ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ  ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ

04.04.2017 19:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ  ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵԿՏՈՐԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ


Այսպիսով՝ ավարտվեցին հերթական ընտրությունները: Չնայած` սա նաեւ մեծ աչքալուսանքի առիթ է. առաջիկա հինգ տարիներին այլեւս համապետական ընտրություններ չեն լինելու: Այսինքն՝ հեռու կմնանք նաեւ այս համընդհանուր գերնյարդային վիճակներից: Ու, միաժամանակ, այն ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրավիճակը, որոնք առաջ են բերում այս ընտրությունները, կպահպանվի առաջիկա հինգ տարիներին: Այսպիսով, ընտրությունների արդյունքները ինչ են խոստանում Հայաստանի արտաքին քաղաքականությանը:ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՋԱԽՋԱԽԻՉ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Այն, որ հայաստանյան ընտրությունները իրենց մեջ պարունակում  էին ռուս-ամերիկյան գլոբալ պայքարի մեծ բաղադրիչ, ի սկզբանե էլ ակնհայտ էր: Համենայնդեպս` փաստ էր, որ ընտրություններին մասնակցող ուժերի մի զգալի մասը կենտրոնացած էին հենց դրանց վրա: Իսկ դա արտահայտվում էր ԵՏՄ-ից դուրս գալու ու ԵՄ մտնելու առաջարկները իրենց ծրագրային դրույթների առաջնային հատվածներում ներառելով: Թեեւ, իհարկե, այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչպես էին այդ խոստումներն իրականացնելու: Չնայած` այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող որոշ ուժեր, ինչպես, օրինակ՝ ամերիկյան ծագման երկու նախկին ՀՀ ԱԳ նախարարներ ունեցող «ՕՐՕ» դաշինքը նաեւ ուղղություններն էր մատնանշում. կոշտ պայքարով հասնել իշխանափոխության ու անմիջապես էլ ԵՏՄ-ից դուրս գալու որոշում կայացնել: Ավելին, լրատվամիջոցներն անգամ ակնարկեցին, որ այդ կոշտ պայքար ասվածի տակ մինչեւ իսկ պետք է հասկանալ ՊՊԾ գնդի գրավման օրինակի կրկնությունը: Իսկ այն, որ ՊՊԾ գնդի այդ նախկին պատմության նկատմամբ այն ժամանակ, մեղմ ասած, անտարբեր չէր մեր տեղական ամերիկյան դեսպանատունը, ժամանակին շատ է խոսվել` ընդհուպ մինչեւ լրատվական այն հաղորդագրությունների տեսքով, որ այդ օրերին հայաստանյան այս հսկայական դեսպանատանը գտնվում էին նաեւ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ՝ պետք եղած պահին գործելու հրահանգով:
Իհարկե, դրանից հետո շատ բան է փոխվել: Այդ թվում՝ ԱՄՆ-ում իշխանության է եկել Թրամփը, ով եւս ամերիկյան նախկին սուպերլիբերալ պաշտոնական քաղաքականության թիրախի դերում է: Այսինքն՝ հենց այդ նույն այդ ուժերն են, որոնք հիմա փորձում են տապալել Թամփին, ժամանակին զբաղված էին տարբեր երկրներում «հեղափոխություններ» կազմակերպելով եւ նմանատիպ փորձեր էլ արեցին Հայաստանում: Ու նկատենք, որ նույն անձինք Թրամփի պաշտոնավարումից հետո չեն փոխվել, դեռ Հայաստանում են: Բայց, եթե նախկին ջանասիրությամբ ներգրավված մնային «հեղափոխական» ծրագրերի մեջ, թերեւս, առաջին հերթին, հենց իրենց վերադասին՝ թրամփական դարձած Պետդեպարտամենտին էին հաշիվ տալու, թե այդ ինչով էին զբաղված:Եվարդյունքում` նկատենք, որ, ըստ հրապարակային մի շարք պնդումների, երբ Օսկանյանը փորձեց Սամվել Բաբայանի ձերբակալության թեմայով արեւմտյան դեսպանների աջակցությունը ստանալ, նրանք գերադասեցին չխառնվել:
Ընդհանրացնենք. ասել, թե պաշտոնական Վաշինգտոնը ծանրակշիռ փորձեր արեց հայաստանյան խորհրդարանում սովորականի նման երկու խմբակցություններ ունենալու ուղղությամբ, հիմքեր չկան: Բայց  դեռ Օբամայի ժամանակներից իրենց սուպերլիբերալ քայլերով հայտնի հայաստանյան որոշ արեւմտյան դիվանագիտական ներկայացուցիչներ փորձեցին խառնվել, բայց սահմանափակ քայլերով: Ու սրանից հետո պատահական չէր ընտրություններին մասնակցող բացահայտ լիբերալիստական հայացքներով ուժերը, այդ թվում՝ «Ազատ դեմոկրատները», «Կոնգրեսը», «ՕՐՕ»-ն ջախջախիչ պարտություն կրեցին: Իր տրամաբանությունն ուներ նաեւ ժամանակին անգլիական դեսպանի հետ կապերով «հռչակված» Արթուր Բաղդասարյանի պարտությունը: ԵՏՄ-ից հրաժարվել եւ ԵՄ գնալ քարոզողներից միայն «Ելք»-ն էր, որ հաղթահարեց նվազագույն շեմը: Բայց «Ելք»-ը կարողացավ քարոզարշավի ընթացքում իր արեւմտամետ տոնայնությունը մասամբ քողարկել ընդդիմադիր բնույթի քարոզների տակ: Այսինքն՝ այս ուժի խորհրդարան անցնելը ամենեւին էլ չի նշանակում, թե լիբերալ գաղափարախոսությունը հասարակության մեջ անցողիկ շեմ ապահովելու չափով տարածվածություն ունի: Ընդհակառակը՝  արեւմտամետ ուժերի այս ծանր պարտությունը միանշանակ ապացուցում է, որ այդ գաղափարախոսությունը Հայաստանում տասը տոկոսանոց վարկանիշից այն կողմ չի անցնում: Իսկ դա այն փոքր թիվն է, որի պարագայում չի ապահովում նաեւ «գունավոր հեղափոխության» համար անհրաժեշտ կրիտիկական մասսա, ինչը արեւմտյան դեսպանները եւս մեկ անգամ տեսան:

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» 
ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 
ՇԱՏ ՑԱԾՐ Է
Այսպիսով, թերեւս հենց սա էլ դարձավ այդ ընտրությունների գլխավոր աշխարհաքաղաքական իմաստը: Այն է՝ առաջիկա հինգ տարիներին, եթե, իհարկե, չլինեն ֆորսմաժորներ, Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը կպահպանվի ԵՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի, ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ուղղությամբ: Ընդ որում, համապետական ընտրություններ չեն սպասվում, այսինքն՝ չկա նաեւ դրանց միջոցով այդ վեկտորը փոխելու տարբերակը:
Մյուս կողմից էլ, ինչ խոսք, ընտրությունները «հեղափոխություններ» կազմակերպելու հարցում պարտադիր պայման չեն. միշտ էլ կարելի է ցանկացած առիթով նման փորձեր կատարել: Բայց այս ընտրությունները առանձնահատուկ են նաեւ նրանով, որ սպառնում են գործնականում քաղաքական արենայից դուրս մղել արեւմտամետ հիմնական ուժրին: Օրինակ՝ դժվար է հավատալ, որ դուրս մղվելով խորհրդարանից, «Ժառանգությունը» կպահպանի իր գոյությունը: Առավել եւս, որ այն մինչ ընտրություններն էր մասնատվել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հազիվ մի քանի օրով ԱՄՆ-ից Հայաստան եկավ նախընտրական արշավին մասնակցելու համար, հավանաբար արդեն մշտապես կվերադառնա տուն:
Ասենք, այս ծանր պարտությունից եւ խորհրդարանում դիրքերը կորցնելուց հետո նույն հեռանկարն է սպասվում նաեւ «ՀԱԿ»-ին, ավելի կոնկրետ՝ դեռ Տեր-Պետրոսյանին հավատարիմ մնացած եւ, ինչպես գրեթե միշտ է լինում, նրա կողմից բարեհաջող կերպով «քցված» անձանց: Վերջապես, խորհրդարանից դուրս մնացող «Ազատ դեմոկրատները» եւս հազիվ թե իրենց ներկայիս հայացքներով հետագայում քաղաքական դաշտում մնալու լուրջ հայտ ներկայացնելու հնարավորություն ունենան:
Այսինքն՝  Արեւմուտքը գործնականում կորցնում է այն հին գործիքները, որոնց միջոցով մինչ այս կարողացել է ազդել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա: Ճիշտ է, կա նաեւ այլ գործիքակազմ՝ տարբեր «քաղաքացիական» շարժումները, «իրավունքների» պաշտպանները եւ մնացած բոլոր խայտաբղետ փոքրամասնությունները: Բայց Հայաստանի նման փոքր երկրում այդ կարգի անձինք եւս վաղուց են բացահայտվել ու քանիցս ապացուցել իրենց անէֆեկտիվությունը: Ու, միաժամանակ, մեր երկրի փոքրաքանակությունը հնարավորություն չի տալիս այդ գործիքակազմը մշտապես թարմացնել: Այսինքն, եթե անգամ առաջիկա հինգ տարիներին «հեղափոխական» փորձեր լինեն, քիչ հավանական է, որ դրանք կարող են արդյունք տալ:

ԱՐՑԱԽԸ 
ԿԴԱՌՆԱ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆԸ
Արդյունքում՝ գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առաջիկա առնվազն հինգ տարիներին Հայաստանը կպահպանի իր ներկայիս աշխարհաքաղաքական վեկտորը: Այն է՝ լինելով ՌԴ-ի նախաձեռնությամբ ստեղծված միջպետական կառույցների անդամ, միեւնույն ժամանակ, փորձել նորմալ հարաբերություններ պահպանել Արեւմուտքի ու դրանից էլ առաջ՝ մեր հարավային հարեւան Իրանի եւ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական ուղղության հետ: Իհարկե, սա այն դեպքում, եթե ՌԴ-ի ստեղծած այդ միջպետական կառույցները՝ ԵՏՄ-ն եւ ՀԱՊԿ-ը ոչ միայն շարունակեն գոյատեւել, այլ ռեալ զարգացման հուն մտնեն: Թեեւ ներկայիս իրողությունները հուշում են, որ Ռուսաստանը գտնվում է աշխարհաքաղաքական վերելքի մեջ: Այսինքն՝ գոնե այս պահին տեսանելի չեն այն գործոնները, որոնք կարող են նշված կառույցների գործունեության դադարեցման պատճառ դառնալ:
Ընդհակառակը՝ տեսանելի են փաստեր, որ ԵՏՄ-ն սկսել է զարգացման ակտիվ փորձեր ձեռնարկել Իրան-Մերձավոր Արեւելք ուղղությամբ: Օրինակ՝ դա պարզ ցույց տվեց Իրանի նախագահի վերջերս Մոսկվա կատարած այցի արդյունքները: Իսկ երբ օրակարգային է դառնում ԵՏՄ-Իրան հարաբերությունների թեման, ապա դժվար չէ կռահել, որ դա ինչպես Միության, այնպես էլ՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանին խոստանում է դիրքերի էական ամրապնդում, որը հուսանք, որ նաեւ համապատասխան տնտեսական էֆեկտ կունենա մեր երկրի վրա:
Այսպիսով, ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարիների Հայաստանի գլոբալ պատկերը տեսանելի է: Սակայն այդ ամենը միշտ էլ հարցականի տակ է պահում ղարաբաղյան խնդիրը: Թե ինչ սպասելիքներ կան այս ուղղությամբ, վերջերս խոսելու առիթներ քանիցս ունեցել ենք եւ չկրկնենք: Բայց նաեւ աչքի առաջ առնելով, որ ղարաբաղյան թեման այն բարդ հարցերից է, որն իր հիմքում ցանկացած պահի ամեն մի անսպասելի ուղղությամբ էլ ընթանալու պոտենցիալ ունի: Մի խոսքով, թերեւս հենց այս ուղղության վրա էլ ընտրություններից հետո կկենտրոնանա Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուշադրությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА