ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ՄԵՐԺՎԵՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

04.04.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՎ ԵՎ ԻՆՉՈՒ ՄԵՐԺՎԵՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Հետընտրական առաջին օրն ավարտվեց, սակայն, կարծես թե, փողոց դուրս եկող եւ հանրահավաք անող չկա: Ինչ վերաբերում է Սփյուռքից եկած հայտնի «դեսանտին», ապա ասում են, որ փողոցում չգտնելով ժողովուրդ, ում կարելի էր միանալ, այդ մարդիկ որոշել են գնալ Արցախ եւ զբաղվել իրենց ուղղակի մասնագիտական գործով. Սերժ Թանկյանը` համերգով, Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը` ֆիլմ նկարահանելով: 
ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ՈՒ ՄԵՐԺՎԱԾՆԵՐԸ
Նախնական արդյունքը հայտնի է, եւ ըստ դրա պարզ է, որ ԱԺ-ում լինելու են չորս քաղաքական ուժ` ՀՀԿ, Ծառուկյան դաշինք, «Ելք» դաշինք եւ ՀՅԴ. 
«Ելք» դաշինք` 122.049 ձայն կամ 7.77%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն`  14.746 ձայն կամ  0.94%, «Հայկական վերածնունդ» կուսակցություն` 58.277 ձայն կամ 3.71%, Ծառուկյան դաշինք` 428.965 ձայն կամ 27.32%, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք` 25.975 ձայն կամ  1.65%, Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 771.247 ձայն կամ  49.12%, Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 11.745 ձայն կամ 0.75%, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք` 32.504` 2.07%, Հայ Յեղափոխական Դաշնակցություն` 103.173 ձայն կամ 6.57%: 
Ըստ այդմ, արդեն պարզ է, թե ով քանի մանդատ է ունենալու խորհրդարանում. ՀՀԿ-ն` 55, Ծառուկյան դաշինքը` 30, «Ելք» դաշինքը` 9, ՀՅԴ-ն` 7: Եվ հաղթածների եւ պարտվածների արդյունքները, բնականաբար, ունեն իրենց բուն պատճառը: Զորօրինակ, ՀՀԿ-ի կողմից անվիճելի հաղթանակը պայմանավորված է նրանով, որ հանրությանը միանգամից ներկայացվել էր ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն, իսկ ինչպես հայտնի է, խորհրդարանական համակարգի հիմնասյուներից մեկը հենց խորհրդարանական մեծամասնության կողմից վարչապետի ընտրությունն էր: Ու բնական էր, որ հենց վարչապետ Կարեն Կարապետյանն այդքան ատիվ էր ընտրարշավում, քանի որ թեեւ ՀՀԿ համամասնական ցուցակում ինքը չկա, բայց ընտրելով ՀՀԿ-ին, մարդիկ ընտրում էին հենց Կարեն Կարապետյանի վարչապետությունը: Ինչն էր շատ կարեւոր, որ ՀՀԿ-ի կողմից հեքիաթային խոստումներ չհնչեցին, արտաքին քաղաքական գծի վերաբերյալ շատ հստակ դիրքորոշում ներկայացվեց, եւ վերջապես ՀՀԿ-ն թերեւս ընտրարշավի մասնակիցներից միակն էր, որ ազգային պահպանողականության դիրքերից ներկայացրեց իր մոտեցումը բուն ազգային արժեքների նկատմամբ: Ծառուկյան դաշինքին ընտրողները պարզապես ժողովրդի այն հատվածն է, որ իր կերպով ու նմանությամբ իրեն «թագավոր» էր ընտրում, այնպես որ, այդ քաղաքական ուժն ու նրա ընտրողները լիովին իրար համապատասխանում են: 
Ինչ վերաբերում է «Ելք» դաշինքին, ապա ի դեմս այդ ուժի, ընտրողները տեսան տառապյալ թույլիկի կերպարանք չընդունող գործնական ընդդիմադիր ուժ: 
Դե, իսկ ՀՅԴ-ի պարագայում ընտրությունից ընտրություն այդ կուսակցությանը քվե է տալիս իր ընտրազանգվածը, որը յուրահատուկ է եւ պատկանում է միայն ՀՅԴ-ին: 
Իսկ մերժվածներն են ՕՐՕ-ն, ՀԱԿ-ՀԺԿ-ն, «Ազատ դեմոկրատները», կոմունիստները եւ «Հայկական վերածնունդը»: Ըստ էության` երկու տասնամյակ ընդդիմությունը խոսում էր իշխանափոխությունից, սակայն ընտրությունների արդյունքում եղավ ընդդիմափոխություն: 

ԾԱՅՐԱՀԵՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ 
ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՄԵՐԺՈՒՄ
Սկսենք մեկ տոկոսից քիչ ստացածներից` «Ազատ դեմոկրատներից» եւ կոմունիստներից: Անշուշտ, այդ երկու ուժն էլ բավականին քիչ նախընտրական ջանք ներդրեցին, բայց աստեղ մատնանշենք եւ մեկ այլ ընդհանրություն` երկուսն էլ հստակ գաղափարախոսությունների կրող են: Մեկը` մաքուր, զտված արեւմտամետության, երկրորդը` մաքուր կոմունիզմի: Եվ, խոշոր հաշվով, երկու գաղափարախոսություններն էլ մերժվեցին ընտրողի կողմից: Բայց, օրինակ, «Ելք» դաշինքը իր արեւմտամետությամբ առանձնապես չի զիջում «Ազատ դեմոկրատներին», սակայն ընտրարշավին ցցում էր ոչ թե իր աշխարհաքաղաքական կողմնորոշումը, այլ` մարտնչող ընդդիմադիր լինելը, կամ գոնե այդպիսի տպավորություն թողնելը: 
ՀԱԿ-ՀԺԿ-ին երկու տոկոս էլ պակաս քվե հասավ շատ պարզ պատճառով` հանրությունը կտրականապես մերժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմակիցների կողմից քարոզվող «հող խաղաղության դիմաց» դավաճանական մոտեցումը: Ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը վռնդվել է երկու անգամ. առաջին անգամ Վազգեն Սարգսյանի կողմից, ով որպես պատերազմ անցած պաշտպանության նախարար շատ լավ գիտեր, որ «հողն է կարեւոր, իսկ փողը թուղթ է», իսկ երկրորդ անգամ հիմա` արդեն ժողովրդի քվեով: Անշուշտ, դա շատ լավ է, որ մեր ժողովուրդը մերժում է հողատուներին, սակայն, այնուամենայնիվ, այդ դաշինքը գրեթե 26 հազար քվե ստացավ: Այսինքն` կան 26 հազար պոտենցիալ վահանմարտիրոսյաններ, պարզապես բարեբախտաբար, նրանք կազմակերպված չեն եւ, կոպիտ ասած, չեն համարձակվում գլուխներն իրենց բներից հանել: 
Շատ կարեւոր էր ընտրողների կողմից ՕՐՕ-ի մերժումը` այդ հավակնոտ եւ ծայրահեղական մոտեցումներով աչքի ընկնող դաշինքը ստացավ ընդամենը երկու տոկոս: Մի կողմից` դա նշանակում է, որ հանրությունը մերժում է ծայրահեղ գաղափարները խռովությամբ, մայդանով, քաղաքացիական պատերազմի ուղիով առաջ տանելը, ինչն ուղղակի բխում է ինքնապահպանման բնազդից մեր բարդ տարածաշրջանում, մյուս կողմից` դա փաստում է մեր հանրության լավ հիշողության իրողությունը: Հանրությանը, ըստ էության, չմոռացավ այդտեղ առկա նախկին պաշտպանության նախարարի եւ երկու նախկին արտգործնախարարների անցյալը, ինչպես նաեւ անընդունելի համարեց այդ թիմի մաքուր «աբիժնիկական» կեցվածքը: Չմոռացավ եւ այն, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը չորս տարի առաջ կոյուղի լցրեց այնպիսի հսկայական քաղաքական կապիտալը, ինչպիսին են 550 հազար քվեները: Դե, քաղաքական կապիտալի հետ այդպես վարվողին որեւէ ողջամիտ ընտրող քվե չի տա` դա նույնն է, որ գումար տաս խաղամոլին: 
Ըստ էության, ընտրողների մերժման շնորհիվ նույն ՕՐՕ-ին շանսեր չեն մնացել իրականացնելու մայդանային խռովություն: Ճիշտ է, մի շարք գրանտակեր ՀԿ-ներ, օգտվելով մեր օրենսդրության բացերից, գրեթե հազար օտարերկրացի էին գրանցել` որպես տեղական դիտորդ: Այսինքն` դրսից ներմուծած մայդանային դեսանտն ապահովված էր: Սակայն քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ պարզապես այդ դեսանտին միացող ժողովուրդ չի լինելու: 
Այսպիսով, մեր ընտրողը մերժեց հեղափոխական ծայրահեղականությունը, ինչպես նաեւ մերժեց անցյալին պատկանող այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսիք են` ծայրահեղ լիբերալիզմը, կոմունիզմը եւ անհայրենիք պացիֆիզմը: Բայց ընտրողը մերժեց նաեւ Արթուր Բաղդասարյանի կուսակցությանը: Չփրկեց անգամ բրենդափոխությունը, նոր դեմքով ներկայանալու ճիգը: Ուղղակի այստեղ էլ իր դերը խաղաց լավ հիշողությունը, քանզի ընտրողները չեն մոռացել, թե նույն Արթուր Բաղդասարյանը քանի անգամ է փոխել կողմնորոշումը: Եվ լավ է, որ կողմնորոշումն արագ փոխող ուժերը մերժվում են ընտրողների կողմից, որ գոնե հաստատակամության հանրային պահանջը կա: 
Անշուշտ, ընտրության ելքից դժգոհողները քիչ չեն: Սակայն փաստը մնում է փաստ, որ ընտրատեղամասերում լիովին ապահովված էր ընտրողի` փակ գաղտնի քվեարկությամբ իր կամքն արտահայտելու իրավունքը, եւ բազմաթիվ, նույնիսկ ավելցուկային մեխանիզմներով ու տեխնիկական միջոցներով ապահովված էր քվեների ճիշտ հաշվարկը: Այլ հարց է, թե որ դրդապատճառներով ընտրողն ինչպես է կողմնորոշվում, այդտեղ կա ընտրողը եւ իր սեփական խիղճը: Ժողովրդավարակա՞ն էր մեր ընտրությունը` անշուշտ ժողովրդավարական էր, եւ ժողովրդավարության մակարդակով չէր զիջում դասական ժողովրդավար եւ ոչ մի երկրին: Պարզապես, ինչպես ֆեյսբուքյան իր էջում արտահայտվել էր 20-ամյա մի ազգայնական` ժողովրդավարությունն այն է, որ, եթե հիմա կենդանի լիներ Հովհաննես Թումանյանը, նրա իրավունքը եւ գիշերային ակումբում պարող մերկապարուհու իրավունքը լրիվ հավասար էին լինելու: Արդյո՞ք ժողովրդավարությունը լավ է, թե` վատ, դա արդեն սույն նյութի խնդիրը չէ, առավել եւս, որ անցյալի բազում մեծ մտածողներ ամեն ինչ ասել են` ե՛ւ կողմ, ե՛ւ դեմ:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА