ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՏ ՔԱՇՎԵՔ, ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ

07.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏ ՔԱՇՎԵՔ, ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ

«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը` ընդգծելով, որ միայն քաղաքական ուժի ցանկությունը` հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ: Եվ քանի որ փողոց դուրս եկող ժողովուրդ չկա, ապա «ժողովրդին միանալու» մտադրությամբ Սփյուռքից ժամանած «դեսանտը»` Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի եւ այլոց գլխավորությամբ մայրաքաղաքում մայդան սարքելու փոխարեն զբաղվեց ավելի օգտակար գործով` ուղեւորվեցին Արցախ: ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔ
Ի դեպ, թեեւ Արցախում տրված ասուլիսի ժամանակ ընտրությունների մասին հարցեր նույնպես հնչեցին, սակայն հռչակավոր սփյուռքահայերը ընտրությունների մասին վատ բան գրեթե չասացին: Ավելին` ԱՄՆ քաղաքացի Սերժ Թանկյանը, առիթ ունենալով սեփական աչքերով տեսնելու ե՛ւ ամերիկյան, ե՛ւ հայկական ընտրությունները, հայտարարեց, որ ամերիկյան ընտրություններն էլ մի բան չեն, իսկ ընտրված նախագահ Թրամփը «էշին մեկն է»: Անշուշտ, ԱՄՆ քաղաքացին ԱՄՆ նախագահի մասին կարող է ցանկացած կարծիք հայտնել, բայց, թերեւս, սեփական աչքերով տեսնելով այնպիսի ընտրություն, երբ որեւէ քաղաքացու ձայն չի գողացվել, էլ չուզեց սեփական խղճին դեմ գնալ եւ պախարակել մեր ընտրությունները: Սակայն վերադառնանք ամենառադիկալ ուժին` ՕՐՕ դաշինքին, որի մուրազը` ժողովրդին փողոց հանելու, փորում մնաց, գլխանց հայտարարեց, որ ընտրությունների արդյունքները չի ընդունում: Սկզբում մերկապարանոց հայտարարեցին, որ բազմաթիվ կրկնաքվեարկություններ են եղել, բայց արագ հասկացան, որ դա հիմնավորել չի ստացվի: Չէ՞ որ Հայաստանում համացանց ունեցող գրեթե ցանկացած ոք թեկուզ հետաքրքրության համար ներբեռնեց ԿԸՀ կայքից ստորագրված ցուցակները, եւ գործնականում ոչ ոք չտեսավ, որ իր բացակա հարեւանի կամ ծանոթի անվան դեմ ստորագրված լինի: Բացի այդ, այն հատուկենտերը, ովքեր երկրորդ անգամ փորձեցին որեւէ տեղ անձնագրի տվյալները ներմուծել համապատասխան սարք, միանգամից կարմիր ազդանշանով դարձան ոստիկանության փայ, եւ հիմա նրանցով զբաղված են իրավապահները: 
Դրանից հետո փորձ արվեց հայտարարել` իբր բազում կեղծ անձնագրերով քվեարկություն էր եղել, բայց դա էլ համոզիչ չէր: Հետո «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հանկարծ որոշեց, որ ՕՐՕ-ի պարտության պատճառը լրագրողներն են, եւ իր ասուլիսին անգամ շնորհավորեց փայլուն «սեւ քարոզչություն» անելու կապակցությամբ: Նաեւ պնդեց` իբր «Ելք» դաշինքը ԱԺ է անցել ՀՀ նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի հովանու ներքո, ու նաեւ հայտարարեց. «Օրինակ, ես տեղեկություն եմ ստացել, որ նույնիսկ զինվորականներ են ԵԼՔ դաշինքի օգտին քվեարկել` Վարդենիսի զորամասից եւ Էջմիածնի սակրավորների գումարտակից»: 
Անշուշտ հասկանալի է, թե ինչու զինվորից սպասելի է միայն քվեարկություն` իշխող ուժի օգտին եւ ոչ երբեք` ընդդիմության, սակայն Նիկոլ Փաշինյանն էլ Արմեն Մարտիրոսյանին մեղադրեց Միքայել Մինասյանի նախագիծ լինելու մեջ: Ինչեւէ, ի վերջո Մ. Մինասյանը բաց նամակով դիմեց երկուսին էլ` խնդրելով իրենց բանավեճում անհարկի չօգտագործել իր անունը... 
Դե, իսկ այլ բան չգտնելով, ի վերջո սկսեցին մեղադրել «ծախված ժողովրդին»: Թե ժողովրդավարություն դավանողի համար ընդհանրապես ինչպես կարող է ժողովուրդը լինել «ծախված», երբ, որպես կանոն, նրանք սիրում են հայտարարել, որ ժողովուրդը միշտ ճիշտ է` դա առանձին նյութ է: Բայց նույն այդ «ժողովրդավարները» հանկարծ հայտարարեցին, որ «Ելքի» պատգամավորները ճիշտ կանեն, եթե մանդատները վայր դնեն ու չգան խորհրդարան: Դա էլ է զավեշտի ժանրից, քանզի նշանակում է առաջարկել, որպեսզի «Ելքը» կոյուղի լցնի իրեն քվե տված 120 հազար մարդու քվեները: Բայց, անշուշտ, զավեշտի գագաթնակետը, այսպես կոչված, իրավապաշտպան Ստեփան Դանիելյանի` չարությամբ լեցուն արձագանքն էր այն հանգամանքին, որ ժողովուրդը փողոց դուրս չեկավ. «1999-ի խորհրդարանական ընտրություններից հետո նույնպես «վերջին 10 տարվա ընթացքում» առաջին անգամ ժողովուրդը փողոց դուրս չեկավ:
Խորհրդանշական է, որ այն ժամանակ եւ հիմա հաղթող ուժի կարգախոսը նույնն է. 1999-ին` «Կառուցենք եւ պաշտպանենք», 2017-ին` «Անվտանգություն եւ առաջընթաց»: Երկու դեպքերում էլ պարզ չէ (չէր), թե որտեղ է ավարտվում իշխանությունը, եւ սկսվում ընդդիմությունը: 1999-ին ժողովրդի փողոց դուրս չգալու պատճառով կուտակված բացասական էներգիան փողոցում չպարպվեց: Ավարտվեց շատ վատ: Հիմա նույնպես բացասական էներգիան փողոցում չի պարպվում»:
Անշուշտ, ոչ թե ժողովուրդը, այլ պարտված քաղաքական ուժերը այս անգամ բացասական էներգիան փողոցում պարպելու հնարավորություն չունեցան: Խոսքը այդ նույն ժողովրդին «ծախված» պիտակով ձախողակ գործիչների մասին է: Այ, նրանք ուզած-չուզած բացասական էներգիան պարպում են օղու մեջ, ժողովուրդն էլ հետաքրքրվում եւ զբաղվում է սեփական հոգսերով, այլ ոչ թե քաղաքական կրկեսով: 
Ինչեւէ, նույն ՕՐՕ-ին եւ մյուսներին ինչ ասես կարող է խանգարած լինի` հաղթելու ընտրություններին: ՕՐՕ-ի ստվերային կնքահայր համարվող Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ասել էր, թե հատկապես ինչն է վատ պարողին խանգարում... 

ԽԱՅՏԱՌԱԿՎԵԼՈՒ ԵՎ ԿՐԿՆԱԽԱՅՏԱՌԱԿՎԵԼՈՒ ԵՐԿՅՈՒՂԸ
Ի տարբերություն պարտվածների` շատ տրամաբանական բացատրություններ է տվել քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` օրինակ, ՀԱԿ-ը պարտվել է այնպիսի սխալների շնորհիվ, ինչպիսին էր ՀԺԿ-ի հետ դաշինք կազմելը, գումարած դրան այնպիսի պացիֆիստական քարոզչությունը, որը լիովին հակասում է հանրության աճող «ոչ մի թիզ հող» տրամադրություններին: Խոսելով այն մասին, թե ինչու «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոս շեմը` քաղաքագետը նշել է, որ կուսակցությունը գործում էր նույն դաշտում, ինչ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը, իսկ այդ դաշտում մրցակցությունը շատ բարձր էր: «Ելք» դաշինքը պայքարում էր այլ դաշտում եւ այլ գործիքներով: 
Բայց հիմա խորհրդարանական ընտրարշավը նոր ավարտված, քաղաքական ուժերը կանգնել են նոր մարտահրավերների առջեւ` «էսօր-էգուց» մեկնարկում է Երեւանի ավագանու ընտրարշավը: Այն, որ տեղական ընտրություններն արհամարհել չի կարելի, ընդդիմադիրների գլուխը մտել էր դեռեւս անցյալ տարի, ու համապատասխանաբար Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին ընդդիմադիրներն ակտիվ մասնակցել էին: Բայց հիմա շատերը կամուկացի մեջ են, ինչպես վարվել մայրաքաղաքային ընտրությունների պարագայում: 
ՕՐՕ դաշինքն արդեն հայտնել է, որ երեւի թե չմասնակցի: Դե պարզ է, մեկ ընտրությունում խայտառակ պարտվելով, անմիջապես դրանից հետո պարտվածի իմիջով մյուս ընտրությանը մասնակցելը նշանակում է արդեն ոչ միայն խայտառակվել, այլ` կրկնախայտառակվել: ՀԱԿ-ի մասին առհասարակ չենք էլ խոսում, քանզի Լեւոն Տեր-Պետրոսյանը հաջողությամբ դարձել է սեփական թիմակիցների քաղաքական ապագայի գերեզմանափորը, եւ ՀԱԿ-ն այլեւս հետաքրքիր չէ ոչ ոքի համար:
Կրկնախայտառակության երկյուղը վերաբերում է նաեւ ՀՎԿ-ին: Արթուր Բաղդասարյանի կուսակցության քվեները քիչ էր, որ երկրի մակարդակով չհասան ոչ միայն հինգ, այլեւ չորս տոկոսի, այդ կուսակցության հիմնական քվեատուները ոչ թե Երեւանում են, այլ` մարզերում: Ի դեպ, մարզային քվեների գերակայությունը մտահոգիչ հանգամանք է նաեւ խորհրդարան անցած որոշ կուսակցությունների համար: Մասնավորապես, դա վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին: ՀՀԿ-ի ներկա եւ ապագա կոալիցիոն գործընկերները թերեւս հիմնավոր մտավախություն ունեն, որ կարող են տապալվել Երեւանի ավագանու ընտրություններին: 
Զգալի մտավախություններ կան անգամ ԲՀԿ-ի մոտ, քանզի ծառուկյանական քվեները շատ էին, մարզերում, այլ ոչ թե Երեւանում, ու մարդկանց մոտ մտավախություն կա, որ ավագանու ընտրություններում կարող են զիջել մայրաքաղաքում բարձր ցուցանիշ ունեցող «Ելք» դաշինքին: 
Այսպիսով, Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ իրենց վստահ են զգում միայն ՀՀԿ-ն եւ «Ելքը»: Բայց «Ելքի» պարագայում էլ կա այն խնդիրը, որ բացի Նիկոլ Փաշինյանից, քաղաքապետի այլ հարմար թեկնածու նրանք չունեն, զուտ այնպիսի հասարակ պատճառով, ինչպիսին է երեւանյան գրանցման հանգամանքը: Բայց, այնուամենայնիվ, օրինակ, Անահիտ Բախշյանը մի կողմ թողնելով ԱԺ ընտրություններում պարտված «Ազատ դեմոկրատներին», այժմ ցանկանում է «Ելքի» հետ մասնակցել ավագանու ընտրություններին: 
Բայց միայն «Ելք» դաշինքով չի սահմանափակվում ընդդիմադիր ցանկացողների ցանկը: Այսպես, խոսակցություններ կան, որ այդ ընտրություններում իր ուժերն ուզում է փորձել Զարուհի Փոստանջյանը` իր նորաթուխ «Երկիր ծիրանի» կուսակցությունով: Առավել եւս, որ կարող է իր թիմում ներգրավել բեկորներ ԱԺ ընտրություններին ջախջախված այնպիսի արեւմտամետ ուժերից, ինչպիսիք են ՕՐՕ-ն եւ «Ազատ դեմոկրատները»: Առավել եւս, որ երկուստեք էլ կան Զարուհու նախկին կուսակիցները: Եթե, իհարկե, փոխադարձ հակակրանքը չխանգարի: Ի վերջո, ոչ ոք չի մոռացել այն խոսակցությունները, թե «Ժառանգության» վարչության նիստին Արմեն Մարտիրոսյանը ապտակել էր Զարուհի Փոստանջյանին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА