոք քրդերն անցան Եփրատից արեւմուտք եւ չնայած Անկարայի ծայրահեղ դժգոհությանը ԻՊ-ից գրավեցին Մանբիջի տարածաշրջանը, ԱՄՆ-ն քանիցս խոստացավ, թե քրդերը ետ կվերադառնան Եփրատից արեւելք: Սակայն քրդերը, որ արդեն լավ զգում են իրենց ուժը, հրաժարվեցին՝ բացահայտորեն ակնարկելով, որ եթե Վաշինգտոնը պնդի, ապա իրենք չեն վարանի ԱՄՆ-ի փոխարեն հիմնական դաշնակից ընդունել ՌԴ-ին: Նույնիսկ եղան մի քանի այցեր Մոսկվա, որից հետո Վաշինգտոնը ետ կանգնեց իր պահանջներից, թուրքերն էլ հասկացան, որ Մանբիջի հարցում պնդելը արդյունք չի տա: Եվ նկատենք, որ քրդերի հարցում ԱՄՆ-ի հենց այդ քայլերն էին, որ Էրդողանի համար դարձան ՌԴ-ի հետ ամեն կերպ հաշտվելու վերջին փաստարկը: Ու, հիմա ասել, թե ինչ-որ էական բան է փոխվել, սխալ կլիներ. Վաշինգտոնը հստակ գիտի, որ քրդերը նույնիսկ իր պահանջով մի թիզ անգամ չեն հանձնի, այն էլ՝ իրենց մահացու թշնամի Թուրքիային: Այսինքն՝ մտածել, թե Մանբիջի հաշվին կարող է թուրք-ամերիկյան պայմանավորվածություն լինել, միգուցեեւ հավանականություն ունի, բայց չնչին:
Մյուս կողմից էլ, եթե նույնիսկ Մանբիջն անցնի Անկարայի վերահսկողության տակ, ու պահպանվի քուրդ-ամերիկյան դաշինքը, դրանով Թուրքիայի այդ մահացու խնդիրը չի լուծվի: Առանց այդ փոքրիկ տարածաշրջանի էլ քրդերի վերահսկողության տակ կմնան  հսկայական մարդկային ռեսուրսներ, լուրջ զինված ուժեր, էներգակիրներով հարուստ տարածքներ եւ այդ հաշվին ձեռք բերված լուրջ ֆինանսներ: Իսկ այդ հիմքի վրա, ինչ կարգի տարածքի վրա էլ որ քրդերը պետականություն ստեղծեն, մեկ է՝ այն շարունակվելու է նաեւ Թուրքիայի քրդաբնակ տարածքները ծավալվելու ագրեսիվ գործունեություն իրականացնել:
Իհարկե, Թուրքիան միաժամանակ շարունակում է նաեւ «ատամ ցույց տալ» Մոսկվային: Այդ թվում՝ օրերս խոսակցություն գնաց, որ Անկարան պատրաստվում է Բաքվի եւ Թբիլիսիի հետ համատեղ ինչ-որ զորավարժություններ անցկացնել: Բայց դա գրեթե ոչինչ չի ասում: Նախ՝ Վրաստանում շատ ավելի ծանրակշիռ է դարձել այն համոզվածությունը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը բառացիորեն հոշոտում է վրացական պետականությունը: Այսինքն՝ եթե մի քանի տասնյակ զինվորականների մասնակցությամբ զորավարժություններ էլ անի, մեկ է՝ Թբիլիսին Անկարայի ու Բաքվի հետ ունի ռազմավարական նշանակության 180 աստիճանով տարբերվող շահեր:
Եվ Անկարան էլ թերեւս քաջ հասկանում է, որ արեւմտյան ուղղությամբ քաղաքականությունը խորը փակուղու մեջ է: Այսինքն՝ եթե կրկնի նաեւ ՌԴ-ի հետ նախկին թշնամանքը, ապա հեռանկարը աշխարհաքաղաքական մեկուսացումն է, Քուրդիստանի ձեւավորումը եւ ընդհուպ մինչեւ Թուրքիայի մասնատումը:
Մի խոսքով, այսպիսի՝ ընդհուպ մինչեւ պետության անվտանգության հարցեր են կապված թուրք-հայկական սահմանը բացել-չբացելու հարցի հետ: Եվ Բաքուն էլ իր հերթին հասկանում է, որ աշխարհաքաղաքական այս իրողությունների պարագայում Անկարայից երաշխիքներ սպասելը միամտություն կլինի: Այսինքն՝ նաեւ այս իրողությունները հաշվի առնելով է ստիպված ղարաբաղյան թեմայի այս գերակտիվացմանը արձագանքել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА