ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

‹‹Փշրված պատրանքի մի գիշեր››՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում (տեսանյութ)

24.03.2017 00:00 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԶԴԱԳՐԵՐ
‹‹Փշրված պատրանքի մի գիշեր››՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում (տեսանյութ)

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հեղինակած ‹‹Փշրված պատրանքի մի գիշեր›› բեմադրության առաջնախաղը՝ Գագիկ Մադոյանի ռեժիսուրայով: Ներկայացման գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի ԱՆԻ ԽԱՉԻԿՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում պատմեց, որ հիմքում կին-տղամարդ հարաբերություններն են՝ իրենց խնդիրներով ու բարդույթներով. «Փորձել ենք ներկայացնել հարաբերություններ,որոնց կառուցման ընթացքը բերում հանգեցնում է մի բանաձեւի՝ անկեղծ լինելու ու միմյանց լսելու պարզ կարողության, եւ որ ամեն բան հնարավոր է հաղթահարել,միայն պետք է ցանկություն եւ ամենակարեւորը՝ սեր»:

 Ներկայացման մեջ գլխավոր պրոդյուսերի կերպարը մարմնավորած ԱՐԾՐՈՒՆ ՉՈԲԱՆՅԱՆԻ կարծիքով, հանդիսատեսը կհեռանա թատրոնից իր քայլերի համար պատասխանատու լինելու հոգեվիճակով. «Կարծում եմ՝ հանդիսատեսը կտեսնի կնոջը սիրող, հավատարիմ ամուսին: Հանդիսատեսն իր հետ թատրոնից կտանի անկեղծ լինելու և ընտանիքի առաջ պատասխանատու  լինելու հոգեվիճակ»:

Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի համարում, որտեղ գլխավոր հերոսներ՝ պրոդյուսեր Արթուրը եւ նրա կինը՝ Մերին, իրենց ամուսնական առաջին գիշերն են անցկացնում: Մերիին, սակայն, հանգիստ չեն տալիս անցյալում կատարված իրադարձությունները, որոնց մասին ամուսինը չգիտի: Ամուսնու հետ վերջապես անկեղծանալու նրա փորձը ձախողվում է Արթուրի ընկերոջ անհաջող կատակի պատճառով. կեսգիշերին նրանց սենյակ է ներխուժում դերասանուհի Մագդալենան, որը ֆիլմում գլխավոր դեր ստանալու համար պատրաստ է գիշեր անցկացնել Արթուրի հետ: Ստեղծված դրությունից դուրս գալն ուղեկցվում է հեղինակի և ռեժիսորի կողմից տրված հետաքրքիր լուծումներով՝ համեմված հումորով և անկեղծությամբ:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА