ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ

31.03.2017 19:50 ԶԱՐԿԵՐԱԿ
ՌԴ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ  ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԴԱՌՆԱ՞ ԿԱՊՈՂ ՕՂԱԿ

Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում ստորագրվել են համագործակցության մի շարք պայմանագրեր: Դրանցից մեկն էլ այն մասին է, որ Թեհրանը եւ Մոսկվան պատրաստ են համագործակցել Հարավային Կովկասում, այդ թվում՝ ներգրավելով երրորդ երկրի: Ի՞նչ է ենթադրում սա, այստեղ ինչ դեր կարո՞ղ է ստանձնել Հայաստանը: Հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԻՏՎԱԾ ԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԻՐԱՆԻ ԴԻՐՔՈՇՈՒՄԸ` ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՐՑՈՒՄ

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆ.

- Իրանի եւ Ռուսաստանի համագործակցությունը երբեմն կրում է շատ խորը բնույթ: Հայաստանն ունի չափազանց լավ հնարավորություններ՝ դառալու երրորդ երկիրը: Հաշվի առնելով մի շարք առավելություններ, որոնցից առաջինը Հայաստանի` ԵԱՏՄ անդամ լինելն է, իսկ երկրորդը` Իրանի հետ ցամաքային ճանապարհն է, որի շրջանակներում էլ ՀՀ կառավարությունը Մեղրիի տարածաշրջանում առաջիկայում ստեղծելու է ազատ տնտեսական գոտի: Կարելի է ենթադրել, որ ԵՏՄ անդամ տարբեր երկրներ, ըստ էության, համակարգում են երրորդ երկրների հետ համագործակցության հեռանկարները: Այս համատեքստում, Հայաստանին Իրանի ուղղությամբ ինչ-որ առումով դերակատարություն է տրվել: Անշուշտ, պետք է լինել իրատես եւ չբացառել վատատեսական սցենար, որ նման դերակատարություն կարող է ստանձնել նաեւ Ադրբեջանը: Հաշվի առնելով այս հանգամանքը, կարծում եմ, հայկական կողմն ակտիվությունը պետք է մի փոքր ավելացնի: Ըստ իս, մենք պետք է հանդես գանք՝ ներկայացնելով մեր հնարավորությունները, ցույց տալով, որ թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի համար անհամեմատ ավելի ձեռնտու է, որ նման դերակատարություն ստանձնի Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը: 

ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ.

- Կովկասում են գտնվում Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը, եւ կոնկրետ պարզ չէ, թե Մոսկվայի ու Թեհրանի հետ որ երկիրը կհամագործակցի: Այստեղ մենք տեսնում ենք Ադրբեջանի հետ բավականին ակտիվ համագործակցություն` տնտեսական ոլորտում եւ երկաթգծի հետ կապված: Բայց կան համագործակցության լուրջ ծրագրեր Հայաստանի հետ: Այսինքն` երրորդ երկրին նեգրավելու մասին հայտարարությունը, թե որ երկրին են հղում տալիս, հստակ չէ: Գիտենք, որ երկաթգիծը, որը Իրանն Ադրբեջանի միջոցով կապելու է Ռուսաստանին, ակտիվ կառուցվում է, եւ մոտ ապագայում, գոնե իրանական մամուլի տեղեկություններով, պետք է այն պատրաստ լինի: Բայց կա մեկ այլ հարց, ԵՏՄ համագործակցության շրջանակներում բավականին մեծ ներգրավվածություն ունի Հայաստանը: Ահա այստեղ մենք ջանք ու եռանդ չպետք է խնայենք, որպեսզի կարողանանք այդ համագործակցության մեջ դառնալ կապող օղակ եւ մեր պետական շահերն այստեղ առաջ տանել:

Երեւանի տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի եւ բիզնեսի կառավարման ամբիոնի վարիչ, տնտեսագետ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԵԼԻՔՅԱՆ.

- Ցանկալի կլիներ, որ այդ երրորդ երկիրը լիներ հենց Հայաստանը, բայց այստեղ նախաձեռնություն է հարկավոր: Պետք է նկատեմ, որ մենք մեր անձնական շահերի համար շատ նախաձեռնող ենք, բայց երբ հարցը վերաբերում է պետությանը, ոչինչ չենք անում: Սա մեզ համար հարմար առիթ է՝ օգտվել Մոսկվայի եւ Իրանի համագործակցությունից, հակառակ դեպքում դա կանի կա՛մ Ադրբեջանը, կա՛մ Վրաստանը: Ճիշտ է, երկու երկրների ղեկավարները երրորդ երկրի անունը չեն հիշատակել, բայց մեծ ցանկության դեպքում, կարող է այն դառնալ Հայաստանը: Մենք պետք է կարողանանք շահագրգռել երկու երկրներին, բայց փոխարենը նստում սպասում ենք, թե ով մեզ համագործակցության առաջարկ կանի: Մինչդեռ Ռոհանիի հայտարարությունը նշանակում է, որ Իրանը համագործակցության համար բաց է Հարավային Կովկասի երկրների համար: 

«Շեշտվեց, որ Հայաստանը Թուրքիայի քաղաքականությունը չի հանդուրժելու»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА