ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՎՐՈՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ  ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ

05.04.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՎՐՈՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ  ՆՈՐԻՑ ՀԻՇԵՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՍԻՆ


Դեռ հազիվ էր ավարտվել ՀՀ ԱԺ ընտրությունները, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գրեթե միաժամանակ հանդես եկավ ինչպես հայկական, այնպես էլ՝ ադրբեջանական լրատվամիջոցով: Թեման ղարաբաղյան հակամարտությունն էր:ԻՆՉ ԷՐ ԱԿՆԱՐԿՈՒՄ 
ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ
Այսպես` հայաստանյան «Նովոյե Վրեմյայում» Լավրովը հայտարարեց. «Շատ հարցերի շուրջ հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել. մնացել են մի քանի հարցեր, որոնք ամենաբարդն են: Սակայն ակնհայտ է, որ աշխատանքի արդյունքները կախված են, առաջին հերթին, երկու կողմերի քաղաքական կամքից, ճկունություն եւ փոխզիջումային որոշումներ կայացնելու նրանց պատրաստակամությունից»,- միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է մնալ արցախյան հակամարտության կարգավորման ակտիվ մասնակից:
Մոտավորապես նույն իմաստն ուներ «Բակինսկիյ ռաբոտչիում» Լավրովի խոսքը նաեւ այս ընդգծումով. «Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Սակայն Հայաստանը եւ Ադրբեջանը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը»: Ուստիեւ՝ Լավրովը հորդորում է Երեւանին եւ Բաքվին՝ «Քաղաքական կամք դրսեւորել եւ պատրաստակամ լինել փոխադարձ զիջումների»: Նաեւ, որ. «Մոսկվան պատրաստ է դառնալ արցախյան հակամարտության կարգավորման երաշխավոր, եթե Բաքուն եւ Երեւանը համաձայնության հասնեն»:
Տպավորությունը հետեւյալն է. եթե «հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները», ուրեմն մնացել է ավելի շուտ տեխնիկական բնույթի հարցեր հստակեցնել, այսինքն՝ այդ համաձայնեցված սկզբունքները «կյանքի կոչելու հաջորդականությունը»: Ու Լավրովն էլ հորդորում է հենց դրանք արագորեն համաձայնեցնել, նաեւ ՌԴ-ի կողմից երաշխավորելով, որ անկախ նրանից, թե այդ մեխանիզմներն ինչ հերթականությամբ կհամաձայնեցվեն, Մոսկվան հետեւելու է, որ պայմանավորվածությունները ողջ ծավալով իրականանան:
Սա ակնարկ է, որ Մոսկվան կփորձի հնարավորինս արագ տալ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծո՞ւմը. առաջ չընկնենք, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Թերեւս փաստը, որ Անկարան շտապեց քաղաքական աջակցություն ցուցաբերել «փոքր եղբորը», հուշում է, որ իրերի ներկայիս վիճակում Բաքուն, այսպես ասենք, օգնության կարիք, այնուամենայնիվ, ունի: Առավել եւս, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի օրերս հնչեցրած հայտարարությունը նաեւ ցուցադրական հակառուսական երանգ ունի: Այսպես` Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի հետ կարեւոր խաղացող դառնալ Կովկասում: Դա նշանակում է, որ նախ՝ Ադրբեջանը պետք է իր դիրքերն ամրապնդի տարածաշրջանում ¥այդ թվում` բնականաբար, ղարաբաղյան հարցի հաշվին¤, ապա` արդեն Թուրքիան, հենվելով Բաքվի վրա, ինքն ամրանա:

ԹՐԱՄՓԸ ԵՎՍ ՀՈՒՍԱԽԱԲ ԱՐԵՑ ԷՐԴՈՂԱՆԻՆ
Չավուշօղլուին, իհարկե, կարելի է հասկանալ. ակնհայտ է, որ ԵՏՄ-ի հետ նախատեսվող ազատ առեւտրի պայմանագրով եւ հայաստանյան սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու հաշվին կովկասյան տարածաշրջանում իր դիրքերն էապես ամրացնելու հայտ է ներկայացրել Իրանը: Ընդ որում, հաջողության շանսերն ակնհայտ են, հաշվի առնելով, որ Իրանը, ինչպես ցույց տվեց նախագահ Ռոհանիի վերջին մոսկովյան այցը, հարավկովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի հետ ունի նաեւ փաստաթղթային պայմանավորվածություն: Ի տարբերություն Թուրքիայի, որի նախագահի վերջին մոսկովյան այցի ժամանակ, թեեւ շատ խոսվեց ջերմ հարաբերություններից, բայց նաեւ ակնհայտ էին Ադրբեջանի պատճառով առաջ եկող հակասությունները մեր տարածաշրջանում: Արդյունքում` Էրդողանը խոսեց կովկասյան տարածաշրջանում ռուսական կարգավորիչ դերի մասին: Սակայն, երբ հնչեց հայ-թուրքական սահմանները բացելու կարեւորության մասին Լավրովի հայտարարությունը, Անկարայից այդպես էլ հստակ մեսիջ չլսվեց, որ պատրաստ է խաղալ առաջարկվող խաղի կանոններով: Փոխարենը՝ հնչեց Կովկասում կարեւոր դեր խաղալու մասին Չավուշօղլուի հայտարարությունը, թեեւ  այդպես էլ չի հասկացվում, թե ինչի հաշվին է Անկարան պատրաստվում դրան հասնել:
Դժվար չէ կռահել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում Էրդողանի հիշատակած այցից հետո Անկարան ՌԴ-ի հետ հարաբերություններում որոշակի դադար վերցրեց: Իմաստն էլ էր պարզ՝ սպասվում էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցն Անկարա, որը պետք է հստակեցումներ մտցներ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Արդյունքում` Անկարան դեռ ուներ կողմնորոշվելու հնարավորություն, թե ո՞ր ուղղությունն է իրեն ձեռնտու:
Բայց ահա, անցած շաբաթ տեղի ունեցած Թիլերսոնի այցը ցույց տվեց, որ Վաշինգտոնն ու Անկարան ունեն խորքային հակասություններ, որի շուրջ այդպես էլ պայմանավորվել չի ստացվում: Նախ՝ Գյուլենի արտահանձնման հարցն է. ինչպես ժամանակին Օբաման, այնպես էլ ներկայումս Թրամփն այդպես էլ Գյուլենին չի հանձնում: Բայց շատ ավելի խորքային է քրդական թեման, որտեղ թուրք-ամերիկյան հակասությունները հասնում են թշնամանքի:
Ինչպես միանգամայն տեղին նաեւ բրիտանական «Financial Times»-ն է նկատել, Թիլերսոնի այցի արդյունքում՝ «Թրամփի՝ իշխանության անցնելուց հետո թուրք-ամերիկյան հարաբերություններում շրջադարձային փոփոխությունների ակնկալիքներ ունեցող Անկարան հիասթափված է»: Անկարայի հիմնական պահանջներից էր, որ Վաշինգտոնը դադարեցնի, եթե ոչ իրաքյան, ապա գոնե սիրիական քրդերի հետ համագործակցությունը, եւ, առաջին հերթին, քրդերի զինումը ժամանակակից զինտեխնիկայով: Իսկ ահա Թիլերսոնը պարզ ակնարկեց, որ քրդերին համարում է իր հիմնական հենարաններից մեկը, այսինքն՝ չի հրաժարվի նրանցից: Ավելին, հազիվ էր Թիլերսոնը հեռացել Անկարայից, որ իրաքյան Քուրդիստանի երկու հիմնական քաղաքական ուժերը հայտարարեցին այս տարվա ընթացքում Իրաքից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու շուրջ պայմանավորվածության մասին: Եվ ասել, թե դա կարող էր առանց Վաշինգտոնի «դաբրոյի» տեղի ունենար, միամտություն կլիներ:
ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ 
ՈՒՐՎԱԿԱՆԸ
Նկատենք՝ Իրաքում քրդերի վերահսկողության տակ է երկրի գրեթե ողջ հյուսիսային՝ Թուրքիային եւ Իրանին սահմանակից հատվածը: Եվ, եթե այս տարածքներում հռչակվի քրդական պետականություն, դժվար չէ կռահել, որ արագորեն դրան կմիանա իրաքյան Քուրդիստանին անմիջականորեն սահմանակից սիրիական Քուրդիստանը, որն էլ, իր հերթին է զգալի ծավալներ ներգրավում: Այդ միասնական միավորման տրամադրության տակ կա նավթագազային հարուստ գոտի, բարեբեր հողեր եւ, որ ամենակարեւորն է` լավ զինված եւ պատերազմական փորձություններով անցած լուրջ զինուժ: Ի պատասխան հանրաքվե անցկացնելու այդ ծրագրերին, Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին ընդամենը արձագանքեց՝ «Ձեր առաջ ծառացած խնդիրները լուծվելո՞ւ են այդ անկախությամբ: Պետք է նախ աչքի առաջ պահել քուրդ ժողովրդի շահերը»: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնական Բաղդադն այդ գործընթացը կասեցնելու քիչ հնարավորություններ ունի: Ասենք, նույնը կարելի է ասել նաեւ Անկարայի մասին. եթե ամերիկյան «դաբրոյով» քրդերն անկախ պետականություն հիմնեն Իրաքում ու Սիրիայում, Էրդողանը հազիվ թե միայն իր միջոցներով կարողանա դրա դեմն առնել, ինչքան էլ, որ սպառնում է, թե՝ «Մենք պատրաստվում ենք նոր գործողությունների՝ ահաբեկչական խմբավորումների դեմ... Մենք նոր անակնկալներ ունենք բոլոր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում` Քրդական բանվորական կուսակցության, «Իսլամական պետության» եւ FETO-ի համար»:
Վերջին զտումներից եւ կադրային ջարդերից հետո լավ թուլացած թուրքական բանակը հազիվ կարողացավ մի փոքրիկ տարածք գրավել մի քանի ուժերի հետ պատերազմող ԻՊ-ից: Իսկ դա նշանակում է, որ քրդերի դեմ պատերազմել, այն էլ, երբ նրանց Վաշինգտոնն է օգնում, Անկարան հազիվ թե ի զորու լինի: Առավել եւս այն ծանր քաղաքական վիճակում, որում հիմա գտնվում է: Իսկ Վաշինգտոնը հազիվ թե հրաժարվի քրդերից, հաշվի առնելով, որ դա տարածաշրջանում ներկայումս այն միակ ռեալ ուժն է, որի վրա ԱՄՆ-ը դեռ մի կերպ կարողանում է հենվել եւ դուրս չմնալ ընդհանուր տարածաշրջանային գործընթացներից: Եվ անկախ Քուրդիստանն էլ հարմար գոտի է, ուր հնարավոր է տեղափոխել Թուրքիայում գտնվող բազաները, եթե դրանք այդ երկրում պահելը վերջնականապես անիմաստ կամ անհնար դառնա:
Այսպիսով, Թիլերսոնի այցն էլ ցույց տվեց, որ Թրամփի ընտրվելու հետ կապված Անկարան իզուր է հույսեր կապել: Այսինքն՝ Մոսկվայի հետ հարաբերությունները գոնե պահպանելը դառնում է հրամայական, արդեն նաեւ այն բարդությամբ, որ Իրանը հասցրեց այդտեղ մի քանի քայլով Թուրքիայից առաջ անցնել: Եվ այս իրավիճակում Կովկասում կարեւոր դերի մասին Չավուշօղլուի հայտարարությունը արդեն սկսում է երազանքի տեսք ստանալ: 
Չնայած այլ տարբերակ, քան մոսկովյան ուղղությամբ կորցրածը ետ բերել փորձելը Անկարան պարզապես չունի: Այսինքն` թերեւս առաջիկայում Թուրքիայից մինչեւ իսկ հայաստանյան սահմանները բացելու մասին հայտարարություններ կլսվեն: Առավել եւս, որ միակ ուժը, որը կարող է կասեցնել Քուրդիստան պետության ստեղծումը,  այսինքն՝ պահպանել Սիրիայի եւ Իրաքի միասնականությունը, Մոսկվա-Իրան տանդեմն է:
Եվ այս իրավիճակը նաեւ հուշում է, որ Ալիեւն էլ իր հերթին պետք է, որ լուրջ ուշադրություն դարձնի Լավրովի հիշատակած հայտարարություններին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА