ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ ՇԱՀԵՑ ԵՎ ՏՈՒԺԵՑ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

05.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎ ՇԱՀԵՑ ԵՎ ՏՈՒԺԵՑ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Պարզ համեմատությունը 2012-ի եւ 2017-ի ԱԺ ընտրությունների ցուցանիշների միջեւ ցույց է տալիս, որ ստացած քվեներով եւ համապատասխանաբար տոկոսներով առաջընթաց են արձանագրել միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: «Ելքը» 2012-ին համեմատելու համար «իրավանախորդ» չունի, այն, ըստ էության, քաղաքական նոր ուժ է: Իսկ մնացյալը արձանագրել են միայն նահանջ, ընդ որում, այդ նահանջի շնորհիվ ԱԺ-ից դուրս են մնացել ՀՎԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը»/«Ազատ դեմոկրատները»:

ՈՎՔԵՐ ՆԱՀԱՆՋԵՑԻՆ ԵՎ ԻՆՉՈՒ

Ի դեպ, նահանջ է ապրել նաեւ 2012-ին նույնպես ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցությունը. ստանալով հինգ հազարով պակաս քվե, չնայած այն հանգամանքին, որ, ի տարբերություն 2012-ի, երկու Կոմունիստական կուսակցությունները միավորված են հանդես եկել: Իսկ «Ազատ դեմոկրատները», որոնք 2012-ի ձեւավորված խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության մոտ կեսն էին, ստացան մեկ տոկոսից պակաս քվե: Անշուշտ, այստեղ իր դերն ունի թերի նախընտրական աշխատանքը, սակայն շատ կարեւոր է եւ այն, որ այդ կուսակցությունների գաղափարախոսությունները հնացած են եւ ժամանակավրեպ: Ըստ էության, հայ հանրությունը մերժեց ե՛ւ կոմունիստական, ե՛ւ ծայրահեղ ազատական գաղափարախոսությունները: 
Ի դեպ, որպես ծայրահեղ ազատական գաղափարախոսության ներկայացուցիչ, «Ժառանգությունը» պարտություն կրեց նաեւ ՕՐՕ դաշինքի կազմում: Այդ դաշինքի պարագայում հանրությունը մերժեց ոչ միայն այդ գաղափարախոսությունը, այլեւ ծայրահեղական, մայդանային գործելակերպը` որպես այդպիսին: Ընդ որում, ծայրահեղ ազատական ուղղվածության ներկայացուցիչ է եւ ՕՐՕ կազմում ընդգրկված Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը, որը միաժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական նախագիծն է: Այսինքն` հանրությունը դրանով նաեւ իր ոչ-ն ասաց Ռոբերտ Քոչարյանին` նրա օրոք կայացած եւ ամրապնդված այն տնտեսակարգով հանդերձ, որը կոչվում է օլիգարխիկ կրիմինալ: 
Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առավել քան խայտառակ պարտությունը նշանակում է հանրության կողմից եռակի մերժում` ընտրողը մերժեց ե՛ւ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին` իր կառավարման ժամանակաշրջանով հանդերձ, ե՛ւ նրա ժամանակաշրջանում իրականացվող վայրի լիբերալիզմի տնտեսական կործանիչ քաղաքականությանը, ե՛ւ նրա դավաճանական պարտվողականությանն ու թուրքասիրությանը: 
Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՕԵԿ/ՀՎԿ-ին, ապա ԱԺ անցողիկ շեմը այդ ուժի կողմից չհաղթահարելը նշանակում է ընտրողի, ինչպես անվստահությունը ՕԵԿ-ական մշտական պոպուլիզմի հանդեպ, այնպես էլ այդ քաղաքական ուժի պատեհապաշտության, կողմնորոշումների սրընթաց փոփոխությունների մերժումը: Իհարկե, իր դերը խաղաց նաեւ այն, որ ՀՎԿ-ի քարոզարշավում կազմակերպվածությունն անթերի չէր, բայց վճռորոշը, անշուշտ, վերը նշված համակարգային արատներն էին: 
Այսպիսով, 2017-ի ընտրություններին ընտրողը «ոչ» ասաց առաջին եւ երկրորդ նախագահներին, իրենց դարն ապրած կոսմոպոլիտ գաղափարական ուսմունքներին, պարտվողականությանը, օլիգարխիկ-կրիմինալ համակարգին, ծայրահեղական-հեղափոխական գործելակերպին, անսկզբունքայնությանն ու անհիմն պոպուլիզմին: Անհիմն պոպուլիզմի հանգամանքը, գումարած օլիգարխիկ տարրերը նաեւ պատճառ հանդիսացան, թե ինչու Ծառուկյան դաշինքը ավելի համեստ ցուցանիշներ արձանագրեց, քան արձանագրել էր ԲՀԿ-ն 2012-ին:   

ՈՒՄ ՎՍՏԱՀԵՑ ԸՆՏՐՈՂԸ

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ցուցանիշների աճը վկայում են, որ աճել է ընտրողի համակրանքն ու վստահությունը ազգային հենքով գաղափարախոսությունների հանդեպ` ՀՀԿ-ի ազգային պահպանողականության եւ ՀՅԴ-ի ազգային սոցիալիզմի: Խոշոր հաշվով, այդ երկու ուժերն էլ զերծ մնացին չհիմնավորված խոստումներից եւ պոպուլիզմից, դրսեւորեցին հաստատակամություն եւ հավատարմություն` փոփոխությունների էվոլյուցիոն ճանապարհին: 
Այդ իշխանական կուսակցությունների արձանագրած վերելքը նաեւ արդյունք է սահմանադրական փոփոխությունների ու կառավարման ավելի լավ մոդելի անցմանը: Եթե դիտարկենք իրավիճակը 2012-ին եւ հիմա, ապա, եթե առաջ օլիգարխիկ տարրերը ինչ-որ տեղ թելադրող էին իշխող կուսակցությունում, այժմ նրանք կախում ունեն նույն իշխող կուսակցությունից: Ընդ որում, օլիգարխիկ ոչ քիչ թվով դեմքեր ընդհանրապես դուրս են մղվել քաղաքական դաշտից, մի մասն էլ ծվարել է ոչ իշխանական ուժի կարգավիճակ ունեցող Ծառուկյան դաշինքում: ՀՀԿ-ի հաջողության կարեւոր բաղադրիչ է, անշուշտ, վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ունի բարձր վարկանիշ եւ քվեարկության արդյունքնում շարունակելու է գլխավորել կառավարությունը: 
Որպես այդպիսին` ՀՀԿ-ն ունի մեծամասնություն` միայնակ կառավարություն ձեւավորելու համար: Սակայն, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ի հետ կազմած կոալիցիոն հուշագրի ոգուն համապատասխան, շարունակվելու է կոալիցիոն համագործակցությունը դաշնակների հետ: Բայց, ամենայն հավանականությամբ, այդ կոալիցիայում ՀՅԴ-ի քվոտաները ինչպես կառավարությունում, այնպես էլ մարզպետարաններում, նախորդի համեմատ նվազելու է: 
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա խորհրդարանական հիմնական ընդդիմության գործառույթը ստանձնելու է «Ելք» դաշինքը: Անշուշտ, Ծառուկյան դաշինքն էլ ունենալու է ընդդիմադիր դրսեւորումներ, սակայն այն չի կարող լինել վառ արտահայտված ընդդիմություն, քանզի հիմնականում ներկայացված է խոշոր եւ միջին բիզնեսով, այսինքն` այն տարրերով, որոնք դժվար թե  նախապատվելի համարեն իշխանության հետ հակամարտելու ռիսկերը: 

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Անշուշտ, իր դերն ու նշանակությունը ունենալու է եւ արտախորհրդարանական ընդդիմությունը: Այդ ուժերի մի մասը լուծարվելու է եւ ձուլվելու է այլ կուսակցություններին, ոմանք պարզապես անցնելու են պատմության գիրկը: ՀՎԿ-ն միգուցե կարողանա ունենալ քաղաքական ապագայի հեռանկարներ, եթե դասեր քաղի սեփական պարտությունից, իսկ ինչ վերաբերում է դուրս մնացած լիբերալ ուժերին, ապա նման է, որ այդ ուժերի բեկորների մի մասը դառնալու են Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցության բաժին, որն ունի ոչ միայն լիբերալ արեւմտամետ, այլեւ ազգայնական շեշտադրումներ: 
Իսկ հետընտրական շրջանի տեսանկյունից` այս ընտրությունները թերեւս առաջինն են, որ անցնում են առանց հետընտրական ընդվզումների: Որ ընտրողների քվեն ճիշտ հասցվել է իր տեղը, փաստում են գրեթե բոլորը: Դա վերաբերում է ե՛ւ ԲՀԿ-ի, ե՛ւ «Ելքի» հետընտրական հայտարարություններին: ՀՎԿ-ն դեռեւս դեպրեսիայից դուրս չի եկել, սակայն հայտնի է, որ չի պահանջելու արդյունքների վերանայում: ՕՐՕ-ն թեեւ մերկապարանոց խոսում է ոչ լեգիտիմության մասին, սակայն նրանց միակ գործնական պահանջն է, որպեսզի ուսումնասիրվի ընտրությունների ընթացքում վերցված մատնահետքերի ամբողջ բազան` համընկնումների տեսանկյունից, որպեսզի հաստատվի կամ հերքվի կեղծ անձնագրերով կրկնաքվեարկությունների իրենց կասկածը: 
Միջազգային գնահատականների տեսակետից էլ, ըստ էության, ոչ ոք էական ոչինչ չի արձանագրել: Եթե օբյեկտիվ լինենք, ապա մեր խորհրդարանական ընտրությունները որակով հաստատ ավելի լավն են, քան ԱՄՆ-ի 2016-ի նախագահական ընտրությունները: Ի դեպ, Ամերիկայի հայկական համագումարը առավել քան դրական գնահատական է տվել ընտրություններին, իսկ ԵԺԿ նախագահն էլ ՀՀԿ-ին շնորհավորել է «տպավորիչ հաղթանակի» առնչությամբ: Նույնիսկ եզի տակ հորթ փնտրելու սկզբունքով գործող ՀԿ-ները էական ոչինչ չեն հայտնաբերում, եւ ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը, հետեւելով ուսուցիչների գաղտնաձայնագրությամբ աչքի ընկած Դանիել Իոաննիսյանի ասուլիսին, արձանագրել է սույն քաղաքացիական աշխուժակի հետեւյալ «ինքնախոստովանական ցուցմունքները». 
1. Կրկնաքվեարկություններ չեն եղել,
2. Լցոնումներ չեն եղել,
3. Կեղծ անձնագրերով քվեարկություններ չեն եղել,
4. Ընտրակարուսել չի եղել,
5. Ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքեր չկան:
Այսինքն` այս ընտրությունների լեգիտիմությունը, ըստ էության, անվիճելի է, եւ անվիճելի է` առաջին հերթին հենց քաղաքացիների համար: Եվ հիմք ընդունելով այդ լեգիտիմությունը` Սերժ Սարգսյանի վարչակազմն ու ՀՀԿ-ն կարող են համարձակորեն շարունակել բարեփոխումները, չխուսափել անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտներից, ինչպես օլիգարխիայի, այնպես էլ արտաքին ուժերի հետ: 
Մյուս կողմից` լեգիտիմության անվիճելիությունը նաեւ այն գործոնն է, որը բացառում է խոշոր հանրահավաքները, ցույցերը եւ հետընտրական այլ ընդվզումները, առավել եւս` մայդանի տեսքով: Չէ՞ որ արդյունավետ փողոցային բողոքների համար դրսից բերված կամ վարձու խռովարարաների առկայությունը շատ քիչ է, անհրաժեշտ է ժողովրդի գոնե մի մասի իրական դժգոհությունը` կոնկրետ ընտրությունների արդյունքից: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА